Առակներ

1. ԵՐԿՈՒ  ՆԿԱՐԻՉ

Մի  թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել.
նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց.
«Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց.
«Ես ցույց կտամ իմ գործը»:
Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա:  Եվ թագավորն ասաց.
«Սա մյուսից գեղեցիկ է»:

Վ. Այգեկցի

###

2. Քահանան  և  Ավազակը

Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։
Ավազակը աղաչում էր ու ասում.
– Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։
– Ո՜վ չարագործ,— պատասխանում է քահանան, – հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:
Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։
Մ. Գոշ

###

3. ՄԽԻԹԱՐ  ԳՈՇ

Մի ամգամ աստղերը հավաքվեցին  իմի, և նրանցից ամենածերերն ասեցին.
– Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարող լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
– Որովհետև միաբանությամբ չենք վարվում, – պատասխանեց մեկը:
 Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին: Բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
– Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
 Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

###

4. ԻՎԱՆ ԿՌԻԼՈՎ

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում,-
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ.
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ:

###

5. Թագավորի երեք երազը

Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.
— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.
— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:
Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:
Նա պատասխանում է.
— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։
Ասում է.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։
Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան,որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ,մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտամաչում է գնալ վիշապի մոտ։ Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.
— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։
Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։
Եվ գնալով, մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորըդարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին։
Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։
Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազարդահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի,մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։
Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.
— Ո՜վ մարդ, դու մի տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել,այլ արել ես ժամանակի բերումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ:

###

6. Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզումէր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին,կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
 Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը: 
Եվ գյուղացին ասաց.
– Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:
Հետևություն. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:

###

7. ՀԱԼԱԼ ՄԱՐԴ

Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդ առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջը. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմս է, հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեցօրվա ճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ, և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝որ ոչ ականջ ունի և ոչ էլ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ»: Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան,տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց. «Ինչու՞էիր ծաղրում քո աղջկան»: Եվ նա ասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»:

###

8. ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր,որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

###

9. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության,մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էիշողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերինև վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:
 Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

###

10. ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց.«Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էինիրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառնարտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:

###

One thought on “Առակներ

Leave a Reply