Ինչու՞ են երեխաները լաց լինում

Ինչու՞ են երեխաները լաց լինում

Երեխան կարող է լաց լինել ամենատարբեր պատճառներով, և դուք պետք է սովորեք հասկանալ դրանք: Նորածինների լացը միակ հնարավորությունն է, որով նրանք կարող են բացատրվել Ձեզ հետ և գրավել Ձեր ուշադրությունը: Փոքրիկը հասկացնում է Ձեզ, որ այն աշխարհը, ուր նա մտել է, շատ տարօրինակ է և նույնիսկ իրեն վախեցնող է: Երբ նա կհարմարվի նոր միջավայրին, իսկ դուք, կատարելագործելով երեխային խնամելու Ձեր հմտությունը, կսովորեք հասկանալ, թե ինչն է նրա համար հաճելի, և ինչը` տհաճ, նա ավելի ու ավելի քիչ կլացի:
Քաղցած լինելը երեխայի լացի ամենատարածված պատճառներից է, սակայն դուք շատ շուտով կսովորեք ճչալու ձևից ճանաչել, թե երբ է երեխան ուտել ուզում: Եթե նա քաղցած է, առաջինը, ինչ դուք պետք է անեք, երեխային անմիջապես կերակրելն է: Որոշ ծծկեր երեխաներ լավ ախորժակ են ունենում և 2-3 ժամը մեկ ուտել են ուզում:
Երեխայի դժգոհության պատճառ կարող է լինել շոգը կամ ցուրտը: Նորածին փոքրիկները դեռ ընդունակ չեն կարգավորելու իրենց մարմնի ջերմաստիճանը, շատ հեշտությամբ շոգում են կամ մրսում:
Շատ երեխաներ տանել չեն կարողանում, երբ իրենց մերկացնում են`նույնիսկ տաք սենյակում: Հագնված վիճակում նրանք իրենց ավելի ապահով են զգում, իսկ առանց հագուստի վախենում են և սկսում են լաց լինել: Դա նկատի ունեցեք, և Ձեր ձոքրիկին երկար ժամանակ մերկ մի՛ պահեք, հատկապես նրա կյանքի առաջին ամիսներին: Եթե ստիպված եք եղել երեխային լրիվ մերկացնել, ապա անմիջապես նրան փաթափեք սրբիչի մեջ. այդպես նա իրեն ավելի լավ կզգա:
Հաճախ երեխան լաց է լինում ցավի պատճառով, բայց Ձեզ համար դժվար է որոշել, թե նրա ո՞ր տեղն է ցավում: Եթե Ձեզ համար դժվար է որոշել ցավի պատճառը, ամեն ինչ արեք, որ հանգստացնեք փոքրիկին, և մենակ մի թողեք նրան, մինչև որ բոլորովին չհանգստանա: Երբ երեխան անընդհատ լաց է լինում, շատ գրգռված է, և Ձեզ թվում է, որ նա այնքան էլ առողջ չէ, դիմեք բժշկական օգնության:
Համարյա բոլոր երեխաներն էլ հոգնածությունից լաց են լինում: Ամենալավը` հոգնած երեխային թույլ լուսավորված և տաք սենյակում պառկեցնելն է: Օրորե՛ք նրան, օրորոցային երգեք և մի՛ հեռացեք, մինչև նա հանգստանա և քնի:

Մինչև մեկ տարեկան երեխան շատ է լաց լինում: Սկզբում լացը նրա միակ միջոցն է հայտնելու, որ սոված է, սփոփանքի կարիք ունի, ինչ-որ բան անհանգստացնում է նրան: Բայց 3 ամսական հասակից որոշ բաներ կփոխվեն: Եթե մինչ այդ արթուն ժամանակ նա հիմնականում լաց էր լինում, հիմա նրան հետաքրքրում է իր շրջապատում տեղի ունեցողը: Աղեկտուր լացի նոպաները կպակասեն, իսկ մայրը կսովորի գրեթե անսխալ ծուշակել երեխայի ցանկությունները: Երբ նա լալիս է, մայրը բնազդաբար շտապում է նրան գրկել, փայփայել: Դա հրաշալի է և փոքրիկին երես չի տալիս: Նա պիտի համոզված լինի, որ մայրը միշտ կսփոփի իրեն: Այդ անվերջանալի լացը, իհարկե, երբեմն ծնողներին համբերությունից հանում է, բայց ուրիշ հնար չկա, պետք է համբերել: Մայրը կարող է խորհրդակցել ուրիշ կանանց հետ, հնարավոր է` նրանք ինչ-որ նոր բան խորհուրդ տան:

Leave a Reply