Սեռական կյանքն ու երեխաների անվերջ «ինչուները»

Սեռական դաստիարակությունն սկսվում է ավելի վաղ, ցանկանում եք այդ, թե ոչ։ Աովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը՝ ծնողների հետ։ Սա չափազանց նեղ մոտեցում է դեպի սեռական դաստիարակության պրոբլեմը։ Իր ամբողջ կյանքի րնթացքում երեխան տեղեկանում է կյանքի զանազան երևույթների մասին։ Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով։

Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը։ Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների և կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը։ Օրինակ, եթե տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ։ Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է։ Նրա կենսափորձն այլ բան է ասում։ Երբ երեխան իմանա ամուսնության բնախոսական կողմերի մասին, նա կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերությունների տեսարանը։ Կամ էլ պատկերացրեք մի աղջկա, որ մեծանում Է, համարելով իրեն ավելորդ, քանի որ ծնողները նախապատվությունը տալիս են եղբորը։ Նա միշտ էլ հակակրանք կզգա դեպի տղամարդիկ, քանի որ այն կարծիքին է, թե նրանք օգտվում են կյանքի բարիքներից, իսկ կանայք միշտ զոհ են գնում։ Ոչ մի դասախոսություն, ոչ մի գիրք հակառակը չեն համոզի։ Կյանքում նա ինչ էլ իմանա, ինչ էլ զգա, ամեն ինչ կընկալի այդ տեսանկյունից։ Նույնիսկ եթե ամուսնանա, չի կարողանա հարմարվել ամուսնուն։ Այսպիսով, երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջև եղած ու դեպի երեխան ունեցած նրանց հարաբերություններից։

Երեխաները հարցեր են տալիս մոտավորապես 3 տարեկան հասակում։ Երկուսուկեսից մինչև երեքուկես տարեկան երեխաներն ավելի որոշակի պատկերացում են կազմում սեռական պրոբլեմի հետ կապված երևույթի մասին։ Այդ հասակում երեխան հետապնդում է մեծահասակներին իր անվերջ «ինչո՞ւ»-ներով։ Շատ հնարավոր է, որ հարցնի, թե ինչու տղաներն այնպիսին չեն, ինչպիսին աղջիկները։ Նրա համար դա նույնքան կարևոր Է, որքան մյուս բոլոր հարցերը։ Բայց եթե սկզբից երեխայի մոտ սխալ տպավորություն ստեղծվի, հետագայում խեղաթյուրված պատկերացում կունենա սեռերի փոխհարաբերությունների մասին։

«Որտեղի՞ց են հայտնվում երեխաները»։ Այդ հարցը երեխան կտա մոտավորապես 3 տարեկան հասակում։ Ավելի լավ է միանդամից ասել ճշմարտությունը, քան հորինել որևէ բացատրություն, իսկ հետո ստիպված փոխել։ Աշխատեք պատասխանել շատ պարզ։ Կարող եք ասել. «Երեխան աճում է մոր մարմնի հատուկ մասումե։ Եթե դրանով կբավարարվի, առայժմ հարկավոր չէ ոչինչ ասել։ Բայց մի քանի րոպեից, գուցե և մի քանի ամսից նա կշարունակի իր հարցուփորձը։ Ինչպե՞ս է երեխան ընկնում մոր փորի մեջ ու ինչպես դուրս գալիս այնտեղից։ Առաջին հարցը, հավանաբար, կշփոթեցնի մորը։ Նա կարող է ենթադրել, թե երեխան ուզում է իմանալ բեղմնավորության ու սեռական հարաբերությունների մասին։ Մինչդեռ նա այդ մասին չի էլ կասկածում։ Նա գիտի, որ փորի մեջ ընկնում է այն, ինչ մարդիկ ուտում են և, հավանաբար, մտածում է, որ երեխան էլ կարող էր նույն ձևով հայտնվել այնտեղ։

Ամենապարզ պատասխանը հետևյալն է. երեխան մեծանում է շատ փոքր սաղմից, որ միշտ գտնվում է մայրիկի փորում։ Կանցնեն շատ ամիսներ, մինչև նա կհարցնի, թե ինչ դեր են կատարում հայրերը։ Ոմանք այն կարծիքին են, թե հարկավոր է միանգամից ասել երեխային, որ հայրն էլ է մասնակցում երեխայի հայտնվելուն, իր սաղմը դնելով մոր մեջ։ Գուցե հարկավոր է դա էլ ասել, առանձնապես տղային, որը կարող է նեղանալ, վճռելով, թե տղամարդկանց անտեսել են։ Բայց մասնագետներից շատերը գտնում են, որ պարտադիր չէ 3—4 տարեկան երեխային ստույգ պատկերացում տալ սեռական փոխհարաբերությունների ֆիզիկական ու էմոցիոնալ կողմերի մասին։ Երեխան ամենևին էլ այդ մասին չի հարցրել։ Անհրաժեշտ է երեխայի հետաքրքրությունը բավարարել նրա հասկացողության մակարդակով։
Այն հարցին, թե ինչպես է երեխան դուրս գալիս, կարելի է պատասխանել, որ երբ բավականաչափ մեծանում է, դուրս է գալիս դրա համար նախատեսված հատուկ անցքից (այլ ոչ թե հետանցքից կամ միզածորանից):

Ինչու ոչ արագի՞լը։Կարող եք հարցնել, ավելի լավ չէ երեխային ասել, որ նրան բերել է արագիլը։ Ոչ, և դա ունի մի քանի պատճառներ։ Եթե նրա մայրը կամ մորաքույրը հղի են, ապա կցկտուր խոսակցություններ լսելիս ու կազմվածքի փոփոխություններր նկատելիս, նա կարող է որոշ չափով գլխի ընկնել երեխայի մոտալուտ ծննդյան մասին։ Եթե նման հանգամանքներում մայրը զայրանալով բացատրի այն, ինչ շատ հեռու է ճշմարտությունից, որի մասին նա գլխի է ընկնում, երեխան կհամոզվի, որ իրեն խաբում են։ Բայց եթե 3 տարեկան հասակում գլխի չի ընկնում ճշմարտության մասին, ապա անպայման կիմանա 5, 7 կամ 9 տարեկանում։ Ավելի լավ է երեխային սուտ չասել, որ հետագայում չհամոզվի, թե խաբել եք։ Եթե հայտնաբերի, թե ինչ-ինչ պատճառով չեք համարձակվում ասել ճշմարտությունը, ապա դա ձեր մեջ կստեղծի անջրպետ և կստիպի նրան անհարմար զգալ։ Հետագայում որքան էլ անհանգստացնի այդ հարցը, դժվար թե ձեզ հարցնի որևէ բանի մասին։ Մյուս նկատառումը, ըստ որի ավելի լավ է երեք տարեկան երեխային ասել ճշմարտությունը, այն է, որ նա տալիս է պարզ հարցեր ու գոհանում պարզ պատասխաններով։ Ավելի ուշ ձեզ համար հեշտ կլինի պատասխանել ավելի բարդ հարցերի։

Երբեմն երեխային ճշմարտությունն ասում են այն բանից հետո, երբ բացատրություններ էին տվել արագիլի մասին։ Ճշմարտությունն ու սուտը խառնվում են երեխայի գլխում։ Դա բնական է։ Երեխան հավատում է այն ամենին, ինչ հարցնում է, որովհետև վառ երևակայություն ունի։ Մեծահասակների նման նա չի ձգտում պարզել ճշմարտությունը ու դեն նետել բոլոր սխալ պատասխանները։ Հիշեք նաև, որ մի պատասխանից երեխան բավականաչափ պատկերացում չի կազմի։ Նա մի քանի անգամ կանդրադառնա այդ թեմային, մինչև վերջնականապես չգոհանա։ Զարգացման յուրաքանչյուր նոր փուլում երեխան պատրաստ է լրացուցիչ տեղեկություններ ստանալ այղ թեմայի մասին։

Կարիք չի լինի միանգամից ասել ողջ ճշմարտությունը։ Մանկական հարցերը միշտ էլ անսպասելի են։ Երեխան կարող է հարց տալ խանութում կամ այն ժամանակ, երբ զրուցում եք հղի հարևանուհու հետ։ Աշխատեք զսպել նրան լռեցնելու ցանկությունը։ Եթե կարող եք անմիջապես պատասխանեք։ Իսկ եթե հնարավոր չէ, անտարբեր տոնով ասեք, «Այդ մասին կխոսենք ավելի ուշ։ Կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել ուրիշների ներկայությամբ»։ Բայց այղ խոսակցությունը չդարձնեք հանդիսավոր զեկուցում։ Երբ երեխան հարցնում է, ինչու է խոտը կանաչ կամ ինչու շունը պոչ ունի, չէ որ պատասխանում եք այնպես, որ նրա մոտ տպավորություն ստեղծվի, թե աշխարհում դա ամենաբնական բանն է։ Փորձեք երեխաների ծագման մասին ձեր պատասխանները դարձնել նույնքան բնական։ Դուք ամաչում եք խոսել այդ թեմայի շուրջ, բայց երեխայի համար դա սովորական հետաքրքրության բավարարում է։ Այնպիսի հարցեր, ինչպիսին են. «Ինչո՞ւ երեխաներր չեն ծնվում նախքան ամուսնությունը» կամ «Ինչի՞ համար է հայրիկը», սովորաբար ծագում են 4 — 5 տարեկանից հետո կամ ավելի ուշ, եթե երեխան պատահաբար ներկա չի եղել կենդանիների սեռական ակտին։ Նման հարցերին կարելի է պատասխանել, թե հոր սեռական օրգանից սաղմն ընկնում է մոր փորի հատուկ մասը, որտեղ զարգանալով դառնում է երեխա։ Կանցնի շատ ժամանակ, մինչև երեխան կփորձի պատկերացնել այդ իրավիճակը։ Երբ հարցնի այդ մասին, ձեր բառերով պատմեք նրան տղամարդու ու կնոջ սիրո և նրանց գրկախառնությունների մասին։

Երեխան կարող է անսպասելիորեն հայտնաբերել դաշտանի հետքեր ու մտածել, թե տանը որևէ մեկը վիրավորվել է։ Մայրը պետք է պատրաստ լինի ու բացատրի, թե բոլոր կանայք ամեն ամիս ունենում են այդպիսի արտաթորություն և դա ոչ մի կապ չունի վերք ստանալու ու ցավի հետ։ Դաշտանի նշանակության մասին կարելի է պատմել 4-ից բարձր տարիքի երեխային։

Եթե երեխան հարցեր չի տվել մինչև 4-5 տարեկան հասակը, ծնողները կարող են մտածել, թե երեխան այնքան միամիտ է, որ այդ մտքերը չեն էլ ծագել նրա գլխում։ Երեխաների հետ աշխատող մարդիկ հակված են թերահավատությամբ վերաբերվել դրան։ Շատ ավելի հավանական է, որ երեխայի մոտ ստեղծվել է այն տպավորությունը (ծնողներն են ցանկացել, թե պատահաբար է ստացվել), թե դա արգելված թեմա է։ Ծնողները պետք է պատրաստ լինեն, որովհետև երեխան կարող է տալ անուղղակի հարց, ակնարկել կամ կատակել այդ թեմայի շուրջ, որպեսզի ստուգի ծնողների ռեակցիան։

Փոքր երեխաներից շատերին չափազանց գրգռում է ծնողների մերկությունը։ Պատճառը ուժեղ զգացմունքներն են, որ երեխաները տածում են դեպի ծնողները։ Փոքրիկ տղան շատ ավելի է սիրում մորը, քան որևէ աղջնակի։ Հոր նկատմամբ նա ավելի շատ խանդ ու ակնածալից երկյուղ է տածում, քան որևէ տղայի։ Այդ պատճառով մոր մերկությունը չափից ավելի է գրգռում փոքրիկ տղային։ Հոր մերկությունը ստիպում է նրան զգալ իր անկատարելիությունն ու տեղի տալիս անզոր կատաղության։ Սակայն այդ զգացմունքները վախ ու մեղավորություն են առաջացնում տղաների մոտ։ Հորը մշտապես մերկ տեսնող աղջիկը նույնպես կարող է չափից ավելի գրգռվել։

Ես չեմ ուզում ասել, թե բոլոր երեխաներին գրգռում է ծնողների մերկությունը։ Ոչ ոք չի զբաղվել նորմալ երեխաների հակազդեցության ուսումնասիրությամբ։ Բայց քանի որ հայտնի է, թե նման հակազդեցությունը միանգամայն հնարավոր է, խելամիտ կլինի չմերկանալ երեխաների ներկայությամբ և չթողնել լողարան, երբ լողանում եք կամ զուգարան, երբ օգտվում եք այնտեղից։ Եթե երեխան պատահաբար տեսնի ձեզ մերկ, մի վախեցեք ու մի բարկացեք նրա վրա, միայն հանգիստ ասեք. «Խնդրում եմ, սպասիր ինձ դրսում, մինչև հագնվեմ»։
6-7 տարեկանից հետո երեխաները դառնում են ամաչկոտ։ Հարկավոր է հարգել նրանց ամաչկոտությունը։

Աղբյուրը` «Մի՛ վնասիր» բժշկական հաղորդում
“Շանթ” հեռուստաալիք 

Leave a Reply