Ինչպես ճիշտ «վախեցնել» երեխային

վախՀազվադեպ ծնողներ չեն վախեցնում իրենց երեխային բժշկի ծակոցով, երեխաներ հավաքող պապիկով, հարևանով, կենդանիներով և այլնովч իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կհիշի նմանատիպ դեպք իր մանկությունից:  Եվ եթե լինենք անկեղծ` վախեցնելու այդ մեթոդները աշխատում են։ Այո, տվյալ պահի համար դրանք աշխատում են և օգնում ծնողին հասնելու իր նպատակին։ Այլ հարց է, որ դա աշխատում է կարճ ժամանակով և վտանգավոր է երեխայի հոգեկան աշխարհի համար։ Երեխային ինչ-որ բանով կամ մեկով վախեցնելը հասկացնել է տալիս փոքրիկին, որ իր ծնողը գլխավորը չէ, որ նա չի կարող պաշտպանել իր փոքրիկին ուրիշից տվյալ պարագայում, եթե նա չանի այս կամ այն։ Երեխան այդ պահին ուժեղ տագնապ է զգում, քանի որ մինչ այդ պահը նրա ծնողները էին ամենաուժեղ մարդիկ, որ կարող էին ամեն ինչ։ Իսկ հիմա հայտնվում է մեկը, որ կարող է ավելին և ծնողները չեն կարող իրեն պաշտպանել։ Երեխան վախի մեջ է։ Բացի այն, որ նա կորցրեց ծնողների հեղինակությունը, որ արդեն շատ ցավալի է, նրա մոտ առաջանում է վախի ուժգին զգացում։

Ինչ խոսք` երեխաները տարբեր են։ Մեկը ընդհանրապես չի վախենա, մյուսը այդ վախով կապրի մինչև կյանքի վերջ։ Հայտնի են դեպքեր, երբ վախի արդյունքում պարալիզվել են երեխայի ոտքերը, երեխայի մոտ առաջ է եկել կակազություն և այլն։ Բայց դե ի՜նչ դաստիարակչական արդյունք է ապահովում այդ վախը…
Վաղ թե ուշ երեխան հասկանում է, որ մայրիկն ու հայրիկը խաբում էին իրեն։

Եվ սա ևս մի տհաճ բացահայտում է։ Եվ տհաճությունը կայանում է ոչ թե նրանում, որ դժվար թե ինքը պետք է ինչ-որ ոստիկանին, կամ այն չար տիկնոջը, ում իր երեխաների հոգսերն էլ բավարար են, այլ հենց ծնողների կողմից ստելու փաստը։ Բացի հիասթափությունից, երեխայի մոտ ամրանում է այն գաղափարը, որ կարելի է խաբել բոլորին, այդ թվում և ծնողներին։

Ծնողը պետք է հասկանա, որ վախեցնելով երեխային նա փաստում և ապացուցում է իր անզորությունը։

Խնդրին լուծման այլ եղանակներ փնտրելու և գտնելու փոխարեն, շատ ծնողները հարցը լուծում են մի հարվածով` առանց մտածելու հետևանքների մասին։

Արդյունքում երեխայի մոտ ժամանակի ընթացքում ձևավորվում են սխալ պատկերացումներ, ինչպես օրինակ` հիվանդանոցում չի կարելի աղմկել ոչ թե նրա համար, որ այդտեղ կան վատառողջ մարդիկ ում հանգիստ է պետք, այլ այն պատճառով, որ բժիշկը կզայրանա կամ կծակի իրեն ասեղով։ Ճաշը պետք է ուտել ոչ այն պատճառով, որպեսզի լինել ուժեղ և առողջ, այլ այն պատճառով, որ պոզավոր այծը կգա ու կվնասի չուտող բալիկներին։ Հայրիկին պետք է սպասել աշխատանքից ոչ թե ուրախությամբ, այլ այն վախով, որ մայրիկը ամեն ինչ կպատմի իսկ հայրիկը կպատժի իրեն …

Բայց երեխայի համար ամենաահավորը վատ պավածքի համար իրեն ուրիշներին հանձնելու վախն է։ Երեխայի համար սա նշանակում է, որ ինքը վատն է, որ իրեն չեն սիրում։ Իսկ նման տրամադրությունները անմիջական ազդեցություն են ունենում երեխայի բնականոն հոգեկան զարգացման վրա։

Միգուցե հենց հիմա որևէ ծնող այս տողերը կարդալիս մտածում է` արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է։ Որ ինչ որ ոստիկանով երեխային վախեցնելը կարող է այդչափ վնասել երեխային։ Իհարկե այո։ Ավելին այդ նույն “անմեղ” վախը երեխային կարող է հասցնել նևրոզի, կակազության, մեղքի զգացման և տագնագպի շատ բարձր աստիճանի, անվստահության իր շրջապատի և ատելության ամբողջ աշխարհի նկատմամբ։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ երեխան չի ուզում հենց այս պահին քնել կամ այս պահին ուտել ճաշը։

Իհարկե, շատ դժվար է հրաժարվել դաստիարակչական այս մեթոդից։ Եվ վերջապես երեխան պետք է իմանա, որ աշխարհում կան բաներ, որոնցից պետք է վախենալ։ Ի՞նչ անել։ Ինչո՞վ կարելի է և հարկ եղած դեպքում պետք է վախեցնել երեխային։

1. Երեխային կարելի է վախեցնել միայն այնպիսի բաներով, երևույթներով, որոնք իրապես կարող են վնասել իրեն. օրինակ տաք արդուկը, փողոցի մեքենաները և այլն։

2. Այնպիսի մարդկանցով, ովքեր իսկապես վտանգավոր են։ Սա պետք է անել հանգիստ, երեխայի հետ խոսելով և ոչ մի դեպքում նրա կամ ձեր գերզգայուն, նյարդային վիճակում։ Պատմեք նրան, թե ինչ պետք է անի, եթե իրեն մոտենա անծանոթ տղամարդ, կին կամ նույնիսկ երեխա, ցանկանա իրեն հյուրասիրել կոնֆետով և իրեն հյուր տանել` ցույց տալու հետաքրքիր մուլտֆիլմ կամ իր զվարճալի շանը ցույց տալ։

3.Վախեցնել կարելի է նրանով, որ ապագայում կնմանվի որևէ հեքիաթի, մուլտֆիլմի կամ այլ հայտնի բացասական հերոսի, եթե օրինակ շարունակ հրաժարվի լվանալ ատամիկները։

4.Վախեցրեք` առանց երեխայի անձը ներառելով։ Օրինակ` մեքենան կարող է վրաերթ անել, եթե չպահպանվեն երթևեկության կանոնները, ոչ թե որ ինքը աչքեր չունի։ Շունը կարող է կծել, եթե նրան անընդմեջ անհանգստացնել, և ոչ թե որ երեխան ջղայնացրել է մայրիկին։ Ամբոխի մեջ կարելի է կորել, քանի որ մեծ թվով մարդիկ կան և ոչ թե որ երեխանքնել է ոտքի վրա։ Տարբերությունը զգալի է։

5.Վախեցրեք ադեկվատ։ Եթե ձեր փոքրիկը խլում է ուրիշների ձեռքից խաղալիքները, դժվար թե բժիշկը ժլատության դեմ իրեն սրսկի։ Իսկ ահա բակի երեխաները այլևս իր հետ չեն խաղա։

Շատ ջանքեր կպահնաջվեն երեխային ճիշտ “վախեցնել” սովորելու համար։ Բայց եթե հաշվի առնեք, որ արդյունքում դրանից կախված է Ձեր փոքրիկի երջաիկ և հոգեպես առողջ մանկություն, պարզ է դառնում, որ այդ ջանքերը արդարացված են։

Ամենակարևորը` հիշենք, որ երեխային չի կարելի պարուրել ուրիշին հանձնելու վախով իր անձնական հատկանիշների, կարողությունների կամ պահվածքի համար։
Սովորեք իրավիճակից դուրս գալ այլ ճանապարհով։ Չի՞ ուտում ճաշը, եփեք ուրիշը և տվեք ընտրության հնարավորություն…

Հնարները շատ են. փորձեք, փնտրեք և կգտնեք։

Ի վերջո, ո՞վ ավելի լավ կհասկանա Ձեր երեխային, եթե ոչ դուք 🙂

2 thoughts on “Ինչպես ճիշտ «վախեցնել» երեխային

Leave a Reply