Արթնացնում ենք երեխային վաղ առավոտյան

DSCN5149Մեզանից շատերն են բախվում առավոտյան շուտ երեխային արթնացնելու հետ կապված դժվարություններին: Երեխաներն էլ դե հակառակի պես աշխատանքային օրերին այնքան դժվար են զարթնում, մինչդեռ շաբաթ կիրակի ժամը 8-ից արթուն են ու շատ ակտիվ : 🙂

Մեր փորձից ես հասկացել եմ, որ առավոտյան “ճիշտ ոտքից արթնանալուց” շատ է կախված երեխայի ողջ օրվա լավ տրամադրությունը և պետք է հնարավորինս “անցավ” անել այդ դժվարին գործը:

Ահա մի քանի խորհուրդ.

  • Երեխային արթնացրեք աստիճանաբար, և երբեք ոչ միանգամից: Ինքներդ արթնացեք մի փոքր շուտ, պատրաստվեք: Մտեք երեխայի սենյակ, միացրեք լույսը, բացեք վարագույրները, շարժվեք սենյակում, բացեք-փակեք դարակները, կարող եք նաև համբուրել թուշիկը կամ շոյել գլուխը: Թույլ տվեք, որ երեխան զգա ձեր ներկայությունը:
  • Ստեղծեք արհեստական, բայց հաճելի աղմուկ: Ամեն երեխայի համար դա կարող է տարբեր բան լինել, օրինակ՝ երաժշտություն, հեռուստացույցի ձայն: Մեր տարբերակում դա հեռուստացույցով մուլտֆիլմերի ալիքի ձայնն է:
  • Պլանավորեք ձեր ժամանակն այնպես, որ երեխային կարողանաք հնարավորություն տալ արթնանալուց հետո մի քիչ “թավալ” գալ ակնողնում:
  • “Դիմավորեք” երեխային լավ տրամադրությամբ: Խոսեք նրա հետ, հարցեր տվեք, օրինակ՝ ինչպես է քնել, ինչ երազ է տեսել և այլն: Պատմեք սպասվող օրվա պլանների մասին, նույնիսկ եթե սովորական ամենօրյա գործողություններ եք կատարելու:
  • Եվ, իհարկե,  ամենակարևորը՝ փորձեք հասկանալ, թե ձեր երեխային քանի ժամ է հարկավոր լիարժեք քուն առնելու համար, և երեկոյան մի քիչ շուտ պարկեցրեք, որպեսզի համոզված լինեք, որ բավարար քնել է:

 

Հուսով եմ, մեր փորձը օգտակար կլինի ինչ-որ մեկին:  🙂

One thought on “Արթնացնում ենք երեխային վաղ առավոտյան

Leave a Reply