Ճանապարհ դեպի մայրություն

Երբ առաջին անգամ հասկացա, որ մայր եմ դառնալու, զգացական անմոռանալի ապրումներից հետո ուղեղս միանալուն պես առաջին միտքը, որ առկայծեց, հետևյալն էր՝ ինչ լավ է, որ դեռ 9 ամիս կա առջևում։ Գիտեի, որ բավականին շատ անելիք ունեմ այդ 9 ամիսների ընթացքում, բայց ինչ, ոնց, երբ՝ առանձնապես չէի պատկերացնում․․․ Դե, իհարկե, սկսեցի հարցուփորձ անել, դիմեցի արդեն դեպի մայրություն ճանապարհը բարեհաջող անցած ընկերուհիներիս՝ կաթիլ-կաթիլ հավաքելու ինֆորմացիան, որ հասկանամ, թե ինչը ոնց ու երբ է պետք անել։ Հուսով եմ, որ այս գրառումը կօգնի այդ ճամփան բռնած կանանց դես-դեն չընկնել և հանգիստ պլանավորել հղիության 9 ամսվա իրենց անելիքները։

Հղիության հաստատում

Թեստի 2 կարմիր գծերը տեսնելիս շատերս մտածում ենք․ <<Հաստա՞տ ճիշտ է ասում այս թեստը, բայց կարող է սխալվել, չէ՞>>։ Բացարձակապես անպայման չէ մի 5 հատ թեստ փորձարկել՝ հասկանալու համար, որ առաջին թեստում սխալմունք չկար։ Հիշեք, հղիության թեստի վրա երևացող 2 գիծը, նույնիսկ եթե 2-րդ գիծն աննշան է, հազիվ է նշմարվում, 99% հավանականությամբ նշանակում է, որ դուք այդ պահին հղի եք։ Շնորհավորում եմ ☺

Ինչի՞ց սկսել

Եթե ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ եք զգում, հղիության հաստատումից հետո սպասեք 2-3 շաբաթ և դիմեք այն գինեկոլոգին, ով պետք է վարի հղիության ողջ ընթացքը, որպեսզի նա գրանցի ձեզ որպես հղի, բացի ամբուլատոր քարտ։ Գինեկոլոգն արդեն մանրամասն կբացատրի ձեզ ողջ ընթացակարգը։ Հղիության հետ կապված բոլոր խնդիրների դեպքում նրան պիտի դիմեք։ Դա կարող եք անել օրվա ցանկացած ժամի, նա ձեզ կասի ինչ անել, անհրաժեշտության դեպքում հիվանդանոց պառկելու, նեղ մասնագետի դիմելու անվճար ուղեգիր կտրամադրի։ Հիշեք․ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ՀՀ քաղաքացի հանդիսացող հղիների հղիության 9 ամիսների վերահսկողությունը, հետազոտությունները և ծննդօգնությունը կատարվուն է ԱՆՎՃԱՐ, այսինքն՝ անվճար հղիի համար, պետությունը ձեր փոխարեն վճարում է։ Այդ արտոնությունից օգտվելու համար պետք է դիմել պետական պոլիկլինիկա։ Եվ դուք բացարձակապես պարտավոր չեք դիմել հենց ձեր բնակության վայրի պոլիկլինիկան։ Հանգիստ կարող եք դիմել այլ տեղամասային պոլիկլինիկայում աշխատող ցանկացած գինեկոլոգի։ Բայց, այդուհանդերձ, դուք իրավունք ունեք նաև ընտրելու մասնավոր գինեկոլոգների, և վճարովի հիմունքներով (յուրաքանչյուր գինեկոլոգի վճարը կարող է տարբեր լինել՝ կախված այն բուժհաստատությունից, որտեղ աշխատում է բժիշկը, իր մասնագիտական փորձառությունից, <<անունից>>) բժիշկը կվարի ձեր հղիությունը։ Որպես կանոն, միանվագ վճարի մեջ է մտնում ոչ միայն գինեկոլոգի, այլև բոլոր անհրաժեշտ հետազոտությունների արժեքը։

Տրամադրություն

Սա ամենակարևորն է հղիության 9 ամիսների յուրաքանչյուր օրվա մեջ։ Անկախ ցանկացած հանգամանքից, պիտի փորձեք բարձր պահել ձեր տրամադրությունը, ներեցեք, բայց պիտի թքած ունենաք նյարդայնացնող բոլոր հանգամանքների վրա, քանի որ ձեր տրամադրությունից ուղղակիորեն կախված է մեկ այլ ձեզ շատ հարազատ մարդու զարգացման ներդաշնակությունը։ Շատ խոսեք ձեր բալիկի հետ, լսեք ձեր սիրած երաժշտությունը, կարդացեք ձեր սիրած գրքերը, շփվեք ձեզ հաճելի մարդկանց հետ, նայեք բարի ֆիլմեր, զբաղվեք ձեր սիրելի գործով, մոռացեք սնահավատությունը ու նախապես գնեք բոլոր անհրաժեշտ իրերը, արեք դա անշտապ, հանգիստ, և կարևորը՝ բարձր տրամադրությամբ ☺ Եթե առողջական խնդիր է ծագում, իրար մի խառնվեք, միշտ հիշեք, որ ոչ մի բժիշկ էլ անսխալական չէ, մարդ են, ի վերջո, ռոբոտ չեն, անհրաժեշտության դեպքում անպայման խորհդրակցեք 2-րդ, 3-րդ ու նույնիսկ 4-րդ մասնագետի հետ, նոր որոշեք հետագա անելիքը։

Լույս աշխարհ եկող մարդուկի կյանքի գլխավոր օրը

Անվճար հիմունքներով ծննդաբերել կարելի է հանրապետության ՑԱՆԿԱՑԱԾ ծննդատանը։ Ծննդատուն մուտք գործելիս պարտադիր փաստաթղթերն են ձեր անձնագիրը և Անվճար ծննդօգնության սերտիֆիկատը, որը ձեզ նախօրոք տված կլինի հղիությունը վերահսկող գինեկոլոգը։ Ինչպես նաև, եթե ծննդաբերությունը վաղաժամ չէ, ձեզ հետ պետք է տանեք ձեր փոխանակման քարտը, որտեղ կլինեն նշումներ հղիության ընթացքի վերաբերյալ։ Դա նույնպես հղիության 37-38 շաբաթում կտա ձեր գինեկոլոգը։ Իսկ եթե ձեր բալիկը շտապում է, ավելի շուտ հայտնվեք ծննդատանը, հոգ չէ, ձեր ընտանիքի անդամները ձեր փոխարեն կարող են դիմել գինեկոլոգին, տեղյակ պահել, որ վաղաժամ ծննդաբերություն է, և իրենք կբերեն հիվանդանոց փոխանակման քարտը։ Ծննդատանը ձեզ անհրաժեշտ իրերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ հետևելով այս հղմանը՝ http://blog.armparents.com/2013/02/26/ծննդատան-ցուցակ/

Եվ մի քիչ էլ սեփական փորձից

Ես ունեմ 2 բալիկ՝ 2 հղիություն։ Ասեմ, թե ինչպես եմ ես վարվել։ Չեմ պնդում, որ որոշումս ճիշտ տարբերակն է, բայց իմ պարագայում ես ընտրեցի հենց այս ուղին։ 2 հղիություններիս 9 ամիսը վստահել եմ պետական պոլիկլինիկայի գինեկոլոգին, այսինքն՝ օգտվել եմ գինեկոլոգին անվճար դիմելու իմ իրավունքից։ Միակ հետազոտությունը, որ գերադասել եմ վճարովի հիմունքներով անցնել իմ ընտրած մասնագետի մոտ, եղել է ուլտրաձայնային հետազոտությունը, ժողովրդական լեզվով ասած՝ էխոն։ Ամեն անգամ ուլտրաձայնային հետազոտության եզրակացությունը բերել եմ և ներկայացրել իմ գինեկոլոգին, նա էլ կցել է այդ եզրակացություններն իմ քարտին։ Այ ծննդաբերության համար ընտրել եմ վճարովի տարբերակը, քանի որ ես ունեի ընտրած մանկաբարձ-գինեկոլոգ, և ինձ համար շատ կարևոր էր, որ հենց նա ընդունի բալիկներիս ծնունդը, ես վստահում էի (և մինչ օրս էլ վստահում եմ, չեմ փոշմանում ոչ մի վայրկյան, որ հենց նրան եմ ընտրել) այդ բժշկի մասնագիտական հմտություններին, գիտեի, որ հարուստ փորձ ունի։ Ես ուզում էի վստահ լինել՝ որ օրվա որ ժամին էլ սկսվի պրոցեսը, կարող եմ զանգահարել իրեն, և ինձ հետ միասին կլինի ծննդատանը սկզբից մինչև վերջ։ Արդյունքում համոզվեցի, որ ճիշտ էր որոշումս, քանի որ առաջին բալիկիս ծննդաբերելիս գիշերը ժամը 4-ին եմ գնացել ծննդատուն, բժիշկս էլ ինձ հետ ժամանեց, 2-րդ բալիկս էլ ծնվել է երեկոյան 20․10-ին, երբ աշխատանքային օրը վաղուց ավարտված էր, մինչդեռ բժիշկս իմ կողքին էր։ Անվճար ծննդօգնության իրավունքից օգտվելու պարագայում ծնունդն ընունում է տվյալ պահին հերթապահող մանկաբարձ-գինեկոլոգը։

Եթե մայրության ճանապարհին եք և կարդում եք հիմա այս գրառումը, իմացեք․ շատ շուտով ականատես եք լինելու ձեր կյանքում իրական հրաշքի։ Հեշտ չի լինելու, չէ, միգուցե անհրաժեշտ լինի ընթացքում որոշակի բարդություններ հաղթահարել, տոքսիկոզի մռայլ օրերի միջով անցնել, բայց վերջում որպես պարգև ստանալու եք բնության մեծագույն հրաշքն ու երջանկությունը, և ես ուզում եմ, որ կատարյալ լինի յուրաքանչյուրիդ երջանկությունը ։)

Հեղինակ` Աննա Ջավա

www.ArmParents.com

Leave a Reply