10 գիրք ամանորյա հրաշքի մասին

Ամանորը մոտենում է, ուրեմն հրաշքներին հավատալու լավագույն ժամանակն է 🙂 Ձեզ ենք ներկայացնում տոներին նվիրված մի քանի հեքիաթներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կդարձնեն փոքրիկների ձմեռային արձակուրդը, այլև կսովորեցնեն լինել բարի, խիզախ և  երբեք չհանձնվել: Այս ցանկը, նաև մեծերի համար է, ովքեր ցանկանում են տոնական լույսով լցնել իրենց կամ հարազատների կենցաղը 🙂

1. Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը»
Ամանորյա կախարդական հեքիաթը սիրո, անձնազոհության, նվիրումի և համերաշխության լավագույն օրինակն է:
Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է  շրջում և երեխաներին նվերներ է բաժանում:  Ջաննի Ռոդարիի այս հեքիաթում պառավ Բեֆանան խաղալիքների խանութ ունի: Հայտնության գիշերը խաղալիքները նստում են «Կապույտ նետ» անունով գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց ծնողները հնարավորություն չունեն նվերներ գնելու:

2. Մկրտիչ Արմեն «Գույնզգույն թագավորությունը»
Հեքիաթը երազանքին ձգտելու, պայքարելու և չարի հանդեպ բարու հաղթանակի մասին է: Այն կսովորեցնի լինել համառ, հավատալ հրաշքներին և չհանձնվել:
Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների ու համերի թագավորությունը:

3. Հանս Քրիստիան Անդերսեն «Աղջիկը և լուցկիները»
Ամանորի մասին ամենահայտնի, ամենահուզիչ ու տխուր պատմություններից մեկն է:
Հեքիաթը լուցկիներ վաճառող փոքրիկ աղջկա մասին է, ով մահացավ ամանորի նախօրեին. աղջիկը նախընտրում է չվերադառնալ տուն` վախենալով դաժան հայրիկից: Ամեն անգամ, երբ նա վառում է լուցկին, որպեսզի տաքանա, նրա աչքերի առաջ հատնվում են լուսավոր պատկերներ. յուղոտ բադը, որը դուրս է գալիս ափսեի միջից և գնում է աղջկան ընդառաջ, ամանորյա եղևնին խաղալիքներով, մահացած տատիկը…Առավոտյան աղջկան գտնում են սառած` վառված լուցկիների տուփով:

4. Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին»
«Ձյունե թագուհին» Անդերսենի լավագույն հեքիաթներից մեկն է: Սա մի շատ հուզիչ և լուսավոր պատմություն է ամենակարևորի մասին՝ ազնվության և ընկերության մասին,  ինչը մարդուն դարձնում է տոկուն, խիզախ և համարձակ: Սա հեքիաթ է ամբողջ ընտանիքի համար, որը գրավում է իր չափազանց հետաքրքիր սյուժեով և լուծումներով:

5. Астгик Симонян «Каханд Пап. Возвращение с Ригеля»
Հեքիաթը պատմում է հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրան ուղեկցող 12 խլվլիկների ու նրանց կենսական ուժ տվող երկվորյակ կերպարների` հարալեզների մասին:
Գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջիկն է, որի հույսի ու հավատի շնորհիվ  Կաղանդ պապը վերադառնում է Հայաստան` իր հետ բերելով 7 խորհուրդ-կծիկները։
Ամենահետաքրքիրն այն է, որ հայկական Ձմեռ պապը երեխաներին ուրախացնում է ոչ թե նյութական, այլ հոգևոր նվերներով:
Հրատարակվել են նաև գրքի անգլերեն և ֆրանսերեն տարբերակները:

6. Свен Нурдквист “Рождественская каша”
Շվեդական հեքիաթը պատմում է Ամանորի մասին, որը թզուկների ընտանիքում անցնում է  յուրահատուկ ավանդույթներով: Ամեն տարի՝ Ամանորին, տերերը նրանց համար բերում են տոնական ապուրը, սա մի սովորույթ է, որը խախտել չի կարելի, հակառակ դեպքում կարող է դժբախտություն պատահել: Սակայն այս տարի մարդիկ մոռացել են հին ավանդույթների մասին, և թզուկների ընտանիքը ինքը իր հնարամտությամբ և արկածներով փորձում է փրկել իրավիճակը:

7. Эрнст Гофман “Щелкунчик и Мышиный король”
Կախարդական հեքիաթ սիրո և խիզախության   մասին:
Հեքիաթը Մերի անունով աղջնակի մասին է: Ծննդյան տոներին նա ստանում է յուրահատուկ նվեր և շուտով սկսում են տեղի ունենալ հրաշքներ: Տիկնիկները կենդանանում են, իսկ Մարդուկ-Ջարդուկը, պարզվում է՝ արքայազն է:
Հեքիաթը մի կախարդական ուժ ունի. կարդում ես առաջին գլուխը և կտրվել չես կարողանում՝ մինչև չավարտես ամբողջ հեքիաթը:

8. Туве Янссон “Волшебная зима”
Ինչպես գիտեք Մումի հովտի բնակիչները ձմռանը քուն են մտնում: Սակայն Մումի տրոլը հանկարծակի արթնանում է, և սկսվում են արկածները: Երկար ձմեռվա ընթացքում Մումի տրոլին  և ընկերներին սպասվում են վտանգավոր արկածներ, զարմանալի հանդիպումներ և հրաշալի տոն:

9. Мария Романова “Письмо Деду Морозу”
Գիրքը հրաշալի տոնական նվեր է փոքրիկների համար: Սա ամանորյա պատմություն է ընկերության և հրաշքների մասին: Գիրքի պատմությունների և պատկերազարդման շնորհիվ փոքրիկը կհայտնվի հրաշալի և զարմանալի աշխարհում: Գրքում սպասվում է նաև անակնկալ. փոքրիկը կարող է գրել նամակ Ձմեռ պապին գեղեցիկ թղթի վրա, որը կգտնի գրքում:

10. Charles Dickens “A Christmas Carol’’
Դիկենսի այս շատ հետաքրիքիր պատմությունը ժլատ Սկրուջի մասին է, թե ինչպես է կերպարանափոխվում, ձեռք բերում տոնական տրամադրություն և շուտով դառնում է քաղաքի ամենաառատաձեռն մարդը:

Բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից:

Leave a Reply