Ծնողների արձագանքը մանկական կոնֆլիկտներին

Կոնֆլիկտները մանկության անբաժան մասն են: Դրանցից մշտապես խուսափելը ու երեխային ցանկացած տեսակի կոնֆիլկտից հեռու պահելը ոչ միայն անհնար է, այլև կարող է վատ անդրադառնալ երեխայի զարգացման, հասարակության մեջ կայացման հարցում: Երեխաները շփվելով, վիճելով, հարաբերություններ պարզելով, վեճերը հարթելով, պայմանավորվելով սովորում են ապրել: Նրանք պատրաստվում են հասուն կյանքին, սովորում են աշխատել թիմում, լինել առաջնորդ, հարմարվել թիմին, կամ ընդհակաառակը՝ ընդդիմանալ: Այդ իսկ պատճառով կարևոր է հնարավորություն տալ երեխային սեփական ուժերով հաղթահարել կոնֆլիկտները, և միջամտել միայն այն ժամանակ, երբ առկա է իրական վտանգ:

Ինչպիսի՞ սխալներ են ամենից հաճախ թույլ տալիս ծնողները

❗️Ոչ օբյեկտիվ մոտեցում:

❗️Արգելում են շփվել այն երեխայի հետ, ում հետ վիճել են:
Նման միջոցի կարելի է դիմել միայն ծայրահեղ դեպքերում, մնացած պարագաներում երեխաները կվիճեն, կհաշտվեն, իսկ հետո անգամ չեն էլ հիշի դրա մասին:

❗️Միջամտում են ամեն փոքրիկ կոնֆլիկտի ժամանակ:
Ծնողների պարտականությունն է սովորեցնել երեխաներին ինքնուրույն հաղթահարել խնդիրները, հակառակ դեպքում երեխան ուղղակի ամեն փոքր խնդրի ժամանակ կվազի տուն, ծնողներին բողոքելու համար

❗️Պատժում կամ բարկանում են իրենց երեխայի վրա բոլորի ներկայությամբ:
Շատ ծնողներ առիթը բաց չեն թողնում, որպեսզի բոլորի մոտ ցույց տան, թե ինչ խիստ և ճիշտ ծնող են իրենք: Երբեք չի կարելի մասսայական դաստիարակչական աշխատանքներ տանել երեխայի հետ. դա ոչ միայն չի տա ցանկալի արդյունք, այլ նաև կարող է պատճառ հանդիսանալ, որ երեխան կորցնի վստահությունը ծնողի հանդեպ: Բոլոր դաստիարակչական աշխատանքները պետք է անցկացնել տանը, իսկ “տուժող կողմին” պարզապես ասել, որ այդ հարցը անպայման կքննարկվի երեխայի հետ։

❗️Սովորեցնում են երեխային սխալ արձագանքել ագրեսիային:
Երբեմն ծնողները, փորձելով երեխային սովորեցնել լինել հանդուրժող, սովորեցնում են նրան ցանկացած պարագայում լռել ու զիջել, ասելով, օրնակ, եթե խլում են խաղալիքը, ոչինչ, ուրեմն դա նրանց ավելի պետք է, եթե խփում են, ոչինչ, ներիր…

❗️Չեն հարգում երեխաների որոշումները Երեխան պարտավոր չէ իր խաղալիքները տալ ուրիշներին:
Իհարկե ցանկալի է, որ երեխան ցանկություն ունենա խաղալ մյուս բալիկների հետ, կիսվել իր խաղալիքներով, և ծնողը պետք է փորձի դա երեխային սովորեցնել, բայց, եթե երեխան ամեն դեպքում որոշում է, որ չպիտի տա իր խաղալիքը ուրիշին, ծնողը պիտի հարգի այդ որոշումը, ու հարկ եղած դեպքում միջամտի, ու խնդրի մյուս երեխային վերադարձնել խաղալիքը, իսկ հետագայում տանը, խաղերի միջոցով փորձի երեխային սովորեցնել հանգիստ կիսվել խաղալիքներով, տալ ու հետ խնդրել դրանք….

❗️Չեն պաշտպանում, երբ այլ ծնող բարկանում է իրենց երեխայի վրա:

❗️Միշտ կոնֆլիկտի դեպքում երեխայի հետ հեռանում են:
Նման պահվածքը երեխայի մոտ կարող է առաջացնել տագնապայնություն ու վախ կոնֆլիկտներից:

❗️Բղավում են ուրիշ երեխաների վրա, պաշտպանելով իրենց երեխային:
Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անկախ ամեն ինչից, իրենք իրավունք չունեն դաստիարակել, պատժել, կամ առավել ևս հարվածել ուրիշի երեխային: Եթե հնարավոր չէ հանգիստ ձևով խոսել ու պարզաբանել խնդիրը, և կարծում եք, որ կա ուրիշի երեխային պատժելու անհրաժեշտություն, դիմեք այդ երեխայի ծնողներին:

❗️Պիտակավորում են երեխային:
Եթե դուք հաճախ երեխային անվանեք չար, հիմար, անդաստիարակ, նա ի վերջո հենց այդպիսին էլ կդառնա ու, համապաատասխանելով իրեն տրված պիտակներին, անգամ չի փորձի ուղղվել:

❗️Չեն համապատասխանում իրենք իրենց պահանջած հատկանիշներին:
Միշտ հիշեք, որ երեխաները սովորում են ձեր օրինակից, ոչ խոսքերից…

Հեղինակ`
Զարուհի Սեդրակյան

Leave a Reply