Երկար ժամանակ մտածում էի փոքրիկիս համար բազմոցանման բան գնելու մասին, սակայն խանութներում առկա տարբերակները կամ իմ սրտով չէին, կամ էլ գնի առումով մի քիչ չարդարացված: Որոշեցի ինքս մի բան պատրաստեմ, ամեն դեպքում, եթե վատը լիներ, գոնե չէի ափսոսի դեն նետել:
Բնականաբար մեր ու բոլորիս տանն էլ կան չօգտագործված տուփեր, տուփերի կտորներ, թղթեր, որոնք էլ հենց բազմոցի համար ինձ պետք եկան:
Նախ ազատում ենք մեր աշխատանքի համար տարածք, պատրաստում ենք մեծ հիմնական տուփ, լցոնելու համար չպետքական ամեն ինչ, մկրատ, դանակ/փոքր սղոց, գունավոր կամ պատկերավոր կպչուն ժապավեններ: Ամենակարևոր պայմանը՝ պատրաստում ենք բալիկին քնեցնելուց հետո:
Նախ դիմացի կտորը մասամբ առանձնացնում ենք այնքան, որքան որ նախատեսում ենք բազմոցի բարձրությունը: Կտրված երկու կողմերից մեջտեղով դանակի ծայրով առանց մինչև վերջ սեղմելու ուղղակի բացվածք ենք անում, այնպես, որ վերևի մասը ծալվի տուփի հատակին զուգահեռ: Նման մի բացվածք էլ անում ենք այն մասում, որտեղից էլ ցանկանում ենք հենվելու մասը լինի: Բազմոցի թևերի մասը ստանալու համար կողքի փակվող մասերը կտրում ենք այնպես, որ մի մասը ծալվի հենվելու մասից առաջ, մյուսը մնա հենվելու մասի հետևում:
Մնում է միայն ամրացնելուց առաջ չմոռանալ բազմոցը լցոնել: Հարմար տարբերակներ են ստվարաթղթե բացված, տափակեցված փոքր տուփերը, տուփերում հանդիպող պենոպլաստները և այլն: Ամեն դեպքում հիշեք համաչափության մասին, ինչով էլ որ լցոնեք, տարածեք, որպեսզի նստելուց ստվարաթուղթը փոս չընկնի:
Ամրացնում ենք կպչուն ժապավեններով: Սկզբում ամրացնում ենք ծալվող մասերը, այնուհետև սկսում ուղղակի տեսք հաղորդել: Բնականաբար կարող եք նկարներ ամրացնել, կենդանիների պատկերներ և այլն, և այլն:
Բարի վայելում:
Հ. Գ. Ես խնայել եմ… 10 անգամ շատ գումար: Իսկ վճարել եմ միայն կպչուն ժապավենների համար:
Կարելի է հելունով կամ շյուղերով ծածկոց գործել,ավելի իրական տեսք հաղորդելու համար 🙂
Իսկապես, հավես կստացվի նման ծածկով 🙂
Մեկ էլ երևի ես կողքերն ավելի հաստ ու մի փոքր ավելի կարճ կանեի, որ իսկականի նման ստացվեր:
Մարի ջան, շատ ուրախն է ստացվել, ապրեք 🙂