Մեզանից շատերն են բախվում առավոտյան շուտ երեխային արթնացնելու հետ կապված դժվարություններին: Երեխաներն էլ դե հակառակի պես աշխատանքային օրերին այնքան դժվար են զարթնում, մինչդեռ շաբաթ կիրակի ժամը 8-ից արթուն են ու շատ ակտիվ : 🙂
Մեր փորձից ես հասկացել եմ, որ առավոտյան “ճիշտ ոտքից արթնանալուց” շատ է կախված երեխայի ողջ օրվա լավ տրամադրությունը և պետք է հնարավորինս “անցավ” անել այդ դժվարին գործը:
Ահա մի քանի խորհուրդ.
- Երեխային արթնացրեք աստիճանաբար, և երբեք ոչ միանգամից: Ինքներդ արթնացեք մի փոքր շուտ, պատրաստվեք: Մտեք երեխայի սենյակ, միացրեք լույսը, բացեք վարագույրները, շարժվեք սենյակում, բացեք-փակեք դարակները, կարող եք նաև համբուրել թուշիկը կամ շոյել գլուխը: Թույլ տվեք, որ երեխան զգա ձեր ներկայությունը:
- Ստեղծեք արհեստական, բայց հաճելի աղմուկ: Ամեն երեխայի համար դա կարող է տարբեր բան լինել, օրինակ՝ երաժշտություն, հեռուստացույցի ձայն: Մեր տարբերակում դա հեռուստացույցով մուլտֆիլմերի ալիքի ձայնն է:
- Պլանավորեք ձեր ժամանակն այնպես, որ երեխային կարողանաք հնարավորություն տալ արթնանալուց հետո մի քիչ “թավալ” գալ ակնողնում:
- “Դիմավորեք” երեխային լավ տրամադրությամբ: Խոսեք նրա հետ, հարցեր տվեք, օրինակ՝ ինչպես է քնել, ինչ երազ է տեսել և այլն: Պատմեք սպասվող օրվա պլանների մասին, նույնիսկ եթե սովորական ամենօրյա գործողություններ եք կատարելու:
- Եվ, իհարկե, ամենակարևորը՝ փորձեք հասկանալ, թե ձեր երեխային քանի ժամ է հարկավոր լիարժեք քուն առնելու համար, և երեկոյան մի քիչ շուտ պարկեցրեք, որպեսզի համոզված լինեք, որ բավարար քնել է:
Հուսով եմ, մեր փորձը օգտակար կլինի ինչ-որ մեկին: 🙂
Mez mot xndir@ sksvum e taval galuc heto, erb arden petq e hagnvel 🙁 Ev ays jamanak “tars votq@” apahovac e 😀