Ես գիտեմ, որ դեռ շատ երկար ժամանակ կանցնի նոր դու կգաս այս աշխարհ, չգիտեմ անգամ կգա մի օր, որ դու կկարդաս սա…. Քեզ գրում եմ, որովհետև ամեն օր եմ մտածում, պատկերացնում, թե ինչքան երջանիկ ենք լինելու ՄԵՆՔ… ես հնարավոր ամեն բան կանեմ, որ քո համար ամենալավ մայրը լինեմ… ես գիտեմ, որ շատ դժվարություններ են ինձ սպասում, գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց ես ամեն բան անելու եմ, որ դու միշտ ժպտաս… Գիտես, ես կուզեմ քեզ կոչել արևս, անուշս, իսկ հետո, երբ դու մի քիչ մեծանաս, մենք միասին ընտրենք քո անունը… Բայց ես կուզեմ, որ դու ընտրես քո տատիկի անունը, որովհետև նա այն կինն է, ում շնորհիվ ծնվել է նա, ով հետագայում քո հայրն է դառնալու… ես վստահ եմ, որ դու նրանց շատ ես սիրելու, այնպես ինչպես նրանք քեզ…
Երբ դու առաջին անգամ քայլ անես, խոստանում եմ ամուր բռնել քո ձեռքը, բայց երբեք չխանգարել, որ ինքնուրույն առաջ գնաս… Երբ դու մի քիչ էլ մեծանաս, մենք միասին կմտածենք քո եղբոր անունը, դու ինձ հետ հավասար կհսկես նրա քունը, այնպես ինչպես ես քոնը…դու շատ գեղեցիկ կլինես…ոսկեգույն գանգուրիկներ կունենաս, խոշոր աչքեր, որոնք լույսի նման կշողան: Մենք միասին կխաղանք, կզբոսնենք… դու ինձ կօգնես, որ գեղեցիկ ընթրիք պատրաստեմ, դու կլինես նա, ում դեմ քո համառ հայրիկը անզոր կլինի…) Բայց գիտես, կլինեն նաև անձրևոտ եղանակներ, այդ ժամանակ ես քեզ ամուր կգրկեմ ու կհասկանամ, որ ամեն վատը անցողիկ է, կհասկանամ, որ կյանքս ունի իմաստ…դու կլինես իմ կյանքի իմաստը, այն լույսը, հանուն որի ես ամեն օր ավելի մեծ սիրով կուզեմ ապրել… բայց ես երբեք քեզ համար բեռ չեմ դարձնի էն ամենը, ինչը դու քոնը չես համարի… Դու կլինես իմ ամենամեծ քննադատը, քո խորհուրդները ես փակ աչքերով կընդունեմ, դու ինձ խորհուրդներ կտաս, որովհետև դու մեեծ աղջիկ ես լինելու ու շատ խելացի… Քեզանից առաջ այս ամենը կկարդան մարդիկ, ովքեր միգուցե հիմա ինձ չհասկանան, բայց ես վստահ եմ, որ նրանք էլ քեզ շատ են սիրելու ու պատմելու են, թե քո մաման ինչքան շատ է սպասել քեզ… Գիտես, շատ հաճախ ես տեսնում եմ քո պատկերը, խոսում եմ քեզ հետ, շտկում եմ իմ մեջ այն ամենը, ինչը միգուցե քեզ հետո կխանգարի… ես ուզում եմ իդեալական դարձնել այն կնոջը, որին դու ասելու ես ՄԱՄ…