Հեղինակ` Գոհար Ստեփանյան
Հավելյալ սնուցումը սկսելուց հետո՝ փոքրիկի համար սկիզբ է առնում աշխարհը նորանոր համերով և բույրերով բացահայտելու գայթակղիչ և տևական շրջանը: Երեխաների սնուցման արդի մոտեցումները հանդուրժող, իսկ առավել հաճախ՝ խրախուսող են բնական համերի շտեմարան համեմունքների հանդեպ: Կյանքը բառիս բուն իմաստով համով-հոտով դարձնող այս հրաշագործներն այսօր շատ կարևորվում են նաև ամենափոքրերի սնուցման գործում: Կան մշակույթներ, որոնք ավանդաբար էլ վաղ են սկսում համեմունքներով հարուստ ուտեստ առաջարկելը երեխաներին: Հնդկաստանում, Առաջավոր Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում մանկական սնուցումն աչքի է ընկնում համային բազմազանությամբ: Պետք է ենթադրել, որ մենք՝ հայերս, ևս ավանդաբար չենք խուսափել փոքրիկների սնունդը համեմելուց՝ հաշվի առնելով համեմունքների առատությունը մեր կենցաղում: Ժամանակակից մասնագետները ճնշող մեծամասնությամբ առաջարկում են ներմուծել ամենատարբեր համեմունքներ փոքրիկի առօրյայի մեջ սկսած հավելյալ սնուցման՝ կարելի է ասել հենց սկզբից: Առաջին հայացքից նման առաջարկը կարող է զարմացնել շատերին և անընդունելի համարվել (այդ թվում և մանկաբույժների, մանկական դիետոլոգների շրջանում), բայց համարվում է, որ երբ նախապատրաստված են համեմունքների ներմուծման հիմքերը դեռ նախորդ՝ բացառապես կրծքով կերակրման շրջանից, այն միանգամայն տրամաբանական է դառնում: Հատկապես հետխորհրդային տարածքում կրծքով կերակրման գործող ավանդույթները հակված են զգալի սահմանափակումների ենթարկել կերակրող մոր օրաբաժինը: Այս հանգամանքն իրականում կարող է և խնդրահարույց դարձնել համեմունքների վաղ ներմուծումը: Սակայն ժամանակները փոխվում են. մարդիկ ավելի անկանխակալ են դառնում երեխաներին նոր սննդատեսակներ առաջարկելու հարցում: Ընդունված է համարել, որ եթե կերակրող մայրն օգտագործում է համեմունքներով հարուստ ուտելիքներ, որոնք անպայմանորեն ազդում են նաև կրծքի կաթի համի վրա, ապա երեխային հետագայում դուր կգան այդ նույն համերը: Մանկական գաստրոէնտերոլոգ Անկա Սաֆտան, կարևորելով համեմունքների դերը, առաջարկում է դրանցում տարբերակել երկու տիպ՝ կծու և արոմատիկ կամ անուշաբույր: Արոմատիկների շարքին են դասվում դարչինը, մշկընկույզը, սխտորը, քրքումը, կոճապղպեղը, համեմի սերմը, սամիթը և չամանը, որոնք էլ, ըստ նրա, կարելի է ներկայացնել 6 ամսականից անմիջապես հետո(1) և որոնք էլ ավելի առողջ և համեղ կդարձնեն փոքրիկների առօրյան:
Համեմունքների վաղ ներմուծման արդի մոտեցումը ելնում է դրանց անհրաժեշտության և օգտակարության մասին մի քանի իրողություններից: Այն ամենից առաջ զարգացնում է երեխայի համային ճաշակը: Մի պտղունց դարչինը վարսակի շիլայում, մի փոքր սխտորը՝ մսի կամ չամանը՝ մանրացված ավոկադոյի հետ հետաքրքիր համային զգացողությունների աղբյուր կարող են լինել: Վաղ տարիքում տարբեր համային և տեքստուրալ (հյուսվածքային) սննդատեսակների ներկայացումը մարզում է երեխայի համային ռեցեպտորները՝ նպաստելով նոր ու թարմ համերի վայելքին ու դնում առողջ սնվելու սովորությունների ձևավորման հիմքերը: Մյուս կողմից, երեխան վաղ տարիքից սովորում է անընդհատ սպասել փոփոխությունների՝ ուտեստի հետ կապված, ինչը կարևոր է հատկապես երեխայի օրաբաժնի բազմազան լինելու՝ արդի պահանջի տեսանկյունից(2):
Համեմունքները վիտամինների և միներալների շտեմարաններ են, ունեն հզոր հակաօքսիդանտ էֆեկտ: Գրեթե բոլորիս խոհանոցներում հանդիպող դարչինն օրինակ, հարուստ է կալիումով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով և ցինկով: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, C, A, PP վիտամիններ, ինչպես նաև աղաղանյութեր, եթերայուղեր, բջջանյութ: Նույն ինքը՝ կիտրոնը, որ C վիտամինի շտեմարան է, պարունակում է նաև P վիտամին և կրկին ունի մանրէասպան մեծ ներգործություն: Ամենատարբեր սերմերը, հատկապես քունջութը և կտավատը, ևս լայնորեն խորհուրդ է տրվում մանկական դիետոլոգների կողմից՝ սկսած 7-8 ամսականից: Քունջութը կալցիումի, չհագեցած ճարպերի լավ աղբյուր է և հարուստ է հակաօքսիդանտներով: Երեխայի առողջ և բազմազան սնուցման գործում սերմերից կարևորվում է նաև կտավատը, որ օմեգա-3 յուղերի, ներծծվող և չներծծվող մանրաթելերի իսկական աղբյուր է:
Շեշտելով բազմազան համերի անհարժեշտությունը և օգտակարությունը փոքրիկների համար՝ մասնագետները միաժամանակ զգուշացնում են համային սուր ինքնատիպությամբ օժտված մթերքների ալերգիկ ազդեցությունների մասին:
Ցուցվում է համեմունքների, սերմերի, խոտաբույսերի ներմուծումը երեխայի օրաբաժնի մեջ սկսել փոքր քանակներից և հետևել դրանց ներգործությանը: Ինչպես բոլոր նոր մթերքների պարագայում, յուրաքանչյուր նոր համեմունք ևս խորհուրդ է տրվում ներմուծել 4-5 օրով՝ գնահատելու համար դրա հավելյալ ազդեցությունները: Ալերգիկ ռեակցիաներ նկատելուց հետո պետք է դադարեցնել տվյալ համեմունքի օգտագործումը: Անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է նաև համեմունքների թարմության ապահովումը. որպես կանոն, դրանք մեր խոհանոցներում շարված են լինում հատուկ անոթներում երբեմն տարիներ շարունակ: Խստիվ արգելվում է երեխաների պարագայում ժամկետանց, ոչ թարմ համեմունքների օգտագործումը: Բացի այն, որ համեմունքներն ինքնին կարևոր են երեխայի վաղ հասակից առողջ, հարուստ և համեղ սնուցումը կազմակերպելու առումով, դրանց դերն արժևորվում է նաև այլ իմաստով: Դրանք հնարավորություն են տալիս կրճատել ուտեստի համեղությանը նպաստող վնասակար մթերքների՝ աղի և շաքարի քանակությունը մանկական սննդում՝ միաժամանակ ապահովելով դրա համային արժեքը: Ինչպես գիտենք, ԱՀԿ-ն ցուցում է սահմանափակել ազատ (հավելյալ) շաքարը(3) ու աղը և միաժամանակ կարևորում է մրգերի և բանջարեղենների բնական քաղցրությունը, բանջարեղենների, մրգերի, հատիկավորների և լոբազգիների բաղադրության մեջ առկա բնական նատրիումը(4): Այս աղբյուրները բավարար են, որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Հատկապես քաղցրահամ ուտեստների հանդեպ, ինչպես գիտենք, երեխաները մեծ սեր են տածում և սա միանգամայն տրամաբանական է: Այդ սերը սնուցվում է մայրական կաթի հետ մեկտեղ, որը նույնպես քաղցրահամ է՝ շնորհիվ նրանում առկա լակտոզայի և սպիտակուցների: Եվ, թերևս, հենց սա է պատճառը, որ քաղցր համը բազային համարվող 4-5 համերի մեջ (քաղցր, աղի, թթու, դառը, կծու) ամենաերջանկաբերն է դիտվում: Ֆիզիոլոգ Վյաչեսլավ Դուբինինն այսպես է բացատրում այդ երևույթը. «Քաղցր և սպիտակուցային համերից ծնունդ առած ազդակներն անցնում են ուտեստային վարքի, հիպոտալամուսի մեջ: Այնտեղ տեղի է ունենում դրական զգացողությունների գեներացիա: Մենք կառուցված ենք այնպես, որ քաղցր և սպիտակուցային համերը դուր են գալիս մեզ ի ծնե: Իհարկե, դիետոլոգները խորհուրդ են տալիս վերահսկել կալորիաների օգտագործումը, սակայն սրանց հետ կապված դրական էմոցիաների տարափը չափազանց մեծ նշանակություն ունի: Այս է պատճառը, որ երբեմն հերթական կոնֆետից, շոկոլադի սալիկից կամ բուտերբրոտից հրաժարումը ամենևին հեշտ չի լինում»(5):
Իրականում, ինչպես բոլոր, այդ թվում և քաղցր համի պարագայում կարևոր է նախ, երեխային ճիշտ չափաբաժնի սովորեցնելը և, երկրորդ, հաճելին օգտակարով ուղեկցելը: Ազատ շաքարի նվազագույն չափաբաժինը մի կողմից, համեմունքների, տարբեր հատիկավորների, սերմերի, մրգերի և բանջարեղենների, չրերի ներառումը մյուս կողմից, էականորեն կարող է փոխել նույն քաղցրավենիքների սննդային արժեքը: Սակայն, մեր իրականության մեջ հաճելիի և օգտակարի այս զուգորդումն է, որ շատ հազվադեպ է հանդիպում այսօր մանկական քաղցրավենիքների աշխարհում: Մենք գալիս ենք լրացնելու հազվադեպի բացը՝ առաջարկելով բացառապես բնական հումքով, քիմիական հավելումներից, գունանյութերից և կոնսերվանտներից զերծ թխվածքների մեր տեսականին, որը միաժամանակ նաև հաճելիորեն համեմված է: Մենք առաջարկում ենք բառիս բուն իմաստով՝ մայրիկի պատրաստած թխվածքներ: Մանկական սնուցման արդի մոտեցումներից մեկն էլ սննդի պատրաստի կամ այսպես կոչված գործարանային տեսակներից հնարավորինս հրաժարումն է: Սակայն, մայրիկներից շատերն այսօր ժամանակի խնդիր ունեն, իսկ առողջ և ախորժաբեր թխվածքներով բալիկների առօրյան համեղ և գունեղ դարձնելն անհարաժեշտություն է աշխարհը նաև համերով ճանաչելու վաղ քայլերից սկսած: Մանկական թխվածքները ինչպես բուն համեմունքների, այնպես էլ սերմերի, ընդեղենների կիրառության լայն ասպարեզ են բացում: Մեր թխվածքներում մենք հնարավորինս օգտվում ենք այդ հնարավորությունից: Թխվածքները, ինչպես շատ մայրեր են նշում, հարմար են ճաշակելու տեսանկյունից, հատկապես, եթե դուք գտնվում եք դրսում: Իսկ երեխայի զարգացման որոշակի փուլում՝ անգամ հանգստացնող դեր ունեն: Այսպես, հատկապես չոր թխվածքաբլիթները՝ բիսկվիտները, անհրաժեշտ են համարվում ատամներ հանելու շրջանում՝ 8-12 ամասական հասակում. կրծոտելով՝ բալիկները և՛ հանգստացնում են լնդերի քորը, և՛ վարժվում ծամելուն, և՛ սովորում կոշտ ուտեստին(6): Մենք առաջարկում ենք թխվածքներ հենց այս՝ ամենավաղ հասակից:
Մենք ներկայանում ենք Ձեզ Ասիլ-Բասիլ անունով: Ասիլ-Բասիլ է կոչվել հայկական Ամանորի ավանդական թխվածքների մի տեսակը: Դրանք մարդակերպ հացիկ-թխվածքներ էին, որոնցով տանտիկինները մարմնավորում էին իրենց ընտանիքների անդամներին, ի դեպ զարդարելով չամիչով, սերմերով, ընկուզեղենով: Ինչպես թխվածքների թագուհին՝ տարին խորհրդանշող Տարեհաց-գաթան, այնպես էլ այս հացիկները թխվում էին հին և նոր տարիների միջև ընկած սահմանային ժամանակահատվածում: Հին, առասպելական պատկերացումներով սա գուշակությունների, գալիք Նոր տարին կանխատեսելու ամենահարմար ժամանակն է: Ամանորյա թխվածքների թխման ծեսի առաջնային նպատակն էլ գուշակությունն էր: Նոր տարվա նախաշեմին ողջ ընտանիքը հավաքվում էր թոնրի շուրջ, որի մեջ բառիս բուն իմաստով կերտվում էր նրա գալիք ճակատագիրը: Երբ տանտիկինը թոնրից հանում էր Ասիլ-Բասիլները, ընտանիքի անդամներն ուշի-ուշով, մեծ սպասումներով սկսում էին զննել յուրաքանչյուրն իրեն մարմնավորող հացիկին. եթե վերջինս ուռած-փքված, լավ թխված տեսք էր ունենում, նշան էր, որ գալիք տարին տվյալ անձի համար հաջողակ է լինելու, և, հակառակը, սմքած, լավ չթխված հացիկը՝ անհաջողության նշան էր:
Մեր կարմրաթուշ, մայրիկի թխած Ասիլ-Բասիլներով մենք նպատակ ունենք միմիայն առողջ և հաջողակ դարձնել մեր մանուկների առօրյան:
(1) Loren Cox, 5 Experts answer: Is it OK to Give Babies Spicy Food, https://www.livescience.com/36487-babies-spicy-food-introducing-solids-spices.html [12.12.2018]
(2) Համելյալ սնուցման՝ ԱՀԿ ցուցումներից մեկն է հավելյալ սննդի խտության աստիճանական ավելացումն ու այն բազմազան դարձնելը, տես. https://www.who.int/nutrition/topics/infantfeeding_recommendation/en/ [15.12.2018]
(3) Ազատ շաքարի ներքո ԱՀԿ-ն հասկանում է 1) սննդամթերքների կամ ըմպելիքների մեջ արտադրողի, խոհարարի կամ սպառողի կողմից ավելացված մոնոսախարիդները և դիսախարիդները, 2) սախարիդները, որոնք բնական կերպով առկա են մեղրում, սիրոպներում, մրգահյութում կամ մրգային կոնցետրատում: Տես. Юлия Корнева, Добовленный сахар: где он спрятан и какое количество безопасно для здоровья, https://live-up.co/dobavlennyj-saxar/, [15.12.2018]:
(4) https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/healthy-diet
(5) В. Дубынин, Мозг и вкус, https://postnauka.ru/video/82658?fbclid=IwAR01M0dy_ba_tlt5mEZGOq2sNrW0SEEKe2NJrZFiddKpi6mG3avo8xYPjOM [14.12.2018]
(6) A. Freeman, Teething Biscuits to Sooth Your Baby?, https://www.colgate.com/en-us/oral-health/life-stages/infant-oral-care/teething-biscuits-to-soothe-your-baby-1116