Մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն լինել լավ ծնողներ երեխայի համար և երեխային երջանիկ մանկություն ապահովել:
1. Սեր առանց նախապայմանների:
Դուք երեխային սիրում եք ոչ թե ինչ-որ բանի համար, այլ հենց այնպես: Երեխան կարող է նեղացնել կամ բարկացնել ձեզ, սակայն նրա նկատմամբ ձեր սերն այս ամենից չպետք է կախված լինի: Առավել ևս չի կարելի երեխային ակնարկել, թե իրեն կսիրեք, եթե…: Երեխան պետք է վստահ լինի, որ ինքն իր ծնողների ուրախությունն է` անկախ ամեն ինչից:
2. Երեխայի հետ անցկացրած ժամանակը երբեք մի համարեք զուր վատնած:
Իրականում մեծահասակներին ձանձրալի է թվում երեխայի հետ անցկացրած ժամանակը: Մեկ-երկու ժամ կարելի է ուրախանալ երեխայի խաղով, շարժումներով, իսկ հետո գալիս է ավելի «իմաստալից» բաներով զբաղվելու ժամանակը: Փոքր երեխայի կողքին նստելը թվում է մեծահասակի ժամանակի զուր կորուստ: Բայց իրականությունն այլ է. երեխայի հետ անցկացրած ամեն ժամը լրացնում է նրա ուրախ մանկության հիշողությունների շտեմարանը: Այնպես որ պարզապես միշտ երեխայի կողքին եղեք, միասին ինչ-որ բաներ արեք:
3. Արգելեք միայն այն, ինչը սպառնում է երեխայի անվտանգությանը:
Ծնողների համար ամենահեշտը երեխային արգելելն է: Որքան երկար է «չի կարելիների» շարքը, այնքան ավելի հանգիստ են ծնողները: Սակայն նման պարագայում մանկության մասին երեխային կմնան ընդամենը «բանտային» հիշողություններ: Արգելեք միայն այն, ինչը սպառնում է երեխայի կյանքին կամ անվտանգությանը: Իսկ երբ փոքրիկը պատռում է թերթը և շաղ տալիս այն տնով մեկ, կամ խորանարդիկներ է լցնում իր զգեստապահարան, մի բարկացեք: Ճիշտ է, հետո ստիպված կլինեք երեխայի հետևից հավաքել, բայց փոխարենը զուր արգելքով չեք ճնշի նրա անհատականությունը:
4. Լավ օրինակ ծառայեք ձեր երեխայի համար:
Եթե ուզում եք, որ, օրինակ, երեխան հագուստը չթափի սենյակով մեկ, ապա ինքներդ պետք է օրինակ ծառայեք և միշտ հավաք պահեք ձեր զգեստապահարանը: Երեխաներն ամեն ինչում կրկնօրինակում են ծնողներին` թե լավ, թե վատ արարքները: Ձեր վարքն ամենաարդյունավետ դաստիարակչական միջոցն է:
5. Աշխատեք հասկանալ և ընդունել երեխայի արժեհամակարգը:
Մեծահասակների չափանիշներով` բոլոր երեխաները խելագարներ են: Նրանք կարող են իրենք իրենց հետ խոսել, կարեղ են կծել,կամ աստիճանները թողած ժամերով տանջվել` սղարանի վայրէջքի մասից վեր բարձրանալու համար: Պարզապես երեխաների աշխարհն այլ է և այն, ինչ մենք հիմարություն ենք համարում, նրանց համար շատ կարևոր է: Որքան էլ ծիծաղելի ձեզ թվա ձեր երեխայի ցանկությունը, աշխատեք նրան լուրջ ընդունել: Քանի որ անգամ մանրուքի դեպքում մերժումը կարող է երեխայի համար ողբերգական լինել: Իսկ երբ օգնում եք երեխային իր գործողություններում, նա ձեզ ընդունում է որպես հուսալի մարդ, ոչ թե մեծահասակների «հիմար և անհասկանալի» աշխարհի ներկայացուցիչ:
6. Հարգեք երեխայի անհատականությունը:
Ձեր երեխային լուրջ ընդունեք: Նրա հետ հաճախ խորհրդակցեք, հարցրեք նրա կարծիքը, թույլ տվեք, որ նա իրեն քննարկման լիիրավ մասնակից զգա: Դժվար թե երեխան որոշիչ ինչ-որ բան ասի, սակայն տպավորությունը, որ նա մասնակցում է որոշումների կայացմանը, որ իր կարծիքը հաշվի են առնում, կբարձրացնի նրա ինքնագնահատականը և նրա հարգանքը ձեր հանդեպ:
7. Բացատրեք:
Ամենավատ պատասխանը, որ կարող եք տալ երեխայի հարցին. «Դու դեռ փոքր ես, չես հասկանա»: Իրականում շատ քիչ բաներ կան, որ չեք կարողանա բացատրել երեխային իրեն հասկանալի մակարդակով: Իսկ եթե նման բաներ կան, հավանաբար այն չեն հասկանում նաև շատ մեծահասակներ: Փորձեք պատասխանել երեխայի հարցրերին, բացատրել նրա համար անհասկանալին. անգամ եթե նա չհասկանա, լուրջ տեսքով գլուխը դրական կշարժի. նա գնահատել է ձեր վերաբերմունքը:
8. Մի վախեցեք շատ հոգատար լինել:
Մեծահասակն օրական գոնե 4 անգամ գրկախառնության կարիք ունի: Իսկ երեխաներն անհամեմատ ավելի շատ. նրանք ունեն սիրո և հոգատարության կարիք: Այդ իսկ պատճառով մի վախեցեք երեխային ավելորդ անգամ ցույց տալ ձեր սերը: Հաճախ գրկախառնվեք, ամեն առիթով և անգամ առանց առիթների շոյեք նրան ու քաղցր խոսքեր ասեք:
9. Մի քննարկեք երեխային նրա ներկայությամբ:
Մի քննարկեք երեխային վերաբերող հարցերը նրա ներկայությամբ. դա ամաչեցնում է երեխային, նրան անհարմարության մեջ դնում:
10. Փորձեք երեխային տալ ոչ թե լավագույնը աշխարհում, այլ լավագույնը, որ կա ձեր մեջ:
Երբ ձգտում եք երեխային նյութապես ապահովել, հիշեք, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց երեխաներն ավելի են ապահովված, որոնք ավելի լավ վայրերում են հանգստանում և այլն: Պարզապես ուժերի ներածին չափով երեխայի կողքին եղեք, նվիրվեք նրան: Երեխան դա կգնահատի և ձեզ կհամարի լավագույն ծնողը աշխարհում:
սկզբնաղբյուր`
http://www.psymag.am/article/dossier/%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-10-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4.html