Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն ծնողներին, ում բալիկներն այս սեպտեմբերին գնալու են առաջին դասարան 🙂 Ես արդեն համոզվել եմ, որ առաջին սեպտեմբերի 1-ը ծնողների տոնն է: Ցանկանում եմ, որ միշտ այդպես հպարտ ու ուրախ լինեք ձեր երեխաներով: Բոլորիդ մաղթում եմ լավ դասղեկներ ու լավ համադասարանցիներ 🙂
Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք վերջերս ինձ հաճախ են տալիս առաջին անգամ դպրոցին պատրաստվող ծնողները:
Ի՞նչ հագուստ պատրաստել դպրոցի համար
Այսօր շատ դպրոցներ ունեն հատուկ համազգեստ. շատերի համար համազգեստ են համարվում ջինսե շալվարներն ու սպիտակ շապիկները, իսկ որոշ դպրոցներ էլ պահանջում են իրենց հատուկ կտորով կարված համազգեստը, որը կարում է դպրոցի դերձակը: Հետևաբար, հագուստի վերաբերյալ հարկավոր է նախօրոք ճշտել ձեր դպրոցից:
Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին դասարան գնացող երեխայի պայուսակը
- Արդեն իսկ առաջին դասարանում երեխաների պայուսակը շատ ծանր է լինում, դրա համար էլ ամենահարմար պայուսակը երկու ուսերին հագնվող ուսապարկն է (рюкзак): Հիմա կան ակերով, գլորվող ուսապարկեր, որոնք շատ հարմար են տաք եղանակին, իսկ այ անձրևի և ձյան ժամանակ բավականին անհարմար են, քանի որ քշելուց լա~վ կկեխտոտվեն, իսկ ուսերին հագնելու համար էլ ակերի ու բռնակի պատճառով մի փոքր ավելի ծանր են սովորական ուսապարկերից:
- Ցավոք, գրավիչ ու հետաքրքիր փոքրիկ պայուսակները բոլորովին ճիշտ ընտրություն չեն լինի: Հիշեք, որ առաջին դասարանի դասագրքերը հիմնականում մեծ չափի են լինում (հաճախ A4 ֆորմատի թղթղից էլ մեծ), բացի դասագրքերից պետք է տեղավորել նաև նկարչական ալբոմը, որը երեխան պետք է կարողանա հեշտությամբ հանել ու դնել: Հետևաբար ընտրեք մեծ (բարձր, կամ լայն) պայուսակ:
- Քանի որ պայուսակում շատ իրեր են լինելու, պայուսակն ընդհանուր պետք է որակով լինի (այլապես շատ շուտ կքանդվի) և պետք է ունենա ամուր մեջք, որպեսզի երեխայի մեջքը չցավեցնի և չվնասի:
- Կարևոր է, որ պայուսակը ջրի շշի համար դրսից գրպանիկ ունենա: Հիմա բոլոր երեխաներն իրենց հետ ջուր են տանում, հաճախ նույնիսկ ուսուցիչներն են պահանջում (երևի, որ ջուր խմելու պատրվակով դասարանից դուրս չգան): Եթե գրպանիկ չլինի, ապա հաստատ մի օր այդ ջուրը կթափվի գրքերի ու տետրերի վրա 🙂
- Ցանկալի է, որ պայուսակը “դարակներ” ունենա: Այդպես երեխայի համար ավելի հեշտ կլինի իր ուզած իրը գտնել պայուսակում:
Պայուսակի պարունակությունը
Սա ինձ համար ամենահետաքրքիր մասն է 🙂 Ամեն տարի հաճույքով պատրաստվում ենք սեպտեմբերին:
- Դասագրքեր – Առաջին դասարանի դասագրքերը տալիս է դպրոցը: Կան հատուկենտ դասագրքեր, որոնք հնարավոր է պետք լինի գնել, բայց դա արդեն ուսումնական տարվա ընթացքում կիմանաք:
- Տետրեր – Եվ’ հաստ, և’ բարակ: Հիմա հազարավոր գեղեցիկ տետրեր կան, բայց խորհուրդ չեմ տա ոգևորվել ու շատ գնել: Նախ առաջին դասարանում տետրեր շատ պետք չեն գալիս, բացի դրանից, կան դպրոցներ (կամ անգամ կոնկրետ դասարաններ), որտեղ պահանջում են միանման տետրեր: Շատ դասագրքեր էլ ունեն իրենց հատուկ տետրերը: Այս ամենը հավանաբար կիմանաք դպրոցական առաջին ծնողական ժողովին: Նախօրոք կարող եք մի քանի տետր գնել և պատրաստ պահել: Իսկ դուք հիշու՞մ եք վերջին անգամ երբ եք լուսանցք գծել 😀 Այժմյան տետրերը եզրերից լուսանցքներ արդեն ունեն, բայց մեջի մասում պետք է գծել 🙂 Ձեզ համբերություն են մաղթում 🙂
- Տետրերի թղթապանակ (папка) – Շատերը տետրերի համար գեղեցիկ թղթապանակներ են գնում, բայց առաջին դասարանի համար հարմար չեն, նախ, որովհետև տետրերն այնքան էլ շատ չեն, և բացի դրանից, երեխային դեռ դժվար է գտնել ճիշտ տետրն ու ավելի հարմար է յուրաքանչյուր տետր դնել իր գրքի մեջ:
- Ծրար – Չգիտեմ ուրիշ դպրոցներում ինչպես է, բայց մեր դպրոցում սովորական ծրար շատ է պետք գալիս` մաթեմատիկայի համար գունավոր թղթերից կտրտած պատկերներն է հարմար մեջը պահել, ձեռքի աշխատանքի դասաժամի համար պատրաստած մանր թղթիկները և այլն…
- Կազմեր – Եվ’ տետրերի, և’ գրքերի համար: Կան տարբեր որակի ու գնի կազմեր: Ես սովորաբար գնում եմ բարակ ու էժան կազմերն այն դեպքերի համար, երբ պետք է անանուն տետրեր հանձնենք, որ հետո մի օր կարող է պետք գալ մեկին, իսկ լավերն օգտագործում ենք մեր անձնական տետրերի համար: Գրքերի համար կան կազմերի կոմպլեկտներ ըստ դասարանների, որը ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տա գնել, քանի որ տարբեր դպրոցներ ու դասարաններ տարբեր գրքեր են օգտագործում ու հավանականությունը, որ այդ կոմպլեկտի բոլոր կազմերի չափսերը կհամապատասխանեն ձեր գրքերին, շատ քիչ է: Ուզում եմ անպայման նշել իմ սիրած կպչուն կազմերի մասին, ինչին իմ սերնդի ծնողները ծանոթ չեն 🙂 դրանք վաճառվում են հատիկով, կամ մետրով, նախատեսված են անհայտ ու անհասկանալի չափի գրքերի համար, չնայած որ կարելի է օգտագործել բոլոր գրքերի համար: Ամեն դեպքում այս կպչունները շատ հարմար են, սովորական կազմի նման չեն փչանում ու չեն ճղվում: Գրախանութներում հարցրեք, կտան 🙂
- Նկարչական ալբոմներ – 🙂
- Գրիչներ – Այ սա ինչքան շատ գնեք, այնքան լավ, թեև միևնույնէ չի հերիքելու 🙂 Չմոռանաք կապույտից բացի գնել նաև սև, կանաչ ու հատկապես կարմիր գրիչներ: Նաև հիշեք, որ երեխան նոր է սովորելու գրել և ժամանակակից թիթիզ հաստ ու կոպիտ գրիչների փոխարեն ցանկալի է գնել բարակ, պարզ ու հասարակ գրիչներ, որպեսզի երեխայի մատիկներին հարմար լինի:
- Մատիտներ – Եվ’ գունավոր, և’ սովորական սև: Պետք չէ շատ գույներով տուփ լինի, կարևորը պարտադիր դեղին, կարմիր, կապույտ, կանաչն ու սևը լինեն (սա ասում եմ, որովհետև մեր առաջին սիրուն տուփի մեջ գազարագույնի, թանաքագույնի ու վարդագույնի կողքին չկային սովորական կարմիրը, դեղինն ու կապույտը):
- Գրչատուփ – Սովորաբար մատիտները, երբեմն նաև ֆլոմաստերները, չի լինում պահել իրենց տուփերի մեջ և ժամանակի ընթացքում բոլոր մատիտները, գրիչները, ֆլոմաստերները, ռետինն ու սրիչը հայտնվում են գրչատուփում, ինչի համար էլ պետք է վերջինս ընտրելիս ուշադրություն դարձնել չափերին ու ամրությանը:
- Ֆլոմաստեր – Խորհուրդ չեմ տա գնել թանկերը, որովհետև մի որոշ ժամանակ հետո միևնունէ բոլոր երեխաները խառնում են իրենց մատիտներն ու ֆլոմաստերները և ամեն օր տուն են բերում տարբեր բաներ 🙂
- Ռետիններ, սրիչներ, քանոն – Փորձը ցույց է տալիս, որ սիրուն ու գունավոր ռետինները սովորաբար բոլորովին լավ չեն մաքրում: Այնպես որ, ընտրեք որակով ռետիններ: Սրիչներն էլ ընտրեք տուփիկանմանները, որ սրած աղբը մեջը հավաքվի:
- Գունավոր թղթեր, մանկական փոքրիկ մկրատ, սոսինձ – Գունավոր թղթերը չթափրտելու համար հարմար է գնել ալբոմի նման թղթերը, որոնք ամրացված են միամյանց: Սոսինձն էլ գնեք “մատիտ” սոսինձներից, ջրիկ սոսինձները բոլորովին հարմար չեն դպրոցի համար:
- Թաց և չոր անձեռոցիկներ – Փոքրիկները, որ հեշտ օգտագործեն:
- Ջրի աման և ուտելիքի տուփիկ – Սրանք բոլորովին պարտադիր չեն, բայց հարմար են:
- Էջանշան – Մենք չենք օգտագործում 😛
- Հաշվելու փայտիկներ – Հիշու՞մ եք, մեր ժամանակ էլ կար 🙂 Կարծում եմ շատ դպրոցներում են հիմա օգտագործում:
- Դասացուցակի պաստառ – Շատ հարմար է ունենալ դասացուցակի պաստառ, որի վրա կգրվի երեխայի դասացուցակն ու կփակցվի պատին: Անկեղծ ասած, ես այլևս չեմ գնում պատրաստի պաստառ, այլ ինքս եմ համակարգչով պատրաստում: Իսկ եթե երեխան դպրոցից բացի հաճախում է նաև երաժշտական դպրոց, կամ այլ պարապմունքների, շատ հարմար է համակարգչով պատրաստել գեղեցիկ դասացուցակ և ժամացուցակ: Եթե երեխան դեռ լավ կարդալ չգիտի, կարելի է ժամացուցակի մեջ գրելու փոխարեն նկարներ դնել (օրինակ` դաշնամուրի դասի փոխարեն դաշնամուրի նկար դնել, լողի պարապմունքի փոխարեն դնել լողորդի նկար և այլն):
- Նոթատետր (блокнот) – Անկախ նրանից, որ ծնողներին հաստատ կտան դասարանի երեխաների կոնտակտները, երեխաները հաստատ ցանկություն կունենան միմյանց փոխանցել իրենց հեռախոսահամարները, ինչի համար էլ պետք կգա նոթատետրը: Բացի դրանից, նոթատետրը շատերն օգտագործում են օրագրից (առաջին դասարանում օրագիր պետք չէ) բացի տնային աշխատանքներն արագ նշելու համար, կամ էլ ուսուցչի ասածները նշելու և չմոռանալու համար:
Ֆեյսբուքի ծնողների հարցերին այստեղ պատասխանեմ 🙂
Ի՞նչ է “անանուն” տետրը 🙂
Մեր դասարաններում հաճախ տետրեր են հավաքում ու դնում մի անկյունում, որ եթե դասի ժամանակ աշակերտներից մեկի տետրը վերջանա, միշտ նոր, գծած (լուսանցքներ), պատրաստ տետր լինի ձեռքի տակ:
“Պայուսակի մեջքը պետք է ամուր լինի” ասելով նկատի ունեմ, որ մեջքին կպնող “պատը” մի փոքր ավելի հաստ ու ամուր լինի: Կան պայուսակներ, որոնք ամբողջովին բարակ կտորից են, մի տեսակ պարկի նման: Դրանց մեջ դրված իրերը երեխայի մեջքը այդ բարակ կտորից ցցվելով կցավեցնեն:
Մի լրացում էլ պայուսակի տակի` հատակի մասին 🙂 Դա էլ պետք է ամուր ու հարթ լինի, այլապես ամեն ինչ կճմռթվի… Բացի դրանից, պայուսակը հաճախ գետնին են դնելու (անգամ, եթե խնդրեք, որ չդնի :D), և բարակ տակ ունեցող պայուսակները շատ շուտ կմաշվեն: