Ինչպես նպաստել երեխայի ընթերցանությանը

Ուռա՜, դպրոցներում արձակուրդ է, ազատ ենք, հանգիստ, չենք վազում դպրոց, տուն գալուն պես դաս չենք սովորում, չենք հոգնում, չենք լարվում։ Բայց բավական է անցնի մի շաբաթ, ու սկսում ենք երեխաներին նորից ծանրաբեռնել արձակուրդների համար հանձնարարված առաջադրանքներով։ Ըստ իս երեխան պետք է հանգստանա սովորելու պրոցեսից, վազվզի, խաղա բակում, ֆիզիկապես զարգանա, ընթերցի, հաճելի զբաղմունքներով զբաղվի (լող, ասեղնագործություն, նկարչություն, կավագործություն, տարաբնույթ նկարչական տեխնիկաներով նկարչություն, կոլաժների պատրաստում, տարբեր սպորտաձևերում իրեն փորձի), ունենա ուղղակի ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ և այդ ժամանակը տնօրինի իր ցանկությամբ։ Արձակուրդներից հետո նոր ուսումնական տարին պետք է սկսել էներգիայով լի, հետաքրքրությամբ, հանգստացած։ Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր և հետաքրքրություն ձևավորելու համար ընթերցանությունը պետք է ներկայացնել որպես ազատ ժամանցի կազմակերպման ձև, ոչ թե դպրոցական հանձնարարություն: Սկսնակ ընթերցողի համար դժվար է որևէ հեքիաթ ամբողջությամբ կարդալը։ Նրանց մեծ մասը, երբ կարդալիս հանդիպում է դժվարության, կորցնում է հետաքրքրությունը գրքի նկատմամբ և հրաժարվում ավարտին հասցնել այն։ Երբեմն երեխաները հիասթափվում են ընթերցանությունից հենց ծնողների չափազանց պահանջկոտության պատճառով։

Առաջարկում եմ հետևյալ կերպ սկսել։

Տարրական դասարանի աշակերտը ճանաչում է բոլոր տառերն ու կարող է բառեր կարդալ։ Առաջարկեք կարդալ գովազդային վահանակների վրա գրվածները, որևէ ապրանքանիշի, հաղորդման, լրագրի անվանում։ Այդ ժամանակ խրախուսեք և ոգևորեք`ասելով, որ ինչ լավ է կարդում, այսպես կարող է նաև գիրք կարդալ փոքր տեքստով, կցանկանա՞ արդյոք փորձել։ Վստահեցրեք, որ կկարողանա։

Ընթերցելիս հետևեք երեխային, որ կարդա վանկերով, օրինակ, ոչ թե կ-ա-տ-ու, այլ՝ կա-տու։ Այսինքն՝ կարդալու նվազագույն միավորը պետք է լինի վանկը։ Երեխայի համար բարդ է հիշել մի քանի տառերի հաջորդականությունը, հատկապես բազմաթիվ տառեր պարունակող բառերը տառ առ տառ դժվար է վերարտադրել, իսկ 2-3վանկն ավելի հեշտ է հիշել և կապել իրար։ Սկզբից առաջարկեք կարդալ միայն հեքիաթի վերնագիրը, իսկ հեքիաթը դուք կարդացեք։ Որոշ ժամանակ անց առաջարկեք բացի վերնագրից կարդալ նաև 2-3 բառ, հետո մի նախադասություն, երկու նախադասություն։ Երբեմն մի հիշեցրեք, որ նախապես որոշված 2-3 տողն արդեն կարդացել է։ Հետո ընդգծեք, որ ավելին կարդաց, քան որոշված էր ու հիանալի էր, փաստորեն կարող է ավելին, հաջորդ անգամ ավելի շատ կկարդանք։ Եթե չի համաձայնվի, կարդացեք այնքան, ինչքան ուզում է։ 

Առաջին դասարանն ավարտած երեխաներին առաջարկեք փոքրիկ բանաստեղծություններ, գրքեր, որտեղ ամբողջ էջում մի նախադասություն է։ Այսինքն՝ երեխան շուտ պետք է վերջացնի կարդացածը, որպեսզի ոգևորվի և սիրով ցանկանա կարդալ հաջորդը։ Մի’ շտապեք մեծ ծավալի հեքիաթներ տալ կարդալու` միայն չափածո ոտանավորներ։ Միասին գնացեք գրախանութ, թողեք երեխան անձամբ ընտրի գիրքը, խորհուրդ տվեք ընտրել կարճ տեքստով պատկերազարդ գրքեր, որպեսզի ընթերցելն ավելի հետաքրքիր լինի։ Գրադարանից օգտվելը երեխայի համար մշակույթ դարձրեք, իսկ գրադարան այցելելը` գեղեցիկ արարողակարգ։ Գրադարան այցելելու համար հատուկ օրեր որոշեք, ու որոշված օրը անպայման հաճախեք գրադարան։ Երեխայի համար դրանք թող լինեն գրադարանի օրեր։

Սկսնակ ընթերցողը սկզբնական շրջանում, երբ դեռ լիարժեք չի տիրապետում կարդալու տեխնիկային, հնարավոր է՝ առաջին ընթերցելուց միտքը չհասկանա։ Նորից կարդացեք արդեն իսկ ծանոթ տեքստը ու ուշադիր հետևեք մտքին։ Կարդացեք բարձրաձայն, որպեսզի բացի աչքերով տեքստը տեսնելուց նաև լսի, այսինքն ինչքան շատ վերլուծիչ միանա պրոցեսին, այնքան ավելի լավ կկարողանա ընկալել։ Կարող եք նույն տեքստը մի քանի անգամ կարդալ, եթե երեխան ցանկանում է, ու ամեն անգամ ավելի վարժ կստացվի ու կոգևորվի։
Եթե այս տարբերակը չի գործում, կարդացեք մեկ-երկու տող ու դադար տվեք։ Թող գնա խաղալու, ու մի ժամից նորից կշարունակեք։ Ոչինչ թող իմաստը չհասկանա, միտքը ընդհատվի, բայց լավացնի կարդալու հմտությունը։ Երբ որոշակի կարդալու հմտություն կունենա, արդեն կարող եք ավելի երկար տեքստեր առաջարկել, նաև ուշադրությունը հրավիրեք կարդացվող նյութի իմաստի վրա։  

Երբ սխալվում է, օրինակ, կատար բառը կարդում է կատու, պետք չէ բարկանալ կամ ծիծաղել, ասել՝ սխալ ես կարդում, այլ առաջարկել նորից կարդալ ուշադիր, քանի որ այլ բան է կարծես գրված։ Այդ երևույթը ընթերցանության մեջ կոչվում է կռահման փուլ, այսինքն երեխան, տեսնելով տառերի` իրեն ծանոթ հաջորդականությունը, առանց շարունակությունը կարդալու, փորձում է կռահել բառը` հաճախ սխալ։ Մեծահասակ ընթերցողն էլ բոլոր հնչյունները մինչև վերջ չի կարդում, այլ որոշակի հաջորդականությունից կռահում է բառը, օրինակ, ություն, ական վերջավորությունները մենք չենք կարդում, այլ ճանաչում ենք տվյալ տառերի հաջորդականությունը և հասկանում։

Ընթերցանությունը խթանելու համար երեխայի հետ կարելի է մնջախաղ կազմակերպել։ Օրինակ՝ թղթի վրա մի քանի բառ գրեք՝առավելագույնը 5-6 բառ։ Երեխային հանձնարարեք բառը մտքում կարդալ և մնջախաղի ձևով բացատրել, իսկ դուք փորձեք գուշակել բառը։

Երեխան, ակամայից տարվելով խաղով, չի նկատում՝ ինչպես կարդաց բառերը։ Եթե կարողանում է կարդալ բառերը, գրեք երկու բառից կազմված նախադասություններ: Եթե խաղը հետաքրքիր է երեխայի համար, բարդացրեք հանձնարարությունները, ավելի երկար բառեր կամ նախադասություններ գրեք: Երեխաների առջև դրեք փոքր ու հեշտ հաղթահարելի խնդիրներ, որպեսզի չհիասթափվեն։ Սովորեցրեք փոքր քայլերի արվեստը:

Մասնակցեք գրքերի շնորհանդեսի, մանկական գրական միջոցառումների, հեքիաթի ընթերցանության, և շատ հնարավոր է, որ հենց այդ հանգամանքը նպաստի գրքերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:

Մի տարբերակ ևս փորձեք… ավելի մեծ տարիքի երեխաների համար: Կարդացեք որևէ գիրք և ամենահետաքրքիր հատվածում կանգ առեք և ինչ – որ պատրվակով կիսատ թողեք, այնպես, որ երեխան չհասկանա՝ ինչ եք ակնկալում, որպեսզի հետաքրքրությունից դրդված վերցնի և շարունակի կարդալ:

Երկրորդ դասարանի երեխաները համեմատաբար ավելի վարժ են կարդում, ու կարելի է առաջարկել այնպիսի գրքեր, որոնք գունագեղ են ու մեծ տառատեսակով գրված, հետաքրքիր բովանդակությամբ և արագ զարգացող գործողություններով (օրինակ՝ Ցարան ու Գզուզը)։
Երրորդ դասարանցիներին կարելի է առաջարկել Ջերոնիմո Ստիլտոն մկնիկի գրքերը, որոնք շատ հետաքրքիր են ու նույնպես շարադրված մեծ տառատեսակով և հետաքրքիր լուծումներով (օրինակ՝ շրջան բառը գրված է շրջանաձև, և պետք է գիրքը պտտել, որպեսզի կարդալ, աստիճան բառը գրված է աստիճանի տեսքով)։
Հիշե’ք, երեխայի համար դժվար և բարդ է ընթերցանության սկզբնական փուլը. անհրաժեշտ է համբերություն ու աշխատասիրություն։

Նյութը գրեց լոգոպեդ՝ Մարիամ Պետրոսյանը

խմբագրեց՝ Լեյլի Հայրապետյանը




Leave a Reply