Ինչպե՞ս նշել երեխայի տարեդարձը

Բոլորիս համար էլ երեխայի ծննդյան օրը տարվա գլխավոր տոնն է և տարօրինակ չէ, որ բոլորս ուզում ենք այդ օրը նշել հնարավորինս գեղեցիկ և տպավորիչ: Քանի որ Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբի անդամները հաճախ են անդրադառնում այս թեմային, որոշեցի այս գրառումով իմ կարծիքներն արտահայտել ու խորհուրդներ տալ մանկական ծննդյան օրվա կազմակերպման վերաբերյալ 🙂

Երեխայի ԱՌԱՋԻՆ տարեդարձը

Օ~, սա մեծ իրադարձություն է ընտանքի, իսկ երբեմն նաև ողջ գերդաստանի համար 🙂 Հոգատար ու հպարտ մայրիկներն ու հայրիկները օր ու գիշեր ոգևորված պլանավորում են այդ կարևոր օրը` փորձելով այն հնարավորինս տպավորիչ դարձնել իրենց փոքրիկ մեծիկների համար 🙂
Այ հենց այս սկզբնական փուլում պետք է հիշել, որ երեխայի առաջին տարեդարձը մեծերի` առաջին հերթին հենց ծնողների տոնն է: 1 տարեկան երեխան դեռ փոքր է մեծ միջոցառումներին մասնակցելու համար, շուտ է հոգնում աղմուկից, չի կարող մեծի պես հասկանալ, թե ինչ է կատարվում և ոչինչ էլ չի հիշելու (ցավոք) 1, 10 կամ 20 տարի հետո: Առակս ի՞նչ կցուցանե :D, որ մանկական սրճարանում նշելն անիմաստ է! Ֆեյսբուքի մեր խմբի քննարկումներից հասկացա, որ բոլոր նրանք, ովքեր արդեն նշել են իրենց 1-ամյակը, լիովին համամիտ են այս կարծիքի հետ: Ավելի ճիշտ կլինի նշել օրն այնտեղ, որտեղ հետաքրքիր կլինի մեծերի համար: Իսկ հոբելյառի համար օրը հիշվող դարձնելու համար, լուսանկարեք  միջոցառումն ու գեղեցիկ ալբոմ պատրաստեք 🙂

Անկախ նրանից, թե որտեղ և ինչպես կնշեք այդ օրը, տունը կարող եք գեղեցիկ զարդարել. փուչիկներն ու տոնական դրոշակները միշտ կարող են օգնության հասնել 🙂
Եթե տանը հյուրեր եք ունենալու, կարող եք տունը զարդարել նաև երեխայի լուսանկարներով: Կարող եք նաև մի մեծ թղթի վրա փակցնել նախորդ 12 ամիսներից երեխայի մեկական լուսանկար և հետաքրքիր մեկնաբանություններ գրել 🙂

ԱՎԵԼԻ ՄԵԾ տարիքի երեխաների ծննդյան օրը

Ավելի մեծ տարիքի երեխաների ծննդյան օրը հետաքրքիր և հիշվող դարձնելու համար կարելի է այն դարձնել թեմատիկ: Բոլոր երեխաներն էլ ունեն հետաքրքրություններ, սիրված մուլտ-հերոսներ: Ընտրեք որևէ թեմա և զարդարեք տունը դրան համապատասխան:

Օրինակ`

– եթե երեխան սիրում է մեքենաներ, կարելի է գունավոր թղթերից տարբեր չափերի մեքենաներ կտրտել և դրանցով զարդարել: Կամ էլ կարելի է նվերները տան մեջ տարբեր տեղեր դնել և այդ թղթե մեքենաներն օգտագործել որպես ուղեցույց, որ երեխան առավոտյան դրանց ուղղությամբ գնալով գտնի նվերները:

– եթե ձեր երեխան թիթիզիկ աղջիկ է, կարող եք վարդագույնի երանգներով կտորներից ծաղիկներ կարել (լավ է ստացվում թղթանման фетр-ից, որով սովորաբար ծաղկեփնջերն են փաթաթում), թղթերից թիթեռնիկներ պատրաստել (կամ սովորական կտրտել), համապատասխան գույների ժապավեններ վերցնել և այդ ամենով զարդարել վարագույրները, պատերը և այլն…

– եթե ձեր տղային հետաքրքրում է ծովահենների (пираты) թեման, կարող եք գունավոր ստվարաթղթերից մեծ նկար պատրաստել պատի չափով` կապույտ ծովի ալիքներ, դեղին կղզի, պալմաներ, վերևում ճայեր, ամպեր, արև և այլն… Նախապես խանութից գնեք հաստ պարաններ, սենյակում պարանները կապեք այնպես, որ նմանվի նավի առագաստներին, վրան ամրացրեք եռանկյունաձև թղթե դրոշակներ (որոնց վրա կարող եք թեմատիկ նկարներ տպել)… Այս ամենի հետ միասին, կարող եք խաղալիքների խանութից գնել ծովահենի գլխարկ և թիկնոց: Կարող եք նաև խանութից գնել ոսկեգույն թղթերով կոպեկների նման կոնֆետներ, որոնք ծովահենի գանձերը կլինեն 🙂 Կարող եք վստահ լինել, որ առավոտյան նման հեքիաթ տեսնելը երեխային շատ կուրախացնի!

Մի խոսքով, մի վախեցեք ստեղծագործել! Ընտրեք թեման և անցեք գործի 🙂

Տունը զարդարեցիք, իսկ ո՞րտեղ հյուրընկալել փոքրիկի հյուրերին: Տարբերակները մի քանիսն են`

Տանը 🙂 Եթե, իհարկե, կա բավական տարածք հյուրընկալության համար!
Անձանբ ինձ համար սա ամենահետաքրքիր ու ցանկալի տարբերակն է, քանի որ հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել և սեփական ճաշակով կազմակերպել միջոցառումը:
Եթե ձեզ հաջողվել է տունը թեմատիկ զարդարել, ապա հետաքրքիր կլինի, եթե փոքրիկ հյուրերին էլ դարձնեք ձեր թեմայի մասնակիցը` նախապես պատրաստված “մանր-մունր” աքսեսուառներով համապատասխան կերպարի տեսք տալով նրանց:
Տանը նշելու դեպքում կարելի է շեշտը դնել խաղերի վրա, իսկ հյուրասիրության սեղանը դնել մի անկյունում` “шведский стол” տարբերակով: Սա երեխաների տոնն է և դրա համար էլ մենյուն կազմելիս ընտրեք ոչ թե “ընդունված”, “գեղեցիկ” կամ “շռայլություն” համարվող ճաշատեսակներ, այլ ընտրեք այն բաները, որ գիտեք երեխաները սիրում են և կուտեն: Իհարկե սեղանը գեղեցիկ ձևավորելն ավելի քան ցանկալի է 🙂
Հյուրերի տարիքին համապատասխան շատ ու շատ խաղեր կարելի է կազմակերպել, կերևորը ամեն ինչ նախօրոք որոշելն է: Եթե ինքնուրույն չկարողանաք ոչինչ հնարել կամ հիշել, Համացանցում հաստատ կգտնեք 🙂
Տանը նշելու դրական կողնը միջոցառումը ինքնուրույն ու սեփական ճաշակով կազմակերպելու հնարավորությունն է, իսկ բացասական կողմը` այդ ամենից հոգնելը 😀

Քաղաքից դուրս` բնության գրկում 🙂 Պարտադիր պայման է լավ եղանակը!
Այս տարբերակն ավելի լայն հնարավորություններ է տալիս խաղերի ընտրման և կազմակերպման համար: Իսկ ինչ վերաբերվում է հյուրասիրությանը, ապա կարող եք վստահ լինել, որ նման միջավայրում ուտելը բոլորի համար էլ հետաքրքիր ու ուրախ կլինի:
Միակ անհարմարությունն այս տարբերակում երաժտության ապահովումն է:

Մանկական այգում
(էլի պարտադիր պայման է լավ եղանակը)
Մենք աղջկաս 4-ամյակը նշեցինք “մանական երկաթուղում”: Նախօրոք բոլոր երեխաների համար իրենց տարիքին համապատասխան կարուսելների տոմսեր էի գնել: Բացի դրանից, նախապես գնել էի կենդանիների դեմքերով маска-ներ, ինչից երեխաները կարծես նույնքան ուրախացան: Շատ հետաքրքիր ու ուրախ անցավ, վերջում էլ այգու սրճարանում բոլորին պիցցա հյուրասիրեցինք: Իհարկե օրն ավարտվեց տոնական գեղեցիկ տորթիկով, որն էլի նախօրոք էր պատվիրված:
Քանի որ վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի, միանգամից ասեմ, որ ֆինանսական առումով արդյունքում նույն գումարը ստացվեց, ինչ միանշանակ կստացվեր տանը, կամ որևէ մանկական սրճարանում նշելիս, նույնիսկ մի~ փոքր ավելի քիչ էր:

Մանկական սրճարանում
Սա այսօր երևի ամենատարածված տարբերակն է: Չեմ կարծում, որ կարող եմ որևէ նոր բան ասել ծննդյան օրն այստեղ նշելու վերաբերյալ, բայց մեկ ուրիշ գրառումով կնշեմ Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբի անդամների կողմից առաջարկած մանկական սրճարանների ցանկը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Այսօր կան ընկերություններ, ովքեր նոր տարբերակներ են առաջարկում միջոցառումները նշելու համար` դիսկո պարային ակումբ, քվեստ խաղեր, հետաքրքիր ու յուրօրինակ հատուկ մշակված խաղեր և այլն: Նման ընկերություններին ու նրանց ծառայությունները կարող եք ուսումնասիրել այստեղ`  http://www.armparents.com/sphere/10 :

 

Երկու հատ էլ լրացուցիչ խորհուրդներ ծննդյան օրերի վերաբերյալ`
– Միայն երեխաները չեն, որ արժանի են ուշադրության ու գեղեցիկ ծննդյան տոնի! Նույնիսկ տատիկի ու պապիկի ծննդյան օրը կարելի է գեղեցիկ ու թեմատիկ զարդարել տունը 🙂
– Համոզված եմ, որ բոլորդ էլ ծննդյան օրվա վերջում հաճախ բարձրաձայն արտասանում եք “Իսկ սա ո՞վ է նվիրել :(” , այդպես չէ՞ 🙂 Դրա համար ուրիշին նվեր պատրաստելիս հիշեք ու ինքներդ ձեր նվերին կցեք ձեր անունով մի փոքրիկ գրություն: Իսկ ձեր հյուրերին էլ, հնարավորության դեպքում, խնդրեք անել նույն բանը 🙂

Կարծես թե այս անգամ այսքանը 🙂

Leave a Reply