Սիրելի մայրիկներ, ովքեր սիրում են իրենք պատրաստել երեխաների համար, այլ ոչ թե գնել խանութի կասկածելի կաթնամթերքը, ապա իմ բաղադրատոմսերը հետևյալն են`
ԿԱԹՆԱՇՈՌ
Կաթնաշոռ պատրաստելու եղանակները բազմազան են: Պետք է կաթը թթվացնել, որպեսզի այն կտրվի: Եթե դուք պատահաբար մոռացել եք կաթը դնել սառնարան և այն թթվել է կամ կաթը եփելուց կտրվում է, մի վհատվեք, դուք ունեք հիանալի հումք կաթնաշոռ պատրաստելու համար: Կա երկու հիմնական մոտեցում, կաթը հնացնել և թթվացնել թթուներով:
Հնացնելու դեպքում շոգ եղանակին բավական է մեկ գիշեր կաթը թողնել սեղանին, իսկ առավոտյան եռացնել, և այն անմիջապես կկտրվի:
Իսկ եթե սիրում ենք ամեն ինչ արագ անել, ապա եռացնում ենք կաթը, երբ այն սկսում է եռալ, խառնում ենք, որ նստի ու ապահովում ենք թթու միջավայր: Թթուներ կարող եք վերցնել` լիմոն, մածուն, թթվասեր, ջրիկ կալցիումի քլորիդ… Ինձ մոտ ամենալավը ստացվում է լիմոնով: Մեկ բաժակ կաթին մի քիչ լիմոն եմ մզում: Պետք չէ միանգամից շատ քանակով թթու ավելացնել, այլապես կաթնաշոռը փափուկ չի լինի: Ավելացրեք քիչ-քիչ այնքան ժամանակ, երբ նկատեք մանր գնդիկներ, կրակը իջացրեք, և թողեք այնքան ժամանակ մինչև շիճուկը լրիվ կառանձնանա և դեղին գույն կդառնա:
Տեսքը այդան էլ դուրեկան չէ:
Պետք է թողնել մի որոշ ժամանակ այսպես, որպեսզի կաթնաշոռը նուրբ ստացվի, բայց եթե դուք ժամանակ չունեք, հոգ չէ, միանգամից կարող եք քամել: Քամում ենք սովորական մանր քամիչով, որի վրա ես ստերիլ անձեռոցիկներ եմ փռում, որովհետեվ քամիչը դժվար է հետո լվանալ:
Թողեք շիճուկը հոսի, պետք չէ գդալով կամ մատով սեղմել, այլապես շատ չոր կստացվի: Եթե նույնիսկ մի քիչ հեղուկ մնա, հոգ չէ: Քամվելուց հետո տեղափոխում ենք ափսեի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է:
Եթե անհրաժեշտ է շատ քանակով պատրաստել, ապա քիչ-քիչ պատրաստեք, ասենք կաթը վերցրեք կես լիտրից ոչ ավել:
Մածուն
Մածուն պատրաստելու համար եռացնում ենք մեկ լիտր կաթը, անջատում ենք կրակը և թողնում սառչի մինչև 40-42 աստիճան: Ջերմաստիճանները ես սովորեցի ձեռքով տարբերակել երեխայիս լոգանքի համար ջուր պատրաստելիս: Այս ջերմաստիճանը մարդու մարմնի ջերմությունից մի քիչ տաք է: Եթե այնուամենայնիվ դժվարանում եք կողմնորոշվել, օգտագործեք խոհանոցային ջերմաչափեր կամ հենց երեխայի լոգանքի ջերմաչափը: Իսկ ժողովրդական լեզվով ասում են, կաթը մի քիչ կծում է: Սառելուց հետո ավելացնում ենք մերանը` մեկ գդալ մածուն կամ չոր մերան, հետո խառնում ենք և բերանը փակում: Պետք է ապահովել 40-42 աստիճան ջերմություն 6-8 ժամ, որպեսզի մածունը վերջնական տեսքի գա: Ամենահին և ավանդական եղանակը ստեղծել ջերմային բաղնիք` սրբիչով փաթափել և թողնել: Սա հարմար է շոգ եղանակին, իսկ ձմռանը կարող եք օգտագործել “Յոգուրտնիցաներ”: Իսկ եթե տունը չեք ուզում ծանրաբեռնել նոր տեխնիկայով, ապա կարող եք դնել ջեռոց:
Ժողովրդի մեջ ընդունված է, որ մածուն պատրաստելիս չպետք է խոսել և մերանը լցնելուց հետո չպետք է այն տեղաշարժել: Ես ինքս առանձնապես տարբերություն չեմ զգացել:
Յոգուրտ
Յոգուրտը հատկապե’ս խորհուրդ եմ տալիս պատրաստել տանը և չգնել խանութից, քանի որ միայն այսպես կարելի է ապահովել կենդանի կուլտուրաներ: Յոգուրտը պատրաստում ենք ճիշտ այնպես ինչպես մածունը: Մի փոքր քաղցրացնելու համար մերանից առաջ 1 ճաշի գդալ շաքարավազ կարող եք գցել: Այսպես կդառնա ճիշտ դասական յոգուրտ: Սակայն ես չեմ անում, քանի որ աղջիկս դեռ շատ փոքրիկ է: Պատրաստելուց հետո կարող եք ավելացնել մրգեր` կտրտած կամ տրորած: Ի երջանկություն ինձ, խանութում հայտնվել է յոգուրտի չոր մերան:
Բարի ախորժակ փոքրիներ, կեֆիրի և թթվասերի բաղադրատոմսերը առջևում են:
Գոհար ջան, էս ինչ օգտակար գրառումա 🙂 Շնորհակալություն 🙂
Աստղիկ ջան շնորհակալություն բլոգի համար )))
Shat Shnorhakalutyun posti hamar:)) inc hamar norutyun er,vor vajarqum ka chor meran, kaseq vortexic eq gnum???
Erevan Cityum ka. U voch miayn yogurt ev matsun, ayl ttvaser, katnashor, narine el kar vonc vor. )))