Երբ աղջիկս 1 տարեկան դարձավ, մենք պատրաստեցինք առաջին կոտլետը:
Առանձնապես եսիմ ինչ չի, բայց որոշեցի կիսվել մեր փորձով, որպես առաջին կոտլետ տարբերվում է մեզ հայտնի կոտլետներից:
Անհրաժեշտ է
- հավի աղացած միս, (քանի որ հերիք չի կոտլետ է, այն էլ առաջին, ծանր է, հետևաբար հավի միսը ամենադյուրամարսն է),
- գլուխ սոխ աղացած,
- մաղադանոս,
- կարտոֆիլ աղացած,
- ձվի դեղնուղ,
- աղացած սպիտակ հաց կամ ալյուր,
- աղ:
Այս ամենը խառնում ենք, հետո գլորում ենք ալյուրի մեջ և պատրաստում գնդիկներ կամ գլանակներ: Ամենակարևորը կոտլետները չպետք է տապակենք, այլ շոգեխաշենք: Դրա համար հատուկ թավաներ են վաճառում, բայց քանի-որ ես դեռ պատրաստվում եմ գնել այդպիսի թավա, օգտվեցի սովորական ցանցից: Ցանցը կարող է լինել ցանկացած տեսակի, մանր կամ խոշոր անցքերով: Այն պետք է տեղադրենք եռացող ջրով կաթսայի վրա, բայց որ ջուրը չհասնի ցանցին: Ջուրը վերջանալիս պետք է ավելացնել:
Ահա և վերջ, տեղադրում ենք կոտլետները, կափարիչով փակում և ժամանակ առ ժամանակ շրջում: 30 րոպեից պատրաստ են, բայց անպայման համտեսեք բալիկին հյուրասիրելուց առաջ, որպեսզի համոզվեք որ իսկապես պատրաստ են: Աղջիկս միանգամից երկուսը կերավ: Սպիտակուցների հիանալի աղբյուր են:
Բարի ախորժակ:
Իսկ ես վստահ եմ եղել, որ մինչև 3 տարեկան հավի միս չի կարելի տալ… :/
Աստղիկ ջան հավի միսը ամենադյուրամարսն է, քո ասածը վերաբերվում է հավի կաշիին: Չարաշահել իհարկե պետք չի, հատկապես խանութի փչած հավերը: Իսկ լավագույն տարբերակը դա հնդկահավն է, բայց դե այդքան էլ հեշտ չի ճարվում: