Գրեթե յուրաքանչյուր ծնողի հիմնական ցանկություններն են, որ երեխան առողջ լինի, լավ կրթություն ստանա, լավ մարդ դառնա, կյանքում կաողանա կայանալ, ամուր և ներդաշնակ ընտանիք կազմի, երջանիկ լինի… Գաղտնիք չէ, որ հայ ծնողներից շատերը ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին “իրենց նպատակին’’ հասցնելու համար: Այդուհանդերձ այս ամենն իրականացնելու ճանապարհին ի հայտ են գալիս բազում խնդիրներ, որոնք ոչ միշտ են ցանկալի լուծում ստանում: Մյուս կողմից էլ դաստիարակման հարցում իրենց ավանդն ունեն ոչ միայն ընտանիքը, այլև շրջապատող միջավայրը, մանկապարտեզը, դպրոցը, բուհը, հեռուստատեսությունը, երկրում գործող մշակութային կյանքը և այլն: Ինչ է ստանում երեխան այս ինֆորմացիոն և էմոցիոնալ հեղեղից: Ստանում է արդյոք այն, ինչի անհրաժեշտությունը ունի, և պաշտպանված է արդոք նրանից, ինչն իրեն վնասում է:
Գիտական մտքի և տեխնիկայի զարգացման այս դարաշրջանում կարելի է նկատել նաև հասարակության ներսում զանազան հիվանդագին երևույթների աճ: Դարի տարածված հիվանդություններից են դեպրեսիան, ապատիան, կյանքի ուժերի անկումը, աուտիզմը և այլն: Ակնհայտ է, որ սրանք ցավալի, աղետալի երևույթներ են և հետևանք են շատ կարևոր բացթողումների: Որոնք են դրանք:
Հարյուրամյակներ շարունակ մարդկությունը ունեցել է շատ բարձր բարոյական և հոգևոր զարգացածության հասած առաջնորդներ, որոնք իրենց գիտակցությամբ անհամեմատ ավելի առաջ են եղել ժամանակակիցներից, նրանք իրենց առաքելությունն են համարել ուղղորդել և սատարել մարդկանց: Հաշվի առնելով տեղային և ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատկությունները` նրանք ընտրել են տարբեր միջոցնել: Այդ իմաստությունը մարդկանց փոխանցելու ձևերից մեկն էլ եղել է այն, ինչը հետագայում կոչվեց ազգային ավանդություն: Այսպիսով ժողովրդական հեքիաթները, առակները, լեգենդները, էպոսները /և այլն/ մարդկային էության շատ ավելի խորը իմացություն և հավերժական իմաստություն են կրում իրենց մեջ, քան ընդունված է կարծել:
Ցավոք ներկայումս ստեղծվող մուլտֆիլմերի ճնշող մեծամասնությունը բնավ երեխաների համար չէ: Եթե անգամ օգտագործվում են հայտնի հեքիաթներից մոտիվներ, դրանք այնքան են աղավաղվում և չարչրկվում, որ դրանց օգտակարությունը վնասի համեմատությամբ չնչին է: Կարծում եմ խորհրդային մուլտերը երեխայի համար ընդունելի` կարճ ժամանակահատվածում ավելի մեծ ասելիք ունեն: Ի վերջո ներկայիս մուլտֆիլմերի հեղինակները իրենք են հայտարարում, որ իրենց նպատակն է զվարճացնել: Արդյոք միայն զվարճանալը բավարար է դաստիարակվելու համար:
Արդյոք այդ բարոյականության բացակայությունը չէ մեր քաղաքակրթության մեծ բացթողումներից մեկը: Անշուշտ լավագույնը կլիներ այն, որ վերը նշված ինստիտուտները գիտակցեին իրենց խնդիրները և լուծեին դրանք, բայց մենք ունենք այն, ինչ ունենք… Մեկ այլ տարբերակ կլինի, որ ծնողն անձամբ, կամ որևէ մասնագետի միջոցով հոգ տաներ երեխայի բարոյական դասիարակման մասին:
Սիրելի ծնողներ, հավատացնում եմ ձեզ, որ երեխան, որը մեծացել է հեքիաթներ ու լեգենդներ ունկնդրելով, նկատելիորեն ավելի առողջ է, խելացի, քաջ և կրեատիվ: Չէ որ, եթե նեքին խթանը հանդիսանում է մարդկանց օգտակար լինելու ձգտումը, ապա համոզված եմ, որ ցանկացած ասպարեզում նման մարդը անհամեմատ ավելի լավ մասնագետ կլինի, քան մեկ ուրիշը, ավելի բանիմաց և հետաքրքրվող, ինքնակրթման բնական մղումվ լի:
Սիրով` Նելլի Քոչարյան