ԻՄ ՏՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Երկար եմ գրելու, քանի որ իմ համար շատ կարևոր ու թանկագին թեմայի մասին եմ գրում։ Սովորաբար չեմ սիրում իմ խիստ ներքին թեմաների շուրջ խոսել, սակայն այս դեպքում կարծում եմ արժի կիսվել իմ փորձով, ոչ նրա համար, որ ցույց տամ, որ ես օրիգինալ եմ կամ դեմ եմ բժշկության ավանդական մեթոդներին, առավել ևս սա կոչ չի և ոչ էլ ուղղեցույց, ոչ էլ խրախուսման սպասում կամ հակառակը իմ արարքի քննադատություն։ Բնավ դրա կարիքը չունեմ և վստահ եմ իմ արարքի ճշմարիտության ու պատասխանատվության գիտակցման վրա։ Ընդամենը զգացել եմ անկեղծ հետաքրքրություն ընկերների և մտերիմների շրջանում իմ տնային ծնունդի նկատմամբ և խոսք տվեցի, որ հոդված կգրեմ, ինչը ուշացած անում եմ։ Ում հետաքրքիր է թող նա կարդա։
Իմ 3րդ հղիությունն էր։ Սկզբում ամեն ինչ գնում էր հանգիստ, դեռ ծնունդը հեռու էր, ես էլ ավելի շատ կենտրոնացած էի իմ դասերով Բժշկական Համալսարանում, որտեղ ես վերապատրաստվում եմ կենսաքիմիկից բժիշկ, զուգահեռ նաև ավարտեցի դասական հոմեոպատիայի 2,5 տարվա կուրսը։ Սակայն երբ արդեն հղիության 5 ամսեկանում էի սկսեցի լրջորեն մտածել ծնունդի մասին, ու ինչքան մտածում էի այնքան ավելի շատ էր ինձ համակում դառնությունը։ Սկսեցի բոլոր մանրամասնություններով հիշել տպավորություններս, չնայած իմ գերերջանիկ վիճակին, այնուամենայնիվ տպավորություններս առաջին 2 ծննդաբերություններից բացասական էին։
Այս ամենը եղավ նախադրյալ, սկսեցի որոնել գրականություն, որտեղ տնային պայմաններում ծնունդի մասին մանրակրկիտ գրվում է։ Այն ինչ կարդացի շատ տպավորիչ էր և ոգևորիչ։ Եվ քանի հղիությունս մոտենում էր ծննդյան օրվան, այքան այդ միտքը ավելի հզոր էր դառնում։ Երբ առաջին անգամ ասեցի ամուսնուս իմ ցանկության մասին, նա ուղղակի հունից դուրս եկավ, սպառնաց, որ կբաժանվի, որ երբ սկսվի ծննդաբերությունը ինքը կգնա աշխատանքի կամ երեխաների հետ բակ։ Ես իմ տեսակետը հայտնեցի ամենայն մանրամասնությամբ և ինձ բնորոշ կրքոտությամբ։ Անցավ որոշ ժամանակ ես փնտրում էի փորձառու մանկաբարձուհի օգնության համար, սակայն ապարդյուն։ Արդեն մոտ 8 ամսեկան էր հղիությունս ես ձեռքերս վայր դրեցի, անսահման էր տխրությունս, բայց մտածեցի, որ առանց մանկաբարձի և առանց ամուսնուս աջակցության չարժի գնալ այդ քայլին։ Սակայն երբ կանանց խորհրդատվությունից խնդրեցին գալ ծննդատան գլխավոր բժշկի հետ զրույցի, մտածեցի միգուցե հնարավոր կլինի գալ համաձայնության որոշ հարցերի շուրջ կապված ծննդաբերության և երեխայի խնամքի հետ։ Ինձ սպասում էր խորը հիասթափություն, սկսած այն պահից երբ մտա այն ծննդատունը, որտեղ արդեն 2 անգամ ծննդաբերել էի։ Հիշեցի նույնիսկ այդ հոտը, այդ պատերի գույնը, ամենայն մանրամասնությամբ իմ այնտեղ գտնվելու ժամանակը և սիրտս սկսեց խառնել։ գլխավոր բժ֊շկի հետ զրույցը էլ ավելի դառնացրեց իմ հոգեվիճակը։
Առաջին ծննդաբերությունը՝ վաղ առավոտ էր արթնացա, զգացի, որ սկսում է…, զանգեցի ծանոթ բժշկի, որը պետք է ընդուներ ծնունդը, ասեց պառկի քնի, պնդեցի, որ արդեն ժամանակն է, ասեց գնա հիվանդանոց ես գալիս եմ։ Իրերս պատրաստ էին։ Հիվանդանոց հասնելուն պես ստուգեցին կա բացվածք, թե չէ, շատ ցավոտ էր։ Անմիջապես հրամայեցին բարձրանալ աթոռին, մի կերպ բարձրացա, ու զգացի ահավոր ցավեր, իջա, ցավերս մեղմացան, նորից հանեցին աթոռի վրա, ցավերս էլի ուժեղացան, այդ պահին ուզում էի, որ ինձ հանգիստ թողեն, իսկ նրանք ինձ անըդհատ ինչ որ ուղղություն էին տալիս, հրամաններ տալիս, իսկ իմ ուղեղը համառորեն չէր ուզում ընկալել ոչինչ, ես միայն ուզում էի կենտրոնանալ, թե իմ մեջ ինչ է կատարվում և ինչպես օգնեմ ինձ ու իմ երեխային, սակայն անփորձությունը և գիտելիքի պակասը, անվստահությունը իմ ու երեխայի ուժերի վրա հաղթեց։ Ծնունդը շատ արագ էր, բայց դժվարությամբ, գլուխը մարմնից ավելի մեծ էր և բավականին պինդ ու ոսկրացած (հիմա հասկանում եմ, որ հղիության ընթացքում բժիշների նշանակած ՄգԲ6ը և կալցիումը անհարկի մեծացրել և կարծրացրել էին երեխայի գլուխը)։ Բժիշկները շտապում էին և արեցին արտաքին կտրվածք, որպեսզի երեխայի գլուխը դուրս գա։ Երեխան ծնվեց գլխին հեմատոմա, վերջինս իրեն փրկեց, որ ծննդատանը չանեն պատվաստում։ Այնուհետև երեխային տարան ու ինձ միացրեցին սիստեմա։ Խնդրեցին, որ գումարը հենց այդ պահին վճարեմ ծնունդ ընդունելու համար։ Ինձ տեղափոխեցին պալատ, ուզում էի թեյ խմել, բայց չկար մեկը որին խնդրեյի։ Պալատում բացի ինձանից 2 ծննդկան կային, լյուքսը ինչպես միշտ զբաղված էր։ Չէի կարողանում շարժվել կտրվածքի պատճառով և արդեն մի քանի ժամ է երեխայիս չէի տեսել, մի քանի անգամ խնդրեցի, որ երեխայիս բերեն, բայց ասում էին քնած է, ասում եմ քնած բերեք, ասում են չի կարելի, բժիշկը պետք է պրոֆիլակտիկա անի։ Այն ժամանակ չէի հասկանում այդ ինչ պրոֆիլակտիկա է, բայց կարծեցի կարևոր բան է։ Հետո հեռվից ուժեղ լացի ձայն լսեցի, սիրտս սկսեց արագ խփել, էլ չնայեցի ցավերին, արյունահոսությանը, վազեցի միջանցքի ծայրը ու մտա մանուկների սենյակը, շատ կային երեխաներ, դրանցից մեկն էր լացում ամենախոշոռը, իմ տղան էր։ Միայն ասեցի տանում եմ իմ երեխային, էլ չէի լսում, թե մանկաբարձն ինչ էր ասում։ Տղայիս հենց գրկեցի ձայնը կտրեց ու անուշ ֆսֆսացնում էր, պալատում մի կերպ աչքերը բացեց, ժպտաց ինձ ու փակեց աչքերը, մենք ծանոթացանք դեմքով։ Այդ պահին զգում էի, որ անսահման երջանիկ եմ, մեջս ցանկություն առաջացավ կուրծք տալ։ Միանգամից վերցրեց ու ագահությամբ սկսեց ուտել։ Պալատը տաք էր և արևոտ, ես անսահման երջանիկ։ Բժիշկները անընդհատ ստիպում էին խնձորի հյութ խմեմ, որ կաթ ունենամ, բայց կաթս էնքան շատ էր, որ ուրիշ երեխաների էլ կբավարարեր, խնդրեցին կթեմ տամ իրենց, որ տան այն երեխաներին, որոնց մայրերի մոտ կաթ չկա, կամ էլ կեսարյան հատում ունի և քնած է ու չի կարող կերակրել։ Հարցրեցի իմ երեխային էլ էք կերակրել ուրիշի կաթով ասեցին այո, ասում եմ բայց ես կաթ ունեյի ու քնած չէի, ասեցին ձևն ըտենցա։ 2 գիշեր չկարողացա քնել, չնայած գերհոգնած էի, չէի կարողանում ոչ նստել, ոչ նորմալ պառկել, մահճակալները ցանցով էին և փոս էին ընկնում, պալատում աղմուկ էր, մյուս ծննդկանի երեխան անընդհատ լացում էր, նա չէր կարողանում կուրծք տար, կրծքերը լցվել էին, ճաքեր էին առաջացել և ցավից գոռում էր, միջանցքում բուժքույրը գոռգոռում էր, առավոտյան հյուրեր էին գալիս իմ պալատի հարևաններին, մտածեցի լավ կգնամ տուն, կքնեմ։ Եկան երեխային տանելու հերթական պրոֆիլակտիկայի, ասեցի, որ պետք է գամ մասնակցեմ, թույլ տվեցին։ Գլխի հեմատոման սպիրտ քսեցին, նայեցին մաշկի վիճակը, քաշքշեցին, այդ ընթացքում երեխաս գոռում էր, իմ սիրտն էլ ճաքում էր, երբ ուզեցին լողացնել, բառացիորեն խլեցի ու ինքս լողացրեցի, միանգամից ձայնը կտրեց։ Դրանից հետո էլ չէի հարցնում երբ ուզում էի գնում ու տաք ջրով մանկաբարձների սենյակում լողացնում էի տղայիս ու խոսում էի, շատ էի խոսում, զգում էի, որ հանգստանում է դրանից։ Վերջապես 2 օր անցավ և ես կարող էի գնալ տուն, բայց պարզվեց, որ շաբաթ է և ինձ չեն կարող բաց թողել, Գլխավորը չկա։ Ասեցի դե ոչինչ ինքը չի վշտանա եթե ես հաջող չանեմ իրեն, կտրականապես հրաժարվեցին, առանց Գլխավորի չենք կարա բաց թողենք։ Դե ինչ ևս 2 անքուն գիշեր։ Շատ էի ուզում, որ կողքս հարազատ մարդիք լինեյին, գրկեն ինձ, տղայիս, որ մարդավարի տաք ցնցուղ ընդունեմ, ջերմ մթնոլորտ լինի, սկսեցի կարոտել իմ մոտիկներին ու շատ տխուր էի, որ իմ կյանքի ամենաերջանիկ պահերը գտնվում եմ ինչ-որ օտար, խորթ տեղ։ 2 օր բուժքույրերը ինձ չմոտեցան, բժշկի կարիք էլ չունեյի, կայուն վիճակ էր մոտս։ Երկուշաբթի օրը ի զարմանս ինձ առավոտ շուտ ամբողջ անձնակազմը ոտքի էր ելել ինձ ճանապարհելու, իհարկե պարգևի ակնկալիքով։ Այսպես վերջացավ իմ առաջին հանդիպումը ծննդատան հետ։ Ես ընդամենը մի փոքր մասը պատմեցի։
2րդ անգամ ստիպված էի նույն ծննդատունը գնալ, որն ամենամոտն էր, քանի որ շատ արագ է ընթանում ծնունդը։ Էլի վաղ առավոտյան սկսվեցին կծկումները։ Միանգամից ամուսինս վերցրեց իրերս, առաջնեկիս ու գնացինք ծննդատուն, ընդամենը մեքենայով 5 րոպեյի ճանապարհ։ Աղջիկս ծնվեց ծննդատուն հասնելուն պես։ Այս անգամ նախօրոք չէի պայմանավորվել, հանգիստ մթնոլորտ էր։ Ցավեր համարյա չկար։ Խնդրեցի երեխային հենց ծնվելուց հետո տան ինձ, տվեցին։ Ծնվելուց մոտ 30 րոպե հետո կերակրեցի։ Այդ մի ժամում, ինչ երեխաս կաթ էր ուտում, մանկաբարձուհին 6 անգամ եկավ երեխային տանելու, որ լողացնի և պրոֆիլակտիկա անեն։ Ամեն անգամ երբ տեսնում էր երեխան դեռ կաթ է ուտում փնթփնթում էր, թե այս ինչ բան է , ես պետք է հերթապահությունս հանձնեմ։ Երբ երեխան կշտացավ, կարծում եմ ավելի շուտ իրեն էր փարատում, մանկաբարձուհին արագ վերցրեց տարավ։ Զգուշացրեցի հենց վերջացնեն բերեն երեխային, սակայն երբ տեսա 1 ժամ անց չեն բերում ինքս գնացի, քնած էր, բայց վերցրեցի ու բերեցի իմ պալատ, իմ կողքը ու էլ չթողեցի, որ տանեն, երբ եկան պատվաստելու համար տանեն, ես հրաժարվեցի։ Կանչեցին Գլխավորի մոտ, սա սկսեց գոռգոռալ, թե ես քանի գլխանի եմ ու երեխան կմեռնի իմ պատճառով, երբ ես հղում արեցի Սահմանադրությանը, որ միակ պատասխանատուն երեխայի համար ծնողներն են և ես ունեմ այդ իրավունքը, սա մեղմեց ու սկսեց դաստիարակչական աշխատանք թափել ինձ դարձի բերելու։ Առաջարկեցի նրան տալ ինձ գրավոր պայմանագիր, որ ցանկացած հետևանքների դեպքում իրենք պատասխանատվություն են վերցնում իմ երեխայի առողջության համար, նա հրաժարվեց և խոսակցությունը ավարտվեց դրանով։
Մարդու ֆիզիոլոգիան ուսումնասիրելիս բացահայտեցի, որ երեխայի իմունիտետը ձևավորվում է ծնվելուց հետո 6 ամսեկան հասակաում, այսինքն հույս ունենալ, որ ծննդատանը պատվաստված երեխան ձեռք կբերի իմունիտետ պատվաստանյութի նկատմամբ անհեթեթություն է, այն էլ ծննդաբերության ստրեսը դեռ չմարսած։ Մայրական խեժը օգնում է, որ երեխայի ստամոքսը մաքրվի, և դուրս գա մեկկոնինը ու կարիք չկա նոր ծնված երեխային, հոգնա անել ու ստամոքսի լվացում, դա նույնիսկ մեծահասակին դուր չի գա ուր մնաց թե նորածնին, որի միակ ցանկությունը մոր կողքին լինել։ Եթե մայրը սեռական վարակ չունի հարկավոր չի նորածնին ծնվելուց հետո միանգամից լողացնել և աչքերը Լյուպեն կաթեցնել։ Շատ կարևոր է, որ երեխան տեսնի մորը ծնվելուց հետո և կուրծք ուտի, սա այն պարգևն է, որի համար նա 9 ամիս սպասել է և ժամեր շարունակ տանջվել։ Պետք է սովորեցնել ինչպես սիրել երեխային, որպեսզի հասուն կյանքում դրանք ուժ տան նրան։ Պատրաստել ծնողներին նոր որակի, մակարդակի բարձրանալու, ոչ թե պատասխանատվությունից փախչելու կամ էլ կիսատ այն վերցնելու։ Հնարավորինս չմիջամտել ծննդաբերության պրոցեսին, հատկապես օքսիտոցինի ներարկման միջոցով կամ էլ կեսարյան հատում անել։ Երե֊խան բնական ճանապարհով պետք է ծնվի որպեսզի ապահովի հորմոնալ այն կասկադը, որը օգնում է մորը երեխայի նկատմաբ կապվածության առաջացմանը, կաթնատվության զարգացմանը, որը հնարավորություն կտա երեխային ծննդաբերության տրավման հաղթահարել։
Երեխան ծնվում է մոր նկատմամբ մեծ վստահությամբ, նա չի կարծում, որ առաջիննա մոր մոտ և նա անփորձ է, որ նա չգիտի ինչպես սիրել, գրկել, խնամել և նոր պետք է դա սովորի։ Նա սպաում է, որ շուտով կպարգևատրվի իր ծանր աշխատանքից հետո, կգնահատվի, կընդունվի մոր կողմից սիրով հոգատարությամբ, քնքշանքով։ Սակայն հենց անմիջապես ծնվելուց հետո, նրան սկսում են ձգել (պատկերացրեք, որ դուք 9 ամիս կորացրել և կծկվել եք ու ձեզ միանգամից ձգում են, ինչ ցավոտ կլինի դա ու անսովոր), չափել, կշռել, լողացնել կտրել այն հոտից որը հարազատ է և շնչել ժավելի ու քլորի հոտ։, հոգնա են անում, ստամոքսը լվանում, ոտքը ծակում, որ տեստ անեն, արդյոք գենետիկորեն պայմանավորված հիվանդություն չունի, մի խոսքով այսպիսի բացահայտ ագրեսիայից հետո երեխան այլևս չի կարող վստահել մորը, որը չի կարողանում պաշտպանել իրեն այդպիսի ագրեսիայից, նա վիրավորվում է, չի ուտում մոր կաթը, անընդհատ լացում է, անպաշտպան է զգում իրեն, ներամփոփվում է, աշխարհը դառնում է մի մղձավանջ նրա համար և այս զգացողությունները դաջվում են նրա ենթագիտակցության մեջ և այդ մտքերով նա մեծանում և հասուն մարդ է դառնում։ Այս ամենը հաշվի առնելով, գիտակցելով որ այս ամենը հնարավոր չէ ծննդատանը, այնտեղ պետք է իրենց կանոններով առաջնորդվել, սկսեցի լրջորեն պատրաստվել տանը ծննդաբերելուն, դա հատուկ սննդակարգ է, որին հետևելով օրգանիզմում չի շատանում ջրի քանակը, մկանները էլաստիկ և ճկուն են դառնում, երեխան չի ոսկրանում, հատուկ վարժություններ և խնամք, որպեսզի հեշտացվի ծննդաբերությունը։ Ձեռք բերեցի ծննդաբերության համար նախատեսված գործիքներ և դեղամիջոցներ ինչպես նաև հոմեոպատիկ դեղատուփ հատուկ ծննդաբերության համար, այնուամենայնիվ պատրաստեցի նաև ծննդատուն գնալու համար իրերս, մի քանի ելքերի դեպքում։ Բարեբախտաբար ամեն ինչ ընթացավ այնպես ինչպես ես ուզում էի և պատկերացնում էի։
Ինչպես և ենթադրում էի առաջին նախանշանները սկսվեցին առավոտ շուտ ժամը 5ին, զանգեցի ընկերուհուս, խնդրեցի, որ գա։ Մյուս 2 երեխաներս քնած էին և կարթնանային 2 ժամից, ավելի լավ, որ կարիք չէր լինի նրանց տնից տանել։ Ցավերը շատ արագ ուժեղանում էին, սակայն անտանելի չէին։ Այդ ընթացքում ամուսինս պատրաստեց անհրաժեշտ գործիքներ, պարագաներ, ախտահարեց դրանք։ Ես խմեցի հոմեոպատիկ պրեպարատ, կանխելու համար պատռվածքները և այլ խնդիրներ։ Արդեն ցավերը սաստկացան և ներքին պահանջ զգացի ընդունել տաք ցնցուղ, Հենց տաք ջրի կաթիլները դիպչեցին մաշկիս զգացի թեթևություն, երեխան նույնպես կարծես կանգնեց շունչ քաշելու, ես մի փոքր հանգստացա, զգացի, որ մի քանի վայրկյանից արդեն երեխան դուրս կգա։ Այդ պահին ժպտացի ու ասեցի .՝ Երեխան գալիս է, բարի լույս։ 5 անց 40 էր, երեխան ծնվեց հոր գրկում ու միանգամից սկսեց լացել։ Հենց այդ պահին ընկերուհիս մտավ մեր տուն և անցավ օգնության։ Ես գրկեցի երեխային, փաթաթեցինք տաք վերմակով, բայց դեռ պորտը չէինք կտրել, սպասեցինք մինչև ընկերքը ծնվի։ Մի քանի րոպեյից ընկերքը դուրս եկավ, մենք ստուգեցինք նրա ամբողջականությունը, որպեսզի համոզվենք, որ մասեր չեն մնացել արգանդում և տեղավորեցինք թասի մեջ, այնուհետև այն պահեցինք սառնարանում, քանի որ բժիշկները հաստատ կպահանջեյին և որպես ապացույց իհարկե, որ երեխան իմն է։ ։ Այնուհետև երեխային և ընկերքը տեղափոխեց ընկերուհիս իմ մահճակալի մոտ, իսկ ես լոգանք ընդունեցի։ Ինձ շատ առույգ ու երջանիկ էի զգում, ի տարբերություն նախկին ծննդաբերությունների։ Լոգանքից հետո պառկեցի մահճակալումս, իսկ փորիս վրա պառկեցրեցինք փոքրիկիս, այնտեղ փոս էր գոյացել կարծես հենց նրա համար, նա անուշ սվսվացնում էր, դեռ մեծ երեխաներս քնած էին։ Երեխայի պորտալարը արդեն սպիտակել էր, դատարկ էր արյունից, ժամանակն էր կտրել։ Ընկերուհիս կապեց նախօրոք ախտահարված թելով և ամուսինս կտրեց պորտալարը։ Այդ պահին երեխան սկսեց լաց լինել և այդ ձայնից աղջիկս արթնացավ, ես միայն նկատեցի, որ զույգ աչքեր պլշած նայում են իմ մահճակալի վրայից։ Ես փորձեցի կուրծք առաջարկել, երեխան վերցրեց։ Երբ արդեն հագեցել էր հայրիկը գրկեց նրան, այդ պահին արթնացավ մեծ տղաս, որի ծննդյան օրն էր և աչքերին չէր հավատում, այնուհետև ուրախացավ, որ այդպիսի մեծ նվեր ունի։ Փոքրիկի մոտ արդեն ներծծվել էր արտաքին յուղային շերտը, ես չշտապեցի նրան լողացնել, դա արեցի մի քանի օր հետո խոտաբույսերով և հատուկ եղանակով։ Ընկերուհիս պատրաստեց եղինջով թեյ, ես լիաուժ էի։ Այնուհետև սկսվեց բյուրոկրատական համակարգի հետ բախում, որը իհարկե ծանր էր ի տարբերություն ծննդաբերության, բայց մենք հասկանում էինք, որ բախումն անխուսափելի էր։ Ամուսինս զանգեց շտապ օգնություն, որպեսզի գան և ֆիքսեն ծննդաբերությունը։ Նրանք հրաժարվեցին, քանի որ ես իմաստ չէի գտնում տեղափոխվել հիվանդանոց։ Թաղամասային բժիշկը, կանացի կոնսուլտացիայի բժիշկը ևս հրաժարվեց տալ թուղթ ծննդի վերաբերյալ։ Ծննդատունը առաջարկեց տեղափոխվել իրենց մոտ։ Այնուհետև սկսվեցի այցելությունները, սկզբից կանանց կոնսուլտացիայի բժիշկը, հետո թաղամասային բժիշկը ընդ որում առանց խալաթի ու բախիլների նորածին երեխայի մոտ էին գալիս։ Ստուգեցին իմ և երեխայի առողջական վիճակը։ Այդ պահի դրությամբ ամեն ինչ կայուն էր։ Ստուգեցին ընկերքը։ Պորտալարը։ Մենք արդեն կշռել էինք երեխային 4 կգ էր իմ առյուծ Մհերը։ Սկսվեց դաստիարակչական աշխատանքը, թե ինչպես ես հանդգնեցի այդպիսի քայլի գնալ, ես ասեցի, որ միևնույն է ցանկության դեպքում էլ ես չէի հասցնի ընկերքի արդեն խորը ցավեր մեջ հասնել ծննդատուն, ամբողջ պրոցեսը տևել է 35֊40 րոպե, արդեն 15րդ րոպեյին ընկերքի ցավերը շատ էին խորացել։ Հետո եկավ ոստիկանության աշխատակիցը, գրեց, որ իմ երեխան է և գնաց, այլևս ես նրան չտեսա, սակայն մեկ շաբաթ ինձ հանգիստ չէին թողնում բժիշկները սպասելով, որ կամ հիմա պետք է մեռնեմ կամ էլ երեխայի հետ ինչ֊որ բան տեղի ունենա, սակայն այդպես էլ նրանց սպասումները չարդարացան։ Սակայն քանի որ ոչ մի ինստանցիա ծննդյան թուղթ չէր տալիս, վախենալով պատասխանատվություն վերցնել և վերջի վերջ, որպեսզի մեզ հանգիստ թողնեյին իմ խորհրդատվության բժշկի խնդրանքով 1 ժամով գնացինք շտապ օգնության մեքենայով ծննդատուն, որի հետ արդեն իմ բժիշկը ուներ պայմանավորվածություն, որպեսզի երեխայի ծնունդը վկայող տեղեկանք տան։ Երբ մտա այդ ծննդատուն, անմխիթար վիճակ էր տիրում, նորածիններ, մանկան սենյակում լացում էին և որպեսզի ուժեղ չլացեն, ձենները կտրեն կյուվետի ջերմաստիճանը անընդհատ բարձրացնում էին, որ բժժեն քնեն։ Դրանք կեսարյան հատումով ծնված երեխաներն էին։ Բոլորը խառն էին գնում գալիս, լիքը այցելուներ, ծննդկանները գոռում էին, խնդրում որ սանիտարկան մոտենա, մի այնպիսի իրարանցում էր, որ ուղղակի գլուխդ պտտվում էր։ Ինձ առաջարկեցին հետազոտվել, ես հրաժարվեցի, ասեցին, որ պետք է պատվաստեն փայտացման դեմ, ես անիմաստ համարեցի, ասելով որ դաշտում, ցեխաջրերի մեջ չեմ ունեցել, ասեցին լավ գոնե հակաբիոտիկներ նշանակենք խմի, ասեցի, որ կերակրում եմ երեխային։ Նրանք առաջարկեցին երեխային պատվաստել ու սքրինինգ անել, ես կտրականապես հրաժարվեցի, ստորագրեցի հրաժարման թուղթ։ Սրանով մեր ծննդատան հետ առնչությունը ավարտվեց, նրանք տվեցին թուղթ երեխայի ծնունդը վկայող։ Դեռ մեկ շաբաթ իմ կանանց խորհրդատվությունը վարող բժշկուհին զանգում էր և տեղեկանում արդյոք ջերմություն չունեմ, միգուցե հակաբիոտիկ խմեմ համենայն դեպս, պրոֆիլակտիկայի համար։ Մանկական պոլիկլինիկայի թաղային բժշկուհին նույնպես ձեռքերը ծալած չէր նստում, ամեն օր զանգում էր, այցելում էր։ Երեխան ի զարմանս իրենց հանգիստ էր, առողջ և իր տարիքի համեմատ շատ արագ քաշ էր հավաքում կրծքի կաթով։ Երեխան 10 ամսեկան է, ես դեռ մանկական պոլիկլինիկա չեմ գնացել նրա հետ։ Մհերս ուրախացնում է ինձ, թե իր առողջությամբ, թե իր արագ զարգացմամբ, թե իր հանգստությամբ։ Արթուն գիշերներ չեն եղել, նա միշտ քնում է, իհարկե գիշերային իր բաժին կաթը ստանալով, կիսաարթուն վիճակում։ Կարող եմ վստահորեն ասել, որ լիովին վայելում եմ իմ մայրությունը և ինձ դուր է գալիս ինչպիսի մայր եմ ես, թեկուզ կատարելությունից շատ հեռու եմ։

Leave a Reply