Ռախիտ

Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին Դ երկարատև անբավարարությամբ:

Վիտանին Դ նպաստում է աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը: Վերջինիս անբավարարությունը բերում է ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի մակարդակների պահպանման դժվարությանը, որից և առաջացնում է ռախիտ:

Ռախիտի զարգացման պատճառագիտության մեջ առկա են 2 խումբ պատճառներ՝

  1. Սննդից վիտամին Դ ստացման անբավարարություն
  2. Օրգանիզմում առկա նյութափոխանակային խանգարումներ, որոնց արդյունքում օրգանիզմում առկա բավարար քանակությամբ վիտամին Դ իր ֆունկցիաները լիարժեք չի իրականացնում

Երբեմն նաև սննդից ստացվող կալցիումի անբարար քանակությունը ևս կարող է բերել ռախիտի զարգացման:

Ռախիտի հիմնական ախտանիշներն են՝

  1. Աճի դանդաղում
  2. Ողնաշարի, կոնքի ոսկրերի և ոտքերի ցավ
  3. Մկանային թուլություն

Քանի որ ռախիտի ժամանակ դիտվում է ոսկրերի ծայրային հատվածների փափկեցում, որը բերում է  ոսկրային դեֆորմացիաների, որոնք կարող են արտահայտվել

  1. Սրունքների և ծնկների դեֆորմացիայով (0-աձև կամ X-աձև)
  2. Դաստակների և կոճերի հաստացումով
  3. Կրծոսկրի դեֆորմացիայով

Ռախիտի զարգացման համար ռիսկի գործոններ են հանդիսանում՝

  1. Մաշկի մուգ գունավորումը: Վերջինս դեպքում արևի ճառագայթներով պայմանավորված վիտամին Դ արտադրությունը իջնում է:
  2. Մոր մոտ վիտամին Դ անբավարարությունը հղիության ընթացքում: Այդպիսի երեխաները արդեն իսկ կարող են ծնվել վիտամին Դ անբավարարությամբ, և նրանց մոտ կյանքի առաջին ամիսների կարող է զարգանալ հիվանդություն:
  3. Հյուսիսային լայնություններում ապրելը: Արևոտ օրերի պակասը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը:
  4. Անհաս նորածին: Վերջիններիս մոտ ռախիտի զարգացման հավանականությունը մեծ է:
  5. Դեղորայքի կիրառություն: Հակառետրովիրուսային և հակացնցումային դեղորայքի օգտագործումը իջեցնում է օրգանիզմի կողմից վիտամին Դ օգտագործման հնարավորությունը:
  6. Բացառապես կրծքով սնուցում: Կրծքի կաթը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամին Դ: Այս երեխաները պետք է ստանան վիտամին Դ կաթիլներ:

Ռախիտի բարդությունները արտահայտվում են՝

  1. Աճի դանդաղումով
  2. Ոսկրային մնայուն դեֆորմացիաներով
  3. Ծռված ողնաշարով
  4. Ատամների խնդիրներով
  5. Ցնցումներով

Ախտորոշումը հիմնված է երեխայի զննման և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա:

  1. Գանգի զննության արդյունքում հնարավոր է հայտնաբերել ոսկրերի փափկեցում և գաղթունների փակման ուշացում
  2. Ոտքերի զննման արդյունքում հայտնաբերվում է ոտքերի ծռվածություն, որը չնայած կարող է առկա լինել նաև առողջ երեխաների մոտ, բայց առավել արտահայտված է ռախիտով հիվանդների մոտ:

3.Կրծքավանդակի զննման արդյունքում հնարավոր է հայտնաբերել կողերի հարթվածություն, որի պատճառով դիտվում է կրծոսկրի ցցվածություն:

  1. Դաստակների և կոճերի զննման արդյունքում հայտնաբերվում է վերջինների հաստացում:

Ռենտգեն քննության արդյունքում հնարավոր է հայտնաբերել ոսկրային ծռվածություններ, իսկ արյան և մեզի քննության արդյունքում՝ վիտամին Դ, կալցիումի, ֆոսֆորի և այլ նյութերի մակարդակների շեղումներ նորմատիվային միջակայքից: Վերջիններս իրականացվում են ինչպես ախտորոշման ճշտման, այնպես էլ բուժման ընթացքի գնահատման համար:

Ռախիտի բուժումը ներառում է վիտամին Դ և կալցիումի պրեպարատների օգտագործում: Վիտամին Դ ներմուծումը օրգանիզմ պետք է խստորեն հետևել, քանի որ վերջինիս բարձր քանակությունները վնասակար են օրգանիզմի համար:

Ոսկրային որոշ ծռվածությունների ուղղման համար, հնարվոր է հատուկ ուղղող կորսետների կիրառություն, իսկ ծանր դեպքերում վիրահատական բուժման իրականացում:

Ռախիտի կանխարգելման համար բավարար է հետևյալ միջոցառումների իրականացումը:

  1. 10-15 րոպե կեսօրին իրականցվող զբոսանքը արևի տակ բավարար է վիտամին Դ անհրաժեշտ քանակության արտադրման համար: Սակայն պետք է հիշել, որ մաշկի մուգ գույն ունեցողները և ապրելը հյուսիսային լայնություններում բերում է օրգանիզմում վիտամին Դ անբարար սինթեզին: Բացի այդ արևի ուղղակի ճառագայթների տակ նորածնի կամ կրծքի հասակի երեխայի գտնվելը մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, հետևաբար ներկայումս կանխարգելման այս մեթոդը չի հանդիսանում անվտանգ նորածին և կրծքի հասակի երեխաների համար: Վերջիններիս զբոսանքը խորհուրդ է տրվում կազմակերպել միայն պաշտպանիչ հագուստով կամ արևապաշտպան քսուքների օգտագործումից հետո:
  2. Սննդակարգի հարստացումը ձկան յուղոտ տեսակներով, ձկան յուղով և ձվի դեղնուցով ևս նպաստում է ռախիտի կանխարգելմանը: Վիտամին Դ աղբյուր են հանդիսանում նաև հետևյալ սննդատեսակները, որոնցում հավելյալ ավելացվում է վիտամին Դ՝
  3. Կաթնախառնուրդ
  4. Հաց
  5. Կովի կաթ, սակայն ոչ վերջինից պատրաստված մթերքները՝ մածունը կամ պանիրը
  6. Նարնջի հյութ

Ճշտելու համար վիտամին Դ պարունակությունը տարբեր մթերքների մեջ պետք է ուշադիր լինել պիտակի վրա գրված վիտամին Դ քանակներին:

Կրծքով սնուցման դեպքում նորածինը կյանքի առաջին օրերից պետք է ստանա վիտամին Դ հավելում 400 ՄՄ յուրաքանչյուր օր: Կաթնախառնուրդ ստացող նորածինը ևս պետք է ստանա վիտամին Դ ամենօրյա հավելում, եթե վերջինս չի ստանում օրական 1լ և ավել կաթնախառնուրդ:

Leave a Reply