Ինչպե՞ս մանկապարտեզ ընտրել

Հարցն այնքան էլ հեշտերից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մանկապարտեզի ընտրությունը բավականին ժամանակատար պրոցես է, այնպես որ առաջին հերթին զինվեք համբերությամբ։ Նախ կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր՝ որոշակի մեթոդիկան, դրսում շատ կամ քիչ ժամանակ անցկացնելը, հանդեսների հաճախ լինելը կամ առհասարակ չլինելը, անհատական մոտեցումը, խստությունը կամ երեխային տրված լիովին ազատությունը և այլն, և այլն։ Երբ կողմնորոշվեք, թե որ կետերն են ձեզ համար առաջնային, բավականին կհեշտանա գործը, որովհետև կուրվագծվի արդեն ընտրության ավելի նեղ շրջանակ։ Այսօր մասնավոր մանկապարտեզները բավականին լայն ընտրության հնարավորություն են մեզ ընձեռում։ Կա բազմազանություն ինչպես մատուցված ծառայությունների, այնպես էլ գնային քաղաքականության առումով։ Կիսվեմ իմ անձնական փորձով, թե ինչպես եմ ես իմ երեխայի համար մանկապարտեզ ընտրել, միգուցե իմ փորձն օգտակար լինի շատերին։

Ուսումնասիրություններս սկսվեցին մեր տան բազմոցին հարմարավետ տեղավորվելուց ու համացանցին միացված համակարգիչն աշխատեցնելուց։
Նախ նայեցի Հայ ծնողների ակումբի կայքի մասնավոր մանկապարտեզների էջը` www.armparents.com/sphere/2 : Այստեղ կարելի է ֆիլտրել մանկապարտեզներն ըստ երեխայի տարիքի, քաղաքի նախընտրած տարածքի ու այլ պարամետրերի: Կա մանրամասն տեղեկություն ներկայացված մանկապարտեզների մասին և կարելի է դրանք համեմատել ըստ որոշ հարմարությունների` կենտրոնացված ջեռուցման, սեփական բակի, առանձին սանհանգույցի առկայություն և այլն: Սկսեցի ուսումնասիրել առաջին հայացքից գրաված պարտեզների ֆեյսբուքյան էջերը, կայքերը։

Զուգահեռ ակումբի ֆեյսբուքյան Armenian Parents Corner խմբում գրառում կատարեցի` իմանալու, թե էլ ինչ մանկապարտեզներ կան ու ծնողներն ինչ կարծիքներ ունեն դրանց մասին:

Եթե աշխատող ծնող եք, ավելի ճիշտ կլինի ոչ թե տանը մոտ մանկապարտեզ ընտրել, այլ այնպիսի մանկապարտեզ, որը ձեր աշխատավայրին մոտ կլինի։ Այդպես ձեզ ավելի հեշտ կլինի, եթե կարիք լինի օրվա մեջ արագ հասնել մանկապարտեզ, ինչպես նաև ավելի հեշտ կկառավարեք աշխատանքի վայրից դուրս գալու ժամը, մանկապարտեզի ճանապարհին խցանումների մեջ հայտնվելու հեռանկար չի լինի երեկոյան ծանրաբեռնված ժամերին։

Երբ արդեն բավականին հարուստ ցանկ էի հավաքել, սկսեցի հերթով զանգել՝ հասկանալու համար, թե աշխատանքի ինչ սկզբունքներով են առաջնորդվում, հատուկ մեթոդիկա ունեն, թե չէ (հետո երկար ուսումնասիրում էի տվյալ մեթոդիկայի սկզբունքները համացանցում), տեխնիկական որոշակի հարցեր էի ճշտում՝ խմբերում երեխաների քանակը, քանի անգամ են սնվում, քանի դաստիարակ-դայակ է աշխատում երեխաների հետ։ Շատ կարևոր էր ինձ համար, թե հեռախոսով ինչպես է շփվում հետս խոսափողի մյուս կողմում հարցերիս պատասխանողը։«Ջան, ամեն օր բակ ենք հելնում» ոճով խոսքի կուլտուրա ունեցողների հետ (իսկ այդպիսիք կային, այո, մի զարմացեք) շատ կարճ էր տևում խոսակցությունը, այդ մանկապարտեզը միանգամից դուրս էր մղվում ցանկիցս։

Հետո սկսվեցին այցելությունները։ 15-ից ավել մանկապարտեզ եմ այցելել, մինչև կատարել եմ ընտրությունս։ Շատ կարևոր է հնարավորինս շատ տեղեր գնալ, նայել, որովհետև համեմատության մեջ ես հասկանում լավն ու վատը։ Մանկապարտեզի բակից արդեն ուշադիր զննում էի ամեն մանրուքը։ Առաջին հերթին ուշադրություն էի դարձնում, թե որքանով են անվտանգ բակն ու շենքը բալիկների համար։ Շատ կարևոր է, որ շենքը հնարավորինս հարմարեցված լինի նախադպրոցական տարիքի երեխաների համար, չլինեն քարից, սուր եզրերով աստիճանավանդակներ, երեխայի համար վտանգավոր դիզայներական լուծումներ, ապակիներ․․․ Իդեալական տարբերակ է, իհարկե, եթե շենքը հենց մանկապարտեզի համար է կառուցվել և հաշվի են առնված նախադպրոցական տարիքի բոլոր նրբությունները։

Հաջորդը ուշադրությունս գրավում էր մաքրությունը, խմբասենյակիների խնամվածության աստիճանը։ Սանհանգույցին առաձին ուշադրություն էի դարձնում։ Շատ կարևոր է, որ սանհանգույցը լինի ոչ միայն մաքուր, այլև հարմարեցված լինի փոքրիկներին, զուգարանակոնքերն ու լվացարանները մանկական լինեն։ Եթե այդ պայմանները շենքը չունի, ուրեմն ցանկալի է, որ երեխան ունենա իր գիշերանոթը, լվացարանների բարձրությունն էլ մաքսիմալ հարմարեցված լինի երեխաներին․ լինեն ոտքի տակդիրներ, որոնց վրա երեխան կկարողանա կանգնել և ինքնուրույն լվացվել։ Այս ամենն ուղղակի անհրաժեշտ է երեխային ինքնուրույնության սովորեցնելու գործում։

Ինձ համար կարևոր նախապայման էր, որպեսզի խաղասենյակներն ու ննջարանները չլինեն նույն տեղում, 2 տարբեր սենյակներ լինեն։ Այդպես թե խաղասենյակը, թե քնի սենյակը հաճախ են օդափոխվում, իսկ օդափոխությունը շատ կարևոր նախապայման է հիվանդանալու հաճախականությունը պակասեցնելու գործում։

Ուշադիր էի խաղալիքների որակին։ Երբեմն տեսնում էի կոտրված, տարիների կեղտը վրան դրոշմված խաղալիքներ, ինչը երեխայի առողջության համար այնքան էլ անվտանգ չէ, բավականին վանում էր դա։ Ցանկալի է, որ շատ լինեն մոտորիկայի հետ կապված, ինչպես նաև զարգացնող խաղեր, հնարավորինս բնական հումքից լինեն խաղալիքները։ Շատ էի հավանում այն մանկապարտեզները, որոնք կարևորում էին երեխայի մանր մոտորիկայի զարգացումը։ Այդպիսի մանկապարտեզներում սիրում էին ծեփամածիկով ու նպարեղենով հետաքրքիր զբաղմունքներ մտածել, տարբեր հետաքրքիր աշխատանքներ կատարել։

Մանկապարտեզի մթնոլորտն առաջնային հարցերից է։ Ինձ համար չափազանց կարևոր էր, որ երեխային դիտարկեն որպես անհատականություն, հաշվի առնեն նրա կարծիքը, լսեն նրան, համբերատար բացատրեն ամեն ինչ, անձնային առանձնահատկությունները հաշվի առնեն և ոչ մի դեպքում որպես «կոլխոզի մի մասնիկ»չդիտարկվի նրա անձը։ Անկախ ամեն ինչից, մանկապարտեզում գերիշխողը պիտի լինի սիրո մթնոլորտը։

Ցանկալի է, որ մանկապարտեզն ունենա իր առանձին բակը, որտեղ ամեն օր կզբոսնեն բալիկները։ Բակը պետք է լինի ամբողջությամբ փակ մեքենաների ելումուտի համար և, իհարկե, մաքսիմալ անվտանգ։

Հաջորդ կարևորագույն խնդիրներից է սնունդը։ Հիմնականում մասնավոր մանկապարտեզները մատուցում են 3-անգամյա կամ 4-անգամյա սնունդ։ Ուշադիր կարդացեք շաբաթվա ճաշացանկը, համոզվեք, որ նաախադպրոցական տարիքի նորմատիվներին համապատասխանում է։ Շատ մանկապարտեզներ ճաշի ժամին մատուցում են ոչ թե 2 լիարժեք կերակրատեսակից բաղկացած ճաշացանկ՝ ապուր և փլավ աղցանով, այլ, ասենք, միայն ապուր ու աղցան, իսկ 2-րդ կերակրատեսակը քնից արթնանալուց հետո է մատուցվում, այսպես ասած՝ «Խնայողության ռեժիմն»է միացված լինում, ինչն այնքան էլ ճիշտ չէ։ Ցանկալի է նույնսիկ, որ խոհարարը միշտ ունենա որևէ պահեստային կերակրատեսակ այն բալիկների համար, ովքեր տվյալ ժամի ուտելիքը չեն սիրի և կհրաժարվեն ուտել։

Եվ այս ամենից հետո էլ վերջնական ընտրությունն իմը չէր, այլ երեխայինս։ Երբ գնում էինք հերթական մանկապարտեզին ծանոթանալու, նա անպայման ինձ հետ էր։ Մանկապարտեզը զննելուց բացի ուշադիր էի նաև, թե ինպես է փոքրիկս զգում իրեն, արդյո՞ք ցանկություն ունի մոտենալ խաղալիքներին, մյուս բալիկներին, խաղալ, թե՞ այնքան գրավիչ չէ իր համար միջավայրը, որ համաձայնվի թողնել պինդ բռնած ձեռքս ու առաջ գնալ։

Ինձ համար նաև կարևոր էր, որ թույլ տան երեխայիս կողքին լինել այցելության առաջին մի քանի շաբաթվա ընթացքում, որքան որ պետք կլիներ իմ երեխայի սահուն ադապտացիայի համար։ Ադապտացիոն փուլից բացի մեկ այլ շատ կարևոր նպատակ ուներ իմ ներկայությունը։ Այդպես ես կկարողանայի տեղում հետևել մանկապարտեզի բնականոն աշխատանքին, տեսնել, թե արդյո՞ք պահպանվում են բոլոր այն սկզբունքները, որոնք այդպես իդեալական ներկայացվեցին ինձ այցելությանս առաջին օրը։

Ինձ մոտ ստացվեց կատարել իմ երեխայի համար ճիշտ մանկապարտեզի ընտրություն, համոզված եմ, որ ձեզ մոտ էլ կստացվի։ Կարևորը՝ հասկացեք, թե ինչպիսի մանկապարտեզ եք ուզում գտնել և անցեք գործի։

 

Հեղինակ` Աննա Ջավա

Leave a Reply