Ինչպե՞ս հանգստանալ երեխաների հետ հանգստի մեկնելիս. խորհուրդներ հանգիստ մամայից :)

1. Կարևոր է նախատրամադրվածութունը: Եթե սպասում եք, որ ձեր ակտիվ, լացկան, չքնող, չլսող, չուտող, չխմող 🙂 դասեր չանող երեխան հանգստի օրերին պիտի սկսի ուտել, քնել, ափին/ այգում/հյուրանոցում (կախված նրանից, թե ուր եք ուղևորվում) խելոք խաղալ՝ թույլ տալով ձեզ վայելել հանգիստը այնպես, ինչպես վայելում էիք մինչ երեխաների ծնունդը, ապա ամենայն հավանականությամբ հանգստի ժամանակ ձեզ տհաճ անակնկալ է սպասվելու:

Իհարկե հնարավոր է, որ հանգստի ժամանակ միջավայրի փոփոխությունը շատ լավ ազդի երեխայի վրա, և շատ դրական փոփոխություններ նկատեք, սակայն հավատացեք՝ ավելի լավ է պատրաստ լինել հակառակին և հաճելիորեն զարմանալ, քան ակնկալել լավագույնը և հիասթափություն ապրել: Նաև հնարավոր է, որ միջավայրի փոփոխությունը բացասաբար ազդի ձեր ուտող-խմող, լսող, քնող բալիկի վրա, ու ժամանակավորապես կորցնի ախորժակն ու քունը, ավելի նյարդային դառնա: Սա ևս պետք է գիտակցել և պատրաստ լինել:

2. Հիշեք, որ նույն լարվածությունը, վազքն ու երեխաների հետ կապված անհանգստությունները լինելու էին նաև տանը, միայն թե այդ դեպքում չէին լինելու նաև բոլոր այն դրական երևույթները, որոնք առկա են հանգստավայրում: Պետք է ընդունենք, որ մենք այսուհետ ծնող ենք և երեխաների հետ հանգստի ուղևորվելիս չենք կարող ակնկալել այնպիսի հանգիստ, ինչպիսին ունենում էինք մինչ երեխաների ծնունդը: Բայց մեր առօրյան էլ այլևս այնպիսին չէ, ինչպես մինչ երեխաների ծնունդն էր, չէ՞ ))

3. Կարևոր է ոչ մեկի վրա հույս չդնել: Եթե դուք մեկնում եք հանգստի առանց դայակի, պետք է հիշեք, որ այդ դեպքում ձեր երեխաների համար պարտավոր եք պատասխանատվություն կրել միայն դուք: Ո՛չ տատիկ-պապիկները, ո՛չ այլ բարերամներ կամ հարազատներ պարտավոր չեն հետևել ձեր երեխաներին, առավել ևս իրենց հանգստի ժամանակ: Իհարկե շատ լավ կլինի, եթե կիսեն այդ հոգսը ձեզ հետ և օգնեն ձեզ ձեր պարտականությունները կատարելիս, բայց չպիտի ակնկալեք դա իրենցից ու չպիտի նեղանաք, եթե իրենք դա չեն անում: Այդ դեպքում չեք ունենա չարդարացված ակնկալիքներ և ևս մեկ պատճառ հանգիստը չստացված համարելու համար:

4. Մի փորձեք լավ ու կազմակերպված ծնողի տպավորություն թողնել: Առհասարակ գոնե հանգստի ժամանակ մի փորձեք տպավորություններ թողնել, մանավանդ, որ այդ փորձերը հիմնականում ձախողվում են, իսկ ծնողը թողնում է նյարդային և անհավասարակշիռ մարդու տպավորություն: Մի վախեցեք <<վատ>> ծնող լինելուց, ում երեխաները ազատ վազվզում, խաղում են, վայելում իրենց հանգիստը, ուտում են երբ ու ինչքան ուզում են (կարծում եմ ամռան շոգին ձեզ համար նույնպես հաճելի չէ շատ ուտելը, ավելին, այդ դեպքում ինքնազգացողությունը զգալիորեն վատանում է, ու կարծում եմ՝ ձեզ էլ հաճելի չէր լինի, եթե շոգ եղանակին ձեր քիթը փակեին ու մի ափսե տաք ճաշ կերակրեին, կամ առհասարակ ստիպեին ուտել 🙂 ) ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե այդ օրերին երեխաները սնվեն թեթև, միրգ բանջարեղենով, մի փոքր էլ չի կարելիները չարաշահելով, չէ որ հանսգտի օրերը տարվա մեջ ընդամենը մի քանի օր են, թույլ տվեք թե՛ ձեզ, թե՛ երեխաներին հանգստանալ:


5. Նախապես խաղեր, զբաղմունքներ մտածեք երեխաների համար, գնեք տարբեր մանր իրեր, որոնցով կարող եք զբաղեցնել երեխաներին թե՛ ճանապարհին, թե՛ հանգստի ընթացքում:

Խաղերի հետաքրքիր գաղափարների կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://blog.armparents.com/օգտակար-նյութեր/խաղեր/

6. Հատկապես երեխաների հետ հանգստի մեկնելիս բծախնդրորեն մոտեցեք տուր օպերատորի ընտրությանը, համոզվեք, որ վստահելի ընկերության եք դիմում, տհաճ անակնկալներից խուսափելու համար:

7. Սովորենք գնահատել այն, ինչ ունենք, և ոչ թե երեխաների մեծանալուց և իրենց մանկությունը կորցնելուց հետո սկսենք գնահատել ու երանությամբ հիշել այս օրերը:

Leave a Reply