Հավելյալ սնունդ

Ուզում եմ խոսել ինձ այդքան շատ մտահոգող հավելյալ սնունդի մասին ու ներկայացնել սննդակարգ:  Շատ տեղերում բերվում են ընդհանուր օրինակներ, ես կփորձեմ ավելի կոնկրետ չափաբաժիններով և օրվա հատվածներով գրել: Ինչ տալ, երբ և որքան: Ավելացնեմ նաև, որ ներկայացվող սննդակարգը հարմար է կրծքով սնվող երեխաների համար: Արհեստական կերակրվող երեխաների պահանջները այլ են, ցավոք չեմ տիրապետում, սակայն ներկայացվող սխեման օրինաչափական է:

Չեմ հոգնի անընդհատ կրկնել, որ մինչև երեխայի 6 ամսականը, մայրական կաթը անփոխարինելի է: Շատ հաճախ բախվում ենք տարբեր խորհուրդների հետ և ընկնում  մտատանջությունների մեջ, արժի երեխային ավելի վաղ հասակից ուրիշ սնունդ տալ թե ոչ:  Բժշկական տեսնակյունից մինչև 4 ամսական առհասարակ արգելվում է կողմնակաի սնունդ տալ: Այդ ժամանակ երեխայի ստամոքսը շատ նուրբ է և ընդունակ չէ մարսել կերակուրը, շատ հավանական է երեխայի ստամոքսը վնասվի: 4-6 ամսկանից կարող եք շատ քիչ քանակով հավելյալ սնունդ տալ, սակայն մի շտապեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: “Մայրական կաթը անփոխարինելի է” արտահայտությունը նշանակում է, որ այն պարունակում է երեխայի աճի համար անհրաժեշտ ամեն ինչ, և կողմնակի սնունդ, կամ անգամ ջուր տալով, երեխան բնականաբար կրծքի կաթ ավելի քիչ կուտի և հետևաբար երեխային դրանով կվնասեք, այլ ոչ թե կօգնեք: Ոչ մի այլ ուտելիքից փոքրիկը չի կարող իր համար անհրաժեշտ այդքան սնունդ ստանալ, որքան կրծքի կաթից; Բազմաթիվ ուսումնասիրությունների և անալիզների արդյունքում պարզվել է, որ 6 ամսականից երեխայի պահանջները շատանում են, իսկ մոր կաթի որակն էլ ընկնում է, և հետևաբար միայն այդ տարիքից է պետք հավելյալ սնունդ մտցնել:

Ես ինքս 5.5 ամսականից եմ երեխայիս հավելյալ սնունդ տվել և միայն այն պատճառով, որ սկսել էր նիհարել, այսինքն կրծքի կաթը սկսել էր չբավականացնել: Հետևեք երեխայի քաշին, հավելյալ սննդի կարիքը կարող է լինել մի փոքր շուտ, կամ անգամ ավելի ուշ: Տարածված է նաև այն միֆը, որ 6 ամսականից հավելյալ սնուդով սնվող երեխաները շատ վատ են ուտում, ախորժակ չեն ունենում: Ես աղջկաս փորձով հերքում եմ դա: Երեխայի ուտող կամ չուտող լինելը կապ չունի, թե երբ եք փոքրիկին առաջարկել հավելյալ սնունդ:

Պետք է հիշել, որ հավելյալ սնունդը սկզբնական շրջանում, այսպես ասած “կշտանալիք” չէ, այն նպատակ ունի երեխային ծանոթացնել համերին, սովորացնել ուտել: Երեխայի հիմնական սնունդը մնում է մայրական կաթը: Մի ստիպեք, որ երեխան անպայման ուտի ափսեի լրիվ պարունակությունը, իսկ եթե ընդհանրապես է հրաժարվում, առաջարկեք ավելի ուշ: Ավելի մեծ հասակում երեխայի հետ կերեք ու կերեք նույն բանը, փոքրիկները սիրում են մեծերին կրկնօրինակել: Մի տվեք սնունդը անմիջապես զարթնելուց հետո, ինչպես դա անում էիք կրծքի ժամանակ:

Սկզբում, ամեն նոր սննդամթերք պետք է ավելացնել ավելի հազվադեպ, իսկ մի քանի շաբաթից ավելի հաճախ: Առաջին մի քանի շաբաթում ավելացրեք շաբաթական մեկ մթերք, իսկ հետո` շաբաթը երկու:  Նոր մթերքը միշտ ավելացրեք օրվա առաջին կեսին, և հետևեք երեխայի ինքնազգացողությանը, այլապես պրոբլեմների դեպքում ստիպված կլինեք գիշերով  դրանք լուծել: Ես միշտ նոր մթերքներ ավելացրել եմ ոչ շատ տարբեր տեսակներ հաջորդելով, հատկապես մոտ ժամկետներում:  Օրինակ 2 շաբաթում ավելացրել եմ 3 տեսակի բանջարեղեն, դրանից հետո 1,5 շաբաթում 2 տեսակի շիլա:

Միշտ հարց է ծագում ինչից սկսել հավելյալ սնունդը, բանջարեղենից, մրգերից, թե շիլաներից: Ասեմ, որ տարբեր երկրների նեոնատոլոգներ և դիետոլոգներ տարբեր տեսանկյուններ ունեն այս հարցի շուրջ: Ես կարծում եմ դա այդքան էլ էական չէ, կարելի է 3 շաբաթում ամեն մեկից տալ, բայց ոչ մրգային կամ բանջարեղենային հյութեր: Հյութերի թթվայնությունը շատ բարձր է և հարմար չէ երեխայի ստամոքսի համար: Ես ինքս առաջինը տվել եմ խնձորի պյուրե, հետո կարտոֆիլի, հետո հնդկաձավարի (гречка): Կարտոֆիլը կարելի է փոխարինել բրոկոլիով,  դդմիկով (кабачок) կամ ծաղկակաղամբով: Վերջիններս ավելի ցանկալի են, պարզապես իմ դեպքում այդ բանջարեղենների սեզոնը չէր և ես չուզեցի ջերմոցային տալ, սակայն հետո ստիպված էի: Իսկ հնդկաձավարի փոխարեն ամերիկյան գրականությունում խորհուրդ է տրվում սպիտակ բրինձը: Առհասարակ սպիտակ բրինձը խորհուրդ է տրվում որպես առաջին հավելյալ սնունդ: Ես հնդկաձավար տվեցի, քանի որ երեխայիս փորիկի պնդացման հետ խնդիրներ եղան, իսկ ձեթ կամ կարագ միանգամից ավելացնել չէի ուզում:

Շատ ծնողներ նախընտրում են պատրաստի կերեր գնել, ես միշտ ինքս եմ պատրաստում: Եթե դուք այնուամենայնիվ նախընտրում եք պատրաստի կերեր, հիշեք, որ դրանք կոնսերվանտներ են պարունակում և հնարավորության դեպքում ինքներդ ևս պատրաստեք, հատկապես տվյալ մթերքի սեզոնի ժամանակ: Միշտ կարդացեք բաղադրությունը, իսկ սկզբնական հատվածում առհասարակ նոր մթերքներ  խարնուրդի տեսքով խորհուրդ չի տրվում տալ, պետք է միակոմպոնենտ մթերք լինի: Ես ընդհանրապես հրաժարվել եմ մրգային, բանջարեղենային, էլ չեմ ասում մսային խյուսերից, իսկ հատիկավորների շատ երկար փնտրտուքից հետո միայն մի քանի տեսակ գտա, որ առանց կաթի կամ մրգային պարունակության են: Նաև լսել եմ կարծիքներ, որ պատրաստիները շատ ավելի համեղ են: Չեմ վիճի, բայց կավելացնեմ, որ մտածելու տեղիք է տալիս, ինչու?

Առաջին շաբաթներին հավելյալ սնունդը փոքր չափաբաժիններով է տրվում, դրա համար կերակրելուց հետո փոքրիկին կուրծք կամ շշով կաթ առաջարկեք: Կերակուրը տվեք միշտ գոլ (ոչ սառը) և գդալով, ջերմաստիճանը ստուգեք ձեռքի ափի հակառակ մասով: Կերակուր պատրաստման բոլոր ձևերից նախընտրելի է շոգեխաշումը: Խուրհուրդ եմ տալիս անպայման ձեռք բերել շոգեխաշող սարք, ձեր ներդրումը արդարացված կլինի: Կարող եք նաև խաշել ջրով կամ ավելի ուշ կաթով և արգանակով, եփել ջեռոցում , բայց ոչ մի դեպքում չկարմրացնել: Իսկ տապակած կերակուրի մասին մոռացեք առնվազն 2 տարի: Միկրոալիքային վառարան նույնպես խորհուրդ չեմ տա օգտագործել, ճիշտ է շատ պրակտիկ է, սակայն շատ բացասական կողմեր ունի և ամենափոքրիկների համար նպատակահարմար չէ:

Սկզբնական շրջանում սնունդը միասեռ դարձրեք: Չնայած փոքրիկները ավելի հաճույքով միասեռ են ուտում, այնուամենայնիվ 1-2 ամիս հետո սկսեք փոքրիկ կտորներով սնունդ առաջարկել: Մի վախեցեք երբ երեխան կորձկա, նա միևնույնն է չի կարող խեղդվել, պարզապես նրա համար շատ անսովոր է կտորներով սնունդ կուլ տալ:

Եթե երեխան հիվանդացել է, ապա  նոր մթերքներ չենք ավելացնում, մինչև լրիվ կապաքինվի, որոշ դեպքերում նույնիսկ հավելյալ սնունդի փոխարեն կերակրում ենք միայն կրծքով, սա արդեն խորհրդակցում եք ձեր մանկաբույժի հետ: Նույն սկզբունքը պահպանվում է երեխայի պատվաստման ժամանակ:

Առաջին մթերքները սկսում ենք 5 գրամից և հասցնում օրական 50 գրամի: Առաջին մի քանի սնունդը աշխատեք տալ միատեսակ: Այսինքն չխառնեք այլ մթերքների հետ: Ես ինքս կարտոֆիլը և հնդկաձավարը տվել եմ մի փոքր աղով: Միշտ հետևեք երեխայի քաշին:

5.5ամսական

նախաճաշ
Բանջարեղենային կամ մրգային կամ հատիկավոր մոնո շիլա: Սկսել 5 գրամից ( 1 թեյի գդալ ), հասցնել 50. գրամի:

6 ամսական

նախաճաշ
Բանջարեղենային կամ հատիկավոր շիլա (ցանկալի է մոնո) –  50 գ.ից- 100 գ.
ձեթ – 1 գ.

ճաշ
մրգային պյուրե (ցանկալի է միատեսակ). Խնձոր, տանձ, բանան -մինչև 50 գ.
6,5 ամսական

նախաճաշ

Հատիկավոր շիլա (առանց շաքար կամ կաթ)` հնդկաձավար, վարսակ, եգիպտացորեն , բրինձ. –10 գ.ից- 50 գ.

կարելի է սեփական կաթը կթել և ավելացնել շիլային կամ եփվող շիլայի մեջ մի քիչ մրգային հյութ կամ հենց միրգ ավելացնել: Արհեստական կաթով սնվող երեխաներին արդեն կարելի է պատրաստի կաթնային շիլաներ տալ:

ճաշ

բանջարեղենային պյուրե (կարելի է մի քանի բանջարեղենով )- 100 գ.
ձեթ – 2 գ.

ընթրիք
մրգային պյուրե (մոնո)- 30գ.ից-40 գ.

7 ամսական

նախաճաշ
հատիկավոր շիլա- 100գ.
կարագ-1 գ.
մրգային հյութ (մոնո) 50% ջրով բացված- 10գ.ից-20 գ.

կեսօր

բանջարեղենային պյուրե- 150գ.
ձեթ-3 գ.

ճաշ
մրգային հիմքով պյուրե (խնձոր+գազար, խնձոր+դդում)-40գ.ից-50գ.

ընթրիք
կաթնաշոռ-5գ.ից-10գ.

7,5 ամսական

նախաճաշ
շիլա. Ավելացնել ցորենի և տարբեր խառնուրդով  (многозлаковую).- 150 գ.
կարագ- 2 գ.
մրգային կամ բանջարեղենային հյութ.-30 գ.

կեսօր
բանջարեղենային պյուրե – 150 գ.
ձեթ- 3 գ.
ձվի դեղնուց (ցանկալի է լորի, հավինը համապատասխան չափաբաժնով 1/16 հատ)- 1\4 հատ շաբաթական 3 անգամ

ճաշ
մրգային պյուրե-70 գ.

ընթրիք
կաթնաշոռ- 20գ.ից- 30գ.
մանկական հալվող թխվածք (Heinz)

8 ամսական


նախաճաշ
հատիկավոր շիլա- 150 գ. Կարելի է մի փոքր մանկական կաթ օգտագործել
հյութ- մինչև 50 գ.

կեսօր
բանջարեղենային պյուրե- 150գ. Կարելի է օգտագործել կանաչ ոլոռ և լոբի
ձեթ- 5գ.
ձվի դեղնուց – 1\2 հատ- շաբաթական 3 անգամ (հավի դեղնուց 1/8 հատ)
մսային պյուրե (մոնո)- 5 գ.ից -20գ.

ճաշ
մրգային պյուրե-70 գ.
թխվածքաբլիթ

ընթրիք
կաթնաշոռ- 40 գ.
մածուն, կեֆիր կամ այլ կաթնաթթվային մթերք (ցանկալի է բիո) – 10գ.ից-20գ.

8,5 ամսական


նախաճաշ

կաթնային շիլա-160 գ.
կարագ- 4գ.
հյութ- 70 գ.
ցորենով հացիկ կամ լավաշ- 5 գ.

կեսօր
բանջարեղենային պյուրե-170 գ.
ձեթ-5գ
դեղնուց 1/2 օրը մեջ (հավի` 1/8)
միս- մինչև 30 գ.

ճաշ
միրգ-70 գ.

ընթրիք
կաթնաշոռ-40գ.
կաթնամթերք –մինչև 50 գ.
թխվածքաբլիթ, հաց
9 ամսական


նախաճաշ

կաթնային շիլա- 180 գ.
կարագ-5գ
հյութ-  օրական մինչև 80գ.
ցորենի հաց

կեսօր

բանջարեղենային պյուրե-180գ.
ձեթ- 5 գ.
միս- 50 գ.
լորի ձվի դեղնուց  -1/2 հատ օրը մեջ (հավի` 1/8)

ճաշ
միրգ-80գ.

ընթրիք
կաթնաշոռ- 50գ.
կաթնամթերք – 80գ
թխվածքաբլիթ, հաց

10-12 ամսական

նախաճաշ

կաթնային շիլա- 200 գ.
կարագ-5գ.
հյութ- 100гգ
հաց
պանիր ոչ շատ յուղոտ ոչ շատ աղի- մինչև 10 գ.

կեսօր
բանջարեղենային պյուրե- 200գ.
ձեթ-6 գ.
միս- 70 գ.
հաց
դեղնուց  – օրը մեջ

ճաշ
միրգ- 100գ.

ընթրիք
կաթնաշոռ- 50 գ.
կաթնամթերք – 200 գ.
թխվածքաբլիթ, հաց

Ընդհանուր խորհուրդներ`

  • Կաթը, որպես ըմպելիք, օգտագործում ենք 1 տարեկանից ոչ շուտ,
  • մեկ տարեկանին մոտ, շաբաթը 2 անգամ, միսը փոխարինում ենք անյուղ ձկով, սկսելով 5 գրամից,
  • ձուն մեկ տարեկանից հետո կարելի է տալ գոլորշու վրա պատրաստված ձվածեղի տեսքով սպիտակուցի հետ,
  • ընդհանրապես խուսափում ենք տապակելուց, անգամ ճաշիկներ պատրաստելիս մթերքները լցրեք եռացող ջրի մեջ: Սոխը և կարագը նույնպես: Մեկ տարեկանից հետո կարելի է գոլորշու վրա պատրաստված մսի կոտլետներ տալ,
  • սկզբնական շրջանում հատիկավոր շիլաներին կարագի, ձեթի և աղի փոխարեն կարելի է մրգահյութ կամ միրգ ավելացնել (օրինակ վարսակը խնձորով),
  • երեխաների սպասքը առանձնացնել մեծերից, մի փոքր ավելի մեծ բալիկներին հետաքրքրելու համար կարելի է օգտագործել թափանցիկ ափսեներ, ամեն անգամ տակը տեղադրելով բազմազան նկարներ, նկարները կարող եք կտրել մանկական ամսագրերից,
  • հայտնի փաստ է, որ մրգերի և բանջարեղենների օգտակար բաղադրիչների մեծ քանակություն կուտակվում է կճեպի տակ, սակայն նույկերպ կուտակվում են բոլոր վնասակար և ռադիոակտիվ նյութերը, այդ պատճառով, հատկապես ջերմոցային մթերքներ օգտագործելիս միշտ կլպեք դրանք, իսկ կանաչիները կարող եք մի քանի րոպե ջրի մեջ թողնել, ջրին մի քանի կաթիլ կիտրոնահյութ ավելացնելով,
  • միշտ օգտագործեք թարմ սննդամթերք, և հիշեք, ջերմոցային մշակումը կիսափչացած մթերքների թարմությունը չի վերադարձնում, հնարավորության դեպքում թարմ պատրաստած կերակուր մատուցեք երեխային,
  • դարձրեք բազմազան երեխայի սննդակարգը, ամեն օր մթերքների տարբեր համադրություններով, օգտվեք տարբեր բաղադրատոմսերից և պատրաստեք համեղ ու բազմազան, բարի ախորժակ:
Օգտվել եմ http://www.missfit.ru և http://www.baby.ru/  կայքերից:

 

4 thoughts on “Հավելյալ սնունդ

  1. Մի շատ կարևոր փաստ էլ նշեմ, ինչպես տեսնում եք մրգերը բանջարեղենից և շիլաներից հետո են գալիս: Եթե փոքրիկին սկզբից սովորացնեք քաղցր մրգերին, շատ հնարավոր է բանջարեղեններ և շիլաներ հետո չուտեն, բայց դրանք այնքան օգտակար են:

  2. Ջերմոցային բանջարղենի կամ կանաչեղենի մեջի սիլիտրան բացի լիմոնաջրից կարելի է հանել նաև եփելուց առաջ մոտ քսան րեպե աղաջրի մեց դնելով:
    Գոհար ջան, իսկապես շատ գրագետ, հավեսով ու շատ օգտակար աշխատանք ես կատարել: Կեցցես…

Leave a Reply