Երկրորդ երեխայի ծնունդ: Ինչպե՞ս խուսափել խանդից:

Շատ ծնողներ կարծում են, որ հնարավոր չի լինի խուսափել խանդից, երբ ծնվի երկրորդ երեխան: Սակայն ծնողների ճիշտ մոտեցումը թույլ կտա բացառել, կամ հնարավորինս մեղմել խանդը: Երկրորդ երեխայի ծնունդով լիովին փոխվում է ավագ երեխայի կյանքը, և ծնողների պարտքն է անել ամեն ինչ, որ այդ փոփոխությունը երեխայի համար հնարավորինս քիչ սթրեսային լինի:

❓Ի՞նչ սխալներ են ամենից հաճախ թույլ տալիս ծնողները:

❗️Չեն նախապատրաստում երեխային:
Շատ ծնողներ չեն կարևորում երեխային՝ փոքրիկի ծնունդին նախապատրաստելը, ու երեխան, տեսնելով փոքրիկին, մեծ սթրես է ապրում:

❗️Ստիպում են երեխային համակերպվել այն մտքի հետ, որ մայրիկն ու հայրիկը իրենից բացի մեկ այլ երեխա են ունենալու, ում նույնպես շատ են սիրելու, ում հետ երեխան պիտի կիսի իր խաղալիքները:
Սա միայն բացասական նախատրամադրվածություն է հաղորդում երեխային: Բավարար է պարզապես ասել, որ նա փոքրիկ քույր/եղբայր է ունենալու, ով իրեն շատ է սիրելու, իսկ երբ մեծանա, միասին շատ խաղեր են խաղալու:

❗️Ուշադրություն չեն դարձնում երեխայի զգացմունքներին:
Երբեմն ծնողները անդադար սիրում, գովում են փոքրիկին, հիանում նրանով` անտեսելով մեծ երեխային: Արդյունքում երեխան սկսում է կարծել, թե ծնողներն իրեն այլևս չեն սիրում, իսկ որպես մեղավոր տեսնում է փոքրիկին:

❗️Արգելում են երեխային դիպչել փոքրիկին:

❗️Նոր իրեր, խաղալիքներ են գնում միայն փոքրիկի համար, իսկ մեծ երեխային արգելում են դրանցով խաղալ:

❗️Բարկանում են, երբ երեխան նմանակում է փոքրիկին:
Երեխան, տեսնելով շրջապատի մեծ սերն ու ուշադրությունը փոքրիկի նկատմամբ, կարծում է, որ եթե նմանվի նրան, նույնպես կարժանանա նման վերաբերմունքի: Սիրո ու ուշադրության կարիք ունեցող երեխայի վրա բարկանալով՝ ավելի ենք մեծացնում այդ պահանջը: Կարող եք ուղղակի մի փոքր խաղալ այդ խաղը, հետո փորձել շեղել, կարևորել իր դերը որպես ավագ քույր/եղբայր և ցույց տալ, որ նա սիրված է հենց այնպիսին, ինչպիսին կա:

❗️Չեն ներգրավում երեխային փոքրիկի խնամքի հարցերում, կամ հակառակը, ստիպում են ներգրավվել, երբ երեխան դա չի ուզում:
Երեխան պարտավոր չէ խնամել փոքրիկ եղբորը/քրոջը. դա միայն փոքրիկի ծնողների պարտականությունն է, դուք միայն կարող եք այնպես անել, որ երեխան ցանկություն ունենա խնամել փոքրիկին, իսկ դրան ստիպողաբար հաստատ չեք հասնի:

❗️Բարկանում են միայն ավագ երեխայի վրա:

❗️Շատ ագրեսիվ են արձագանքում, երբ երեխան ցավեցնում է փոքրիկին:
Եթե նման երևույթ եք նկատում, նախ պետք է շատ ուշադիր լինեք փոքրիկի նկատմամբ, նրանց միասին առանց հսկողության չթողնեք: Հասկացրեք երեխային, որ փոքրիկը շատ անօգնական է ու իր պաշտպանության կարիքը ունի: Ցույց տվեք, թե կարծում եք, որ անզգուշությամբ է ցավեցրել փոքրիկին: Եթե շատ ագրեսիվ բարկանաք, կամ դուք էլ ի պատասխան ցավեցնեք երեխային, ավելի կխորացնեք իր մեջ եղած <<թշնամանքը>>:

❗️Համեմատում են երեխաներին:
Կապ չունի, թե համեմատությունը ի օգուտ ում կլինի, երեխաներին համեմատել չի կարելի: Ձեր նպատակը լավ ընկերներ դաստիարակելն է, չէ՞, ոչ թե՝ վատ մրցակիցներ:

Խորհուրդներ
✅ Մինչ փոքրիկի ծնվելը կարող եք երեխայի հետ ֆիլմեր, մուլտֆիլմեր դիտել, որտեղ երեխան փոքրիկ քույր/եղաբայր ունի, և երեխային ասել՝ ոչինչ, շուտով դու էլ փոքրիկ քույր/եղբայր կունենաս:

✅ Երեխային ցույց տվեք նորածին փոքրիկների նկարներ, տեսանյութեր, հնարավորության դեպքում այցելեք նորածին երեխա ունեցող հարազատներին: Թող երեխան պատկերացնի, թե ի՞նչ տեսք է ունենալու իր քույրը/եղբայրը, ասեք, որ հետագայում մեծանալու է, և միասին խաղալու են:

✅ <<իմ բալիկը>> արտահայտությունը փոխարինեք, օրինակ, << Միլենայի քույրիկը>> արտահայտությամբ:

✅ Մեծ բալիկի համար ծննդատուն մի փոքրիկ նվեր տարեք, և երբ երեխան գա փոքրիկի հետ ծանոթանալու, դա փոքրիկի անունից հանձնեք նրան:

✅ Երբ փոքրիկը սկսում է անհասկանալի ձայներ արձակել, իսկ երեխան հետաքրքրվում է, թե ի՞նչ է ասում, ասեք, թե ասում է, որ իրեն շատ է սիրում, ուզում է շուտ մեծանալ, իր հետ խաղալ:

✅ Խնդրեք հյուրերին, որ փոքրիկին գովելիս, չմոռանան մեծ բալիկի մասին: Այս հարցում ծնողներից շատ բան է կախված. եթե դուք ճիշտ օրինակ ցույց տաք, տան մյուս անդամներն ու հյուրերը կհետևեն ձեր օրինակին:

❎ Երբեք մի ասեք, որ երեխան խանդում է փոքրիկին, չի սիրում նրան: Դա լսելով՝ երեխայի մոտ այդ վերաբերմունքն ավելի կամրապնդվի: Հակառակը, բոլորին ասեք, որ երեխան շա՜տ է սիրում փոքրիկին, ձեզ շատ է օգնում խնամքի հարցում, պաշտպանում է փոքրիկին, անգամ եթե նման դեպքերը շատ քիչ են եղել, ասեք, որ փոքրիկն էլ իրեն է շատ սիրում; Երեխան կսկսի հավատալ դրան ու կփորձի համապատասխանել ձեր ներկայացրած դրական կերպարին:

✅ Փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մեծ երեխայի հետ
Հիշեք, որ ձեր գործերը ԵՐԲԵՔ չեն ավարտվելու, իսկ ժամանակը չի սպասում: Փորձեք անգամ դրանք վերածել խաղի ու ներգրավել մեծ երեխային: Օրինակ, կարող եք խոհարարական խաղ խաղալ, որտեղ դուք կպատրաստեք տան անդամների համար, իսկ երեխան կկտրատի աղցանի բաղադրիչները: Կամ եթե երեխան աղջիկ է, անձնական խնամքին հետևելիս կարող եք իր հետ առանձնանալ սենյակում, որը կլինի ձեր սպա սրահը։ Երեխային մանկական քսուքներ, խնամքի պարագաներ տվեք, և միասին <<խաղացեք>>: Կարող եք նաև մարզվել երեխաների հետ միասին: Տանը ինչ-որ իր վերանորոգելիս երեխան կարող է լինել հայրիկի օգնականը, փոխանցել գործիքները, պահել դրանք……

Leave a Reply