Երեկոն միաձուլում է մեզ

Երեկոն իր հանդարտ թևերն է փռում մեր ննջասենյակում, որտեղ իմ համբույրների տեղատարափին զուգահեռ իր քնկոտ աչքերն է տրորում որդիս, ու այդ պահին, երբ ամեն տեղ մութ է ու անաղմուկ անդորր, մենք միաձուլվում ենք, դառնում մեկ մարմին, ինչպես այն ժամանակ, երբ նա օր օրի իր սրտիկի մեծ սերն էր ուղարկում ինձ ներսիցս, փաթաթվում ենք իրար, ու այդ լռության մեջ մեկ իմ սրտի ձայնն է լսվում, մեկ նրա, ու այդ ձայները իրար հերթ չտալով նույնպես միաձուլվում են, սկսում եմ հավասարաչափ բաբախել, բաբախել այն մեծ սիրո համար, որ ամեն անգամ ծնվում է մայրական սիրուցս…

282942_10151869214738619_405206507_n

Այդ ջերմությունն անուն չունի, որ ասես, այն գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ մեր սրտերի միաձուլման ժամանակ որդիս իր տաքուկ գլուխը դնում է սրտիս, ու երբ քունը հաղթում է, նա այնքան անհոգ է քնում` համոզված լինելով, որ ես` մայրը, միակը, իր կողքն եմ լինելու… հսկելու եմ նրա անդորրը, նրա քունը… մթության մեջ մերթընդմերթ լսվում է նրա փոքրիկ շնչառության ձայնը, այն ինձ համար գեղեցիկ է բոլոր դասական գլուխգործոցներից, ես պատրաստեմ հսկել նրա քունն ու անվերջ լսել այդ մեղեդին` նրա սրտի բաբախյունը, նրա շնչառությունն ու նրա` իմ մի մասնիկ լինելը…

 

Leave a Reply