Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին Դ երկարատև անբավարարությամբ:
Վիտանին Դ նպաստում է աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը: Վերջինիս անբավարարությունը բերում է ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի մակարդակների պահպանման դժվարությանը, որից և առաջացնում է ռախիտ:
Ռախիտի զարգացման պատճառագիտության մեջ առկա են 2 խումբ պատճառներ՝
- Սննդից վիտամին Դ ստացման անբավարարություն
- Օրգանիզմում առկա նյութափոխանակային խանգարումներ, որոնց արդյունքում օրգանիզմում առկա բավարար քանակությամբ վիտամին Դ իր ֆունկցիաները լիարժեք չի իրականացնում
Երբեմն նաև սննդից ստացվող կալցիումի անբարար քանակությունը ևս կարող է բերել ռախիտի զարգացման:
Ռախիտի հիմնական ախտանիշներն են՝
- Աճի դանդաղում
- Ողնաշարի, կոնքի ոսկրերի և ոտքերի ցավ
- Մկանային թուլություն
Քանի որ ռախիտի ժամանակ դիտվում է ոսկրերի ծայրային հատվածների փափկեցում, որը բերում է ոսկրային դեֆորմացիաների, որոնք կարող են արտահայտվել
- Սրունքների և ծնկների դեֆորմացիայով (0-աձև կամ X-աձև)
- Դաստակների և կոճերի հաստացումով
- Կրծոսկրի դեֆորմացիայով
Ռախիտի զարգացման համար ռիսկի գործոններ են հանդիսանում՝
- Մաշկի մուգ գունավորումը: Վերջինս դեպքում արևի ճառագայթներով պայմանավորված վիտամին Դ արտադրությունը իջնում է:
- Մոր մոտ վիտամին Դ անբավարարությունը հղիության ընթացքում: Այդպիսի երեխաները արդեն իսկ կարող են ծնվել վիտամին Դ անբավարարությամբ, և նրանց մոտ կյանքի առաջին ամիսների կարող է զարգանալ հիվանդություն:
- Հյուսիսային լայնություններում ապրելը: Արևոտ օրերի պակասը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը:
- Անհաս նորածին: Վերջիններիս մոտ ռախիտի զարգացման հավանականությունը մեծ է:
- Դեղորայքի կիրառություն: Հակառետրովիրուսային և հակացնցումային դեղորայքի օգտագործումը իջեցնում է օրգանիզմի կողմից վիտամին Դ օգտագործման հնարավորությունը:
- Բացառապես կրծքով սնուցում: Կրծքի կաթը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամին Դ: Այս երեխաները պետք է ստանան վիտամին Դ կաթիլներ:
Ռախիտի բարդությունները արտահայտվում են՝
- Աճի դանդաղումով
- Ոսկրային մնայուն դեֆորմացիաներով
- Ծռված ողնաշարով
- Ատամների խնդիրներով
- Ցնցումներով
Ախտորոշումը հիմնված է երեխայի զննման և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա:
- Գանգի զննության արդյունքում հնարավոր է հայտնաբերել ոսկրերի փափկեցում և գաղթունների փակման ուշացում
- Ոտքերի զննման արդյունքում հայտնաբերվում է ոտքերի ծռվածություն, որը չնայած կարող է առկա լինել նաև առողջ երեխաների մոտ, բայց առավել արտահայտված է ռախիտով հիվանդների մոտ:
3.Կրծքավանդակի զննման արդյունքում հնարավոր է հայտնաբերել կողերի հարթվածություն, որի պատճառով դիտվում է կրծոսկրի ցցվածություն:
- Դաստակների և կոճերի զննման արդյունքում հայտնաբերվում է վերջինների հաստացում:
Ռենտգեն քննության արդյունքում հնարավոր է հայտնաբերել ոսկրային ծռվածություններ, իսկ արյան և մեզի քննության արդյունքում՝ վիտամին Դ, կալցիումի, ֆոսֆորի և այլ նյութերի մակարդակների շեղումներ նորմատիվային միջակայքից: Վերջիններս իրականացվում են ինչպես ախտորոշման ճշտման, այնպես էլ բուժման ընթացքի գնահատման համար:
Ռախիտի բուժումը ներառում է վիտամին Դ և կալցիումի պրեպարատների օգտագործում: Վիտամին Դ ներմուծումը օրգանիզմ պետք է խստորեն հետևել, քանի որ վերջինիս բարձր քանակությունները վնասակար են օրգանիզմի համար:
Ոսկրային որոշ ծռվածությունների ուղղման համար, հնարվոր է հատուկ ուղղող կորսետների կիրառություն, իսկ ծանր դեպքերում վիրահատական բուժման իրականացում:
Ռախիտի կանխարգելման համար բավարար է հետևյալ միջոցառումների իրականացումը:
- 10-15 րոպե կեսօրին իրականցվող զբոսանքը արևի տակ բավարար է վիտամին Դ անհրաժեշտ քանակության արտադրման համար: Սակայն պետք է հիշել, որ մաշկի մուգ գույն ունեցողները և ապրելը հյուսիսային լայնություններում բերում է օրգանիզմում վիտամին Դ անբարար սինթեզին: Բացի այդ արևի ուղղակի ճառագայթների տակ նորածնի կամ կրծքի հասակի երեխայի գտնվելը մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, հետևաբար ներկայումս կանխարգելման այս մեթոդը չի հանդիսանում անվտանգ նորածին և կրծքի հասակի երեխաների համար: Վերջիններիս զբոսանքը խորհուրդ է տրվում կազմակերպել միայն պաշտպանիչ հագուստով կամ արևապաշտպան քսուքների օգտագործումից հետո:
- Սննդակարգի հարստացումը ձկան յուղոտ տեսակներով, ձկան յուղով և ձվի դեղնուցով ևս նպաստում է ռախիտի կանխարգելմանը: Վիտամին Դ աղբյուր են հանդիսանում նաև հետևյալ սննդատեսակները, որոնցում հավելյալ ավելացվում է վիտամին Դ՝
- Կաթնախառնուրդ
- Հաց
- Կովի կաթ, սակայն ոչ վերջինից պատրաստված մթերքները՝ մածունը կամ պանիրը
- Նարնջի հյութ
Ճշտելու համար վիտամին Դ պարունակությունը տարբեր մթերքների մեջ պետք է ուշադիր լինել պիտակի վրա գրված վիտամին Դ քանակներին:
Կրծքով սնուցման դեպքում նորածինը կյանքի առաջին օրերից պետք է ստանա վիտամին Դ հավելում 400 ՄՄ յուրաքանչյուր օր: Կաթնախառնուրդ ստացող նորածինը ևս պետք է ստանա վիտամին Դ ամենօրյա հավելում, եթե վերջինս չի ստանում օրական 1լ և ավել կաթնախառնուրդ: