Հայ ծնողների ակումբի անդամները հաճախ են քննարկում պարարվեստի շուրջ հարցեր, և մենք որոշեցինք ոլորտի ամենանշանավոր մասնագետներից մեկի հետ մի փոքրիկ հարցազրույց ունենալ։
Եվ այսպես, ակումբի հարցերին պատասխանում է “Արմա” պարային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային կարգի մրցավար Արշավիր Մուրադյանը։
– Քանի՞ տարեկանից է ճիշտ երեխային պարի տանել (պարի ոճը կապ ունի՞)։
– Բուն պարով ճիշտ է զբաղվել 6 տարեկանից, իհարկե, յուրաքանչյուր պարային ոճ ունի իր առանձնահատկությունները։ Արգելվում է մինչև 6 տարեկանը զբաղվել ճկունությունը զարգացնող վարժություններով ստիպողաբար։ 3-6 տարեկանների համար գոյություն ունեն հատուկ մշակված պարային խաղեր և մանկական պարաձևեր, որոնք զարգացնում են լսողությունը, վեստիբուլյար ապարատը և ռիթմի զգացողությունը։
Պարերը ընդհանուր զարգացնող են և նրանց մեջ կան հատուկ մշակված տարրեր՝ տարբեր պարային ուղղություններից վերցված։ Եվ, իհարկե, այդ տարիքի երեխաների դասաժամը սահմանափակվում է 40-50 րոպեով։
– Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել պարի ստուդիա ընտրելիս:
– Պետք է նախ և առաջ ուշադրություն դարձնել ակումբի ղեկավարի արհեստավարժ մոտեցմանը, պարուսույցի համապատասխան կրթությանը։
– Կարևո՞ր է տարիքային խմբերի առանձնացումը:
– Տարիքային խմբերի առանձնացումը իհարկե ցանկալի է, իսկ պարտադիր լինելը կախված է պարատեսակից։ Գոյություն ունեն շարժումներ, պարային էլեմենտներ, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար (ըստ բարդության) և արգելվում են, կամ ցանկալի չեն մյուս տարիքային խմբերում։
– Կարելի՞ է արդյոք փոխել պարուսույցներին/ստուդիան, չի՞ ազդի արդյոք դա երեխայի հմտությունների վրա։
– Յուրաքանչյուր պարուսույց կամ մարզիչ գտնվում է մասնագիտական մի որոշակի բարձունքի վրա և ինչ-որ մի բանում ավելի հմուտ է, քան մյուս մասնագետը։ Գոյություն ունի նաև անհամատեղելիություն, երբ պարողը աճում է նոր մասնագետի մոտ ավելի լավ, քան նախորդի մոտ։ Այս հարցին պետք է մոտենալ օբյեկտիվ տեսանկյունից։
– Ճի՞շտ է արդյոք երեխայի մասնակցությունը պարային մրցույթների, եթե դեռ նոր է սովորում պարել:
– Տվյալ հարցի պատասխանը կախված է նախ և առաջ պարատեսակից, երկրորդը՝ պարուսույցից կամ մարզիչից, և երրորդը՝ անձից։ Այստեղ ավելի շատ հոգեբանական գործոնն է, քան տեխնիկական։ Խմբակային պարերում շատ մեծ դեր են խաղում պարողի ընդունակությունները և պարուսույցի հոգեբանական արհեստավարժությունը։
– Ինչպե՞ս հաղթահարել մրցույթներին հաղթելու/պարտվելու վատ հետևանքները:
– Մրցույթ հասկացողությունը իր մեջ պարունակում է հաղթելու և պարտվելու գաղափարը։ Հոգեբանության մեջ երկուսն էլ համարվում են սթրես։
Պետք է հաշվի առնենք,որ պարարվեստը սուբյեկտիվ մարզատեսակ է։ Հաղթելուն չպետք է մոտենալ որպես բացարձակ ճշմարտություն և այն չպետք է լինի բացարձակ նպատակ, այլ պետք է լինի հաճելի գնահատական՝ կատարած աշխատանքի դիմաց։
Շատ դեպքերում պարտությունը ավելին է տալիս, քան հաղթանակը։ Տալիս է նպատակ՝ աճելու, հետագայում հաղթելու, կամ իր արդարությունը ապացուցելու։
– Ո՞ր դեպքում է պարը օգտակար և ո՞ր դեպքում է բերում անցանկալի հետևանքների։
– Պարը ինքն իրենով ամենաօգտակար արվեստներից մեկն է։ Այն համաչափ զարգացնում է մարդու հավասարակշռության ապարատը, մկանային, ինչպես նաև սրտանոթային համակարգը։ Կազմավորում է ճաշակի, գեղեցիկի ընկալում և ընդհանրապես ազդում է մարդու արժեհամակարգի կազմավորման գործընթացի վրա։ Այս ամենը այն դեպքում, երբ այդ գործընթացը ղեկավարում է գիտակից և արհեստավարժ մասնագետը։
Մեզանում կա դիրքորոշում. «պար է էլի, թող զբաղվի երեխան», բայց այս մոտեցումը բացարձակապես սխալ է և անդառնալի հետևանքների կարող է բերել։ Հետևանքներից որոշները տեսանելի են դառնում մոտ ապագայում, իսկ որոշները, անտեսանելի լինելով, ի հայտ են գալիս հետագայում։
Պարուսույցների անգիտակից և անկիրթ մոտեցման հետևանքներից են՝ կեցվածքի ոչ ճիշտ ձևավորումը, մկանային համակարգի և հոդերի ոչ ճիշտ զարգացումը, հետևաբար, ողնաշարի ծռությունը։ Լինում են ողնաշարի վնասվածքներ, ոտքերի ծռություն և ամենակարևորը՝ սրտի ոչ ճիշտ ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած վնասներ։
Յուրաքանչյուր պարատեսակ, ելնելով իր առանձնահատկությունից, գրագետ ուղղորդման դեպքում՝ մշակում է հատուկ կեցվացք։ Օրինակ, սպորտային պարերում՝ սլացիկ կառուցվածք։
Մեր հարցերին սիրով պատասխանեց “Արմա” պարային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային կարգի մրցավար Արշավիր Մուրադյանը։
Պարի ստուդիաների մասին ինֆորմացիա կարող եք տեսնել այստեղ։