Հայրիկի դերը երեխայի դաստիարակության և զարգացման գործընթացներում


Արդեն մի քանի տարի է, ինչ Unicef_ը պաշտոնապես հայտարարություն է ուղղում ամբողջ աշխարհին, որի միտքը հետևյալն է.
«Հայրիկները պարզապես երկրորդ ծնողը և հավելյալ ձեռքեր չեն։ Եվ եթե մենք ցանկանում ենք երեխաների համար ապահովել կյանքում լավագույն սկիզբ, պետք է ամբողջությամբ արժևորենք և օգտագործենք հայրիկների կարողությունները»։

Մեր հասարակությունը դեռևս չի թույլատրում հայրիկներին շատ մոտ կանգնել իրենց բալիկներին. օրինակ, երբ մայրիկը տանն է երեխայի հիմնական խնամքը դրված է մայրիկի ուսերին։ Մայրիկները շատ դեպքերում իրենց ամուսիններին չեն ներգրավում կենցաղային հարցերի կարգավորմանը։ Մինչդեռ հասարակ տակդիր փոխելը, երեխայի հետ զբոսանքի գնալը, լոգանքի հարցում օգնելը և նմանօրինակ կենցաղային խնդիրները միասին կարգավորելը , բացի ամուսինների հարաբերությունների վրա դրական ազդեցություն թողնելուց, բավական կարևոր են նաև հայրիկ- բալիկ հուզական կապի ամրապնդման համար։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հայրիկ- բալիկ հուզական կապի առկայությունը ամենավաղ տարիքում նպաստում է երեխայի հետագա կյանքում հայրիկի դերի, խոսքի կարևորության, բարձր դիրք զբաղեցնելու հարցերում, որն իր հերթին դրական ազդեցություն է թողնում հայրիկի ներաշխարհի և ինքնագնահատականի վրա ։

Այն երեխաները, ովքեր մեծանում են հայրիկի անմիջական խնամակալության ներքո, լինում են ավելի ինքնավստահ, ավելի երջանիկ և ավելի պաշտպանված։

Հայրիկը երբեք երեխայի համար չպետք է դիտարկվի, որպես «դրսի պատ», ինչպես ընդունված է կոչել մեր հասարակությունում։ Նա պետք է իր ուրույն դերը զբաղեցնի ինչպես կրթության և դաստիարակության, այնպես էլ խաղային զարգացման ընթացքում ։

Երեխայի առօրեայից դուրս գտնվող հայրիկները երեխայի տարիքի հետ միասին կորցնում են իրենց դերը երեխայի կյանքում (իհարկե կան բացառություններ. օրինակ՝ հեռավորությունը)։

Որպեսզի հետագայում միմյանց հասկանալու լուրջ խնդիրների առաջ չկանգնեք, սիրելի հայրիկներ ՛ պետք է դեռ մանկուց փորձեք ճանաչել Ձեր երեխային։ Ներգրավված լինեք նրա ցանկացած պարտության և ցանկացած հաջողության մեջ։ Պետք է միասին խնդիրներ լուծեք, զրուցեք տարբեր թեմաներից, տարբեր վայրեր հաճախեք միասին։

Երբեմն հայրիկները իրենք էլ մտածելով, որ կենցաղի հարցերը իրենց գործը չեն, երեխային վերաբերող միակ խնդիրը համարում են ֆինանսական հարցերի լուծումը։ Նման դեպքերում մայրիկները չպետք է լուռ ամբողջ հոգսը միայնակ կրեն։ Մայրիկը ինքը պետք է խնդրի իր ամուսնու օգնությունը։

Մայրիկը միակ մարդն է, ով կարող է ստեղծել ամուր կապ հայրիկի և բալիկի հուզական աշխարհում։

Սիրելի’ հայրիկներ, հիշեք, որ դուք ունեք հավասար իրավունքներ և պարտականություններ ձեր երեխային վերաբերող ցանկացած գործառույթում։

Սիրե’ք և հո’գ տարեք ձեր բալիկների մասին, չէ՟ որ իրենք ամենաշատը հենց ձեր կարիքն ունեն ։

Leave a Reply