Ասկարիդոզ, Լյամբլիոզ: Ամենատարածված մակաբույծները երեխաների շրջանում

Ամեն տարի մոտ 0.8 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում հիվանդանում է ասկարիդոզով, որոնց գերակշիռ մասը կազմում են երեխաները: Վարակի հիմնական պատճառ են հանդիսանում կեղտոտ ձեռքերը, վատ լվացված սնունդը, ինչպես նաև ասկարիդի ձվերով պատահականորեն վարակված տնային գործածության իրերը: Աղիքներում հայտնված ասկարիդի հարսնյակն անցնում է արյան մեջ,  4-րդ օրը հայտնվելով լյարդում, այնուհետև վարակվելուց 1-2 շաբաթ անց արյան շրջանառության փոքր շրջանով հասնում է ալվեոլներ: Բարդ դեպքերում, եթե թոքեր են հասնում մեծ քանակությամբ ասկարիդներ, հիվանդի մոտ զարգանում է էոզինոֆիլային թոքաբորբ: Ասկարիդի հարսնյակն ալվեոլներում զարգանում է 3 շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում հազի միջոցով անցնելով վերին շնչուղիներ, հայտնվում են բերանի խոռոչում, որտեղից էլ կուլ տալու հետևանքով արդեն բարակ աղիք: Ասկարիդները կարող են տարածվել օրգանիզմում հասնելով տասներկումատնյա աղիք, լյարդ, ենթաստամոքսային գեղձ:

Կլինիկական սիմպտոմներն ի հայտ են գալիս 2 փուլով.

Առաջին փուլի նշաններն են՝

  • Թուլություն,
  • Մաշկային ցան, քոր,
  • Ցավ կրծքավանդակում,
  • Գլխացավ

Երկրորդ՝ աղիքային փուլի նշաններն են՝

  • Մարսողական խանգարումներ,
  • Փորացավ,
  • Ախորժակի կորուստ,
  • Սրտխառնոց,
  • Մարսողական խանգարումների արդյունքում երեխան սկսում է նիհարել, ընկնում է իմունիտետը:

Նյարդային համակարգը ևս տուժում է, ինչն արտահայտվում է հետևյալ սիմպտոմներով

  • Հոգնածություն,
  • Ցրվածություն,
  • Հիշողության վատացում,
  • Գրգռվածություն,
  • Քնի խանգարում:

Հաջորդ ամենատարածված հիվանդությունը երեխաների շրջանում լյամբլիոզն է: Հարուցիչը միաբջիջ մակաբույծ լյամբլիան է, որը մակաբուծում է մարդու բարակ աղիներում: Լյամբլիայի ցիստաները բավականին երկար կարող են պահպանել կենսունակությունը մարդու օրգանիզմից դուրս, օրինակ՝ կենցաղային իրերի վրա՝ դռան բռնակ, սրբիչ, խաղալիքներ և այլն: Վարակվել հնարավոր է հիվանդ ընտանի կենդանիներից, որոնց բրդի վրա երկար պահպանվում են լյամբլիայի ցիստաները: Լյամբլիայի ակտիվ բազմացման համար անհրաժեշտ պայման է ցածր իմունիտետը, ինչը բնորոշ է մանկապարտեզ հաճախող երեխաներին:

Լյամբլիոզի սիմպտոմներն ի հայտ են գալիս իմունիտետի թուլացման դեպքում, ինչի պատճառ կարող են դառնալ սովորական գրիպը կամ մրսածությունը: Լյամբլիոզի սիմպտոմներն են՝

  • Մարսողական խանգարումներ,
  • Աղիքային խնդիրներ,
  • Միմյանց փոխարինող լուծ և փորկապություն,
  • Դեղնավուն կղանք, հաճախ լորձի առկայությամբ,
  • Սրտխառնոց և գլխապտույտ,
  • Մարսողական խանգարումների հետևանքով առաջանում է ավիտամինոզ,
  • Մաշկային ցան, որը հաճախ շփոթում են սննդային ալերգիայի կամ դիաթեզի հետ,
  • Մաշկի պիգմենտացիան ևս կարող է փոխվել, ավելի մգանալ կամ դեղնել, ի հայտ է գալիս այսպես կոչված «մարմարե քիթ» սիմպտոմը, որը սպեցիֆիկ է լյամբլիոզի համար:

Ասկարիդոզը և լյամբլիոզը հնարավոր է հայտնաբերել 2 տեսակի անալիզով.

  1. Կղանքի միջոցով հայտնաբերվում են ասկարիդի, լյամբլիայի ձվիկները
  2. Արյան միջոցով հայտնաբերվում են ասկարիդի, լյամբլիայի հանդեպ հակամարմինները:

Ժամանակին հայտնաբերված մակաբույծներից հնարավոր է հեշտությամբ ձերբազատվել համապատասխան բուժումից հետո, նորից վերադարձնելով երեխային իր անհոգ և ուրախ մանկությունը:

Նյութը տրամադրել է “ԲիոՄեդ” ախտորոշման լաբորատորիան:

Leave a Reply