Պատրաստվում ենք դպրոցին :)

Շուտով տարին փոխվում է, իսկ սա նշանակում է՝ առաջին դասարան գնալ պատրաստվող երեխաների ծնողները սկսում են պատրաստվել՝ դպրոց են փնտրում, հարմարավետ պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ և այլն: Բայց ավելի նպատակահարմար է երեխաներին պատրաստել դպրոցին: Ինչպե՞ս, հիմա մի փոքր կգրեմ՝ ինչպես երեխային պատրաստել դպրոցին՝ ոչ թե թիվ ու տառ սովորեցնելով, այլ երեխային պատրաստել այնպես, որ հեշտ լինի սովորելը: Նախ՝ դպրոց հաճախող երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն:

Հիմա հատ-հատ կանդրադառնամ ամեն մեկին: Եթե մեր երեխաները դպրոց հաճախեին 7 տ-ում, ապա շատ ավելի լավ կլիներ: Երեխան ավելի պատրաստ կլիներ դպրոցին, բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք, փորձենք գլուխ հանել այս իրավիճակում: Առաջնահերթ պետք է զարգացնել մանր մոտորիկան, որպեսզի երեխան հեշտ կարողանա գրիչ բռնել և գրել: Մանր մոտորիկայի զարգացումը նպաստում նաև խոսքի զարգացմանը, քանի որ գլխուղեղում այդ երկու կենտրոնները մոտ են միմյանց, և մեկի զարգացումը նպաստում է մյուսի զարգացմանը: Դրա համար երեխայի հետ շատ խաղացեք պլաստիրինով, ավազով, նկարեք, ներկեք, մկրատով կտրեք և ապլիկացիաներ սարքեք, ուլունքներով աշխատեք, մանր լեգոներ հավաքեք, նպարեղենով կամ թելերով ապլիկացիաներ սարքեք: Որքան մանր են դետալները, այնքան լավ: Երեխային սովորեցրեք մանր դետալները բռնել 3 մատիկով, որպեսզի գրիչն էլ հետագայում հեշտ լինի բռնել երեք մատիկով (աքցանանման): Մի՛ վախեցեք մկրատ տալ երեխային. կան ոչ սրածայր մկրատներ, որոնք համեմատաբար ավելի ապահով են, իսկ դուք մշտապես եղեք իր կողքին: Որևէ ապլիկացիա պատրաստելիս հենց երեխան կարող է կտրել դետալները գունավոր թղթից: Թողեք մի փոքր ինքնուրույն լինեն՝ իրենք գծեն, կտրեն, սոսնձեն, փակցնեն, որն առավելապես կնպաստի նաև կոորդինացված շարժունակությանը, ինքնուրույնությանը: Կարևորը ոչ թե գեղեցիկ ու կոկիկ ապլիկացիա ստանալն է, այլ երեխայի կատարած գործողությունները: Երբեմն ծնողներս ուղղում ենք, օգնում, շտկում, որ գեղեցիկ լինի: Բայց երեխան ինքը պետք է փորձի սարքել, սխալվի, մտածի՝ ինչպես փակցնի, որ ճիշտ լինի: Եթե դիմում է ձեր օգնությանը, ուղղորդեք, օգնեք, բայց իր փոխարեն մի արեք: Անհրաժեշտ է զարգացնել նաև ուշադրությունն ու հիշողությունը, մտածողությունն ու տրամաբանությունը: Դժվար չէ այս ամենն իրականացնել առօրյայում: Օրկ.՝ երեխային առաջարկեք նայել խաղալիքներին, հետո փակել աչքերը, իսկ դուք թաքցրեք որևէ խաղալիք, աչքերը թող բացի ու ասի՝ ինչը չկա: Սկզբում դրեք 3-4 խաղալիք, եթե հեշտությամբ է հիշում, շատացրեք քիչ-քիչ: Կարող են լինել նկարներ, գույներ, կենդանիներ, ինչ ուզում եք: Կարող եք անվանել առարկաների անունները ու կսովորի նաև անվանումները գրական հայերենով, որը դպրոցում շատ պետք կգա: Կամ առաջարկեք որևէ խնդրահարույց իրավիճակ (օրկ.՝ վայ, վերևի պահարանից չգիտեմ՝ ինչպես հանեմ իրերը) և դուք իբրև չեք գտնում ելք, իրեն հարցրեք՝ ինչ կարող եք անել, ինչպես այս հարցը լուծեք, ինքը կմտածի և ձեզ ելքեր կառաջարկի: Կամ բակում հարցրեք. «Իսկ դու հիշու՞մ ես՝ ես դուռը փակեցի թե ոչ» կամ «Երեկ ու՞ր էինք գնացել, չեմ հիշում, կարո՞ղ է դու հիշում ես»: Ինքը կսկսի հիշելով պատմել, որը նաև կնպաստի խոսքի զարգացմանը, պատմելու կարողության զարգացմանը: Երբ հեքիաթ եք կարդում, ամենահետաքրքիր մասում մի պահ դադար տվեք և հարցեր տվեք, թե ինչ է կարծում, ինչ կլինի հետո: Հետո առաջարկեք կարդալ և տեսնել՝ արդյո՞ք գրքում էլ է այդպես գրված, ինչպես ինքն է մտածում:

ԽՈՍՔԻ մասին անգամ կուզեի առանձին գրառմամբ գրել, բայց այս անգամ հակիրճ գրեմ, որպես ընդհանուր զարգացման մի մաս: Նախ՝ դպրոց հաճախող երեխան պետք է կարողանա պարզ խոսել, բոլոր հնչյունները ճիշտ արտասանել (սխալ արտասանվող հնչյունները երբեմն սխալ էլ գրում են գրավոր աշխատանքներում, ու շտկելն ավելի բարդ է), խոսել ընդարձակ նախադասություններով, կարողանալ միտքն արտահայտել, պատմել և վերապատմել, նկար պատմել, խոսելիս ճիշտ կիրառել դեմքը, թիվը, հոլովը (նախադասության անդամներն իրար համաձայնեցված խոսել, օրկ.՝ չասի՝ ես գնացել էինք դպրոցների մեջ): Կարևոր է նաև տեսատարածական պատկերացումը, որպեսզի տետրի մեջ ճիշտ կողմնորոշվի՝ որտեղ պիտի գրի, ինչ չափ պետք է ունենան տառերը, որ մասնիկն է պետք մեծ գրել, որը փոքր, մասնիկը դեպի աջ թե ձախ թեքել: Դրա համար պետք է տալ երեխային գունավորել նկարներ և հետևել, որ սահմաններից դուրս չգա, գծիկներն իրար համեմատաբար զուգահեռ լինեն, ամբողջ դաշտը ներկված լինի: Կետագծիկներով շրջան գծեք, թողեք երեխան վրայով գծի ու ամբողջացնի: Երեխայի հետ խաղեր խաղալիս փորձեք դետալները միշտ շարել ձախից աջ՝ դրա մասին բացարձակ ոչինչ չասելով: Ուղղակի մշտապես այդպես շարելու արդյունքում երեխան գրելիս հեշտ է հասկանում, որ ուղղությունը ձախից աջն է: Հատկապես, որ հայերենում տառերի մասնիկների գրությունը ձախից աջ է: Լավ կլինի, եթե երեխային սովորեցնեք հնչյունային վերլուծություն կատարել: Կարող եք սկսել հետևյալ կերպ. հարցնել, թե իր անունն ասելիս առաջինը ինչ է լսում։ Սկզբում արտասանեք առաջին հնչյունը երկար և ուշադրությունը հրավիրեք այդ հնչյունի վրա (կարող եք սկզբում ձայնավորով սկսվող բառից սկսել, քանի որ ձայնավորներն ավելի երկար կարող եք արտասանել): Եթե լիրաժեք տարբերակում է (այս փուլը կարող է երկար տևել՝ 1-2 ամիս, մի շտապեք ու երկար դադար տվեք, որ լիրաժեք յուրացնի ու հեշտ գործողություն դառնա իր համար): Եթե լիաժեք կարողանում է առանձնացնել, ապա փորձեք հասկանալ վերջինը, երկրորդը, մեջտեղինը, ու այսպես սովորեցրեք հնչյունային վերլուծություն կատարել՝ չիմանալով տառերը. դրանք կսովորի դպրոցում: Նույնը կարելի է անել վանկերով, սովորեցնել ծափերի միջոցով բառը վանկատել: Պետք է ուշադիր լինել գաղտնավանկը ուսուցանելիս: Եթե վստահ չեք, որ լիարժեք ճիշտ կբացատրեք, ավելի լավ է դրա մասին չասեք, ուղղակի շրջանցեք և սովորեք այն բառերի վրա, որտեղ չկա գաղտնավանկ: ՉՄՈՌԱՆԱՔ, այս ամենն ընդամենը խաղ է և պետք է կազմակերպել խաղի ձևով, որպեսզի և՛ հաճույքով սովորի, և՛ ուսման նկատմամբ ձանձրույթ չձևավորվի:

Մի բան էլ գրեմ ու վերջ

🙂

Երեխայի հետ փորձեք աշխատել սեղանի շուրջ, սովորեցրեք նստած ուտել, որևէ աշխատանքով զբաղվել, քանի որ դպրոցում մեծագույն խնդիր է երեխաների նստելը: Ամեն մեկից մի օրինակ բերեցի, կարելի է այս ամենի մասին անվերջ գրել: Գուցե սա շարունակական լինի և պարբերաբար գրեմ՝ ինչպես կարելի է զարգացնել և նախապատրաստել երեխային դպրոցին:

Լոգոպեդ՝ Մարիամ Պետրոսյան

Leave a Reply