Շատ ուրախ իրադարձություն և իրարանցում է, ինչպես ասում են, «առաջին անգամ առաջին դասարան» գնալը, ինչպես ծնողների, տատիկ-պապիկների, այնպես էլ վեց տարին բոլորած կամ չբոլորած փոքրիկների համար: Սակայն մեկ շաբաթ, առավելագույնը տասը օր հետո տոնական, հուզական մթնոլորտն իր տեղը զիջում է առօրյա հոգսերին ու ծանր աշխատանքին: Ինչպե՞ս ենք մեր երեխային պատրաստում դպրոցի, ի՞նչ պետք է երեխան կարողանա ինքնուրույն անել, ի՞նչ հմտություններ և գիտելիքներ են կարևոր դպրոց գնալու համար: Այս և նման խնդիրներն են, որ ծառանում են ծնողի, երեխայի, ինչո՞ւ չէ, նաև ուսուցիչների և մանկավարժների առաջ:
Խորհրդային կրթությունը (գիտեմ, որ մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն խորհրդային կրթության նկատմամբ), հանուն արդարության ասեմ, որ շատ-շատ դրական կողմեր և առավելություններ ուներ: Առաջին հերթին այն համակարգված էր, և նախակրթարանից դպրոց անցումը կատարվում էր կազմակերպված, այն տրամաբանական շարունակական փուլ էր, և երեխայի ու ծնողի համար խնդրահարույց չէր, հատկապես՝ մանկապարտեզ հաճախած երեխայի համար: Գիտելիքների, հմտություների և կարողությունների առումով դա մի շղթայի օղակ էր՝ բնական աճման փուլ ապահովող:
Կա մի միտում, որ վերջին տարիներին նկատում եմ մեր մայրիկների և ընդհանրապես ծնողների շրջանում, և որը ինձ շատ է անհանգստացնում, ուստի ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով:
Մի տեսակ մոդայիկ է և անգամ մրցավազք է հիշեցնում 4-5 տարեկան երեխաների տարբեր քոլեջներ և զարգացման կենտրոններ հաճախելը: Երեխան տվյալ կենտրոնի, քոլեջի տնօրենի պատասխանատվության ներքո է: Տվյալ հաստատությունը իր ծրագրում կենտրոնական կամ միասնական ծրագրի տարր անգամ չի ներառում: Ես, քավ լիցի, իրավունք չեմ վերապահում ինձ քննադատական խոսք ասել, բայց հաճախ գիտեմ, որ նման հաստատությունները նույնիսկ գործունեության լիցենզիա (թույլտվություն) չունեն, չեն վերահսկվում և իրենց ծրագրերում շատ անկախ են: Ինչ-որ առումով դա գուցե լավ է և գովելի: Բայց ես ուզում եմ, որ ծնողը գիտակցի, թե իրականում ինչ է պետք իր երեխային այդ տարիքում:
Երբեմն երեխան 6 տարեկանում գալիս է դպրոց ընդունվելու, և ծնողը հպարտ հայտարարում է, թե իր երեխան 5 տարեկանից գրել-կարդալ գիտի: Ինչո՞ւ, հարգելի՛ ծնող, ուզում եմ հարցնել, ինչո՞ւ եք գողացել երեխայի մանկությունը, ինչո՞ւ չեք թողել, որ երեխան իր մանկական խաղը խաղա և զարգանա: Այդ տարիքի համար հազար ու մի զարգացնող բաներ կան, քան 5 տարեկանում գրել-կարդալն է: Մեր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի «գիտակ» երեխաները, որ ժամանակից շուտ կիսատ-պռատ դպրոցական ծրագիրն են յուրացնում, դպրոցում սկսում են ձանձրանալ: Բայց հմուտ, բանիմաց մանկավարժը այդ կիսատ-պռատը պետք է լրացնի շատ կարևոր գիտելիքներով: Իսկ այդ խեղճ երեխան, որ հասցրել էր արդեն ձանձրանալ, հիմա էլ չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել այնքան, որ զատի, թե ինքն ինչը գիտի, ինչը՝ ոչ, որպեսզի իր չիմացածը կարողանա յուրացնել: Ստացվում է, որ երեխան աստիճանաբար սկսում է հետ գնալ, քանի որ բաց է թողնում կարևոր ինֆորմացիան, և իր ոչ գրաճանաչ ընկերներից աստիճանաբար սկսում է հետ ընկնել:
Իսկ ի՞նչ սովորեցնել: Ի՞նչ է պահանջվում վեց տարեկան երեխայից, այսինքն՝ ինչ սովորել նախադպրոցական տարիքում: Փորձեմ ներկայացնել ամենակարևորները.
- պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի մանր մոտորիկան,
- պետք է զարգացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը և հասցնել այն մաքսիմալի՝ 15-20 րոպե (ըստ հնարավորության),
- զարգացնել երեխայի հիշողությունը,
- զարգացնել կրեատիվությունն ու երևակայությունը,
- զարգացնել տրամաբանությունը,
- զարգացնել իր միտքն ազատ անկաշկանդ արտահայտելու ունակությունը,
- սովորեցնել ինքնասպասարկման ամենատարրական էլեմենտները (հանվել, հագնվել, շորերը կոկիկ դնել, սեղանից օգտվել),
- սովորեցնել անձնական հիգիենայի կանոններին հետևել (լվացվել, ատամները լվանալ, ինքնուրույն օգտվել զուգարանից և այլն),
- սովորեցնել իր իրերը՝ գրքեր, տետրեր, գրիչներ կոկիկ օգտագործել, պահել և այլն:
Հար և նման այլ հմտություններ ու կարողություններ են պետք, որ դպրոց եկած երեխաների գրեթե մեծ մասը չգիտի, և ուսուցիչը ստիպված իր վրա է վերցնում մանկապարտեզի դաստիարակի գործառույթը: Այստեղ թերի է մնում դասվարի աշխատանքը, որը ի վնաս մեր երեխայի է:
Ուրեմն, սիրելի՛ ծնողներ, կոչ եմ անում գիտակցաբար մոտենալ այս շատ լուրջ խնդրին և հասկանալ, որ 5 տարեկան երեխան այս վերը թվարկածը գերազանց յուրացնելու կարիք ունի, իր մանկությունը և խաղը՝ լիարժեք վայելելու իրավունք: Մի վախեց՛եք, տառաճանաչ դառնալու համար դեռ ժամանակ ունի, դրա համար կա դպրոց: Իսկ նախադպրոցական բոլոր հաստատություններին կոչ եմ անում ուշադրություն դարձնել, գուցե առաջին հայացքից չնչին թվացող, բայց իրականում այս լուրջ և կարևոր խնդրին, իսկ դուք, հարգելի՛ ծնողներ, ձեր երեխայի համար պահանջեք այսպիսի նախադպրոցական կրթություն:
Մկրտչյան Լաուրա
հիմնադիր-տնօրեն ArtSTEM college
հոգեբանական գիտությունների թեկնացու