1-2 տարեկան երեխայի խոսքի զարգացումը

1 տարեկանին մոտ երեխան բավականին հասկանում է խոսքը, անունին հստակ արձագանքում է (եթե երեխային անունով դիմում եք, եթե չեք դիմում և ամեն անգամ մի փաղաքշական անունով եք անվանում, ապա կարող է անունին չարձագանքել), կարող է կատարել պարզ հրահանգներ (օրինակ ցույց տուր լույսը, ոտիկդ բարձրացրու, գնդակը տուր և այլն: Իհարկե վերը թվարկվածը կանի, եթե սովորեցրել եք, մի քանի անգամ ցույց եք տվել լույսը, ոտիկ, թաթիկ անվանել եք հաճախ):
Խոսքի ընկալումը ակտիվ շարունակում է զարգանալ, երեխայի մոտ հարստանում է պասիվ բառապաշարը (երբ երեխան հասկանում է բառերի իմաստը, բայց դեռ չի արտաբերում):


Սովորաբար առաջին բառերն ի հայտ են գալիս 9 ամսականից 1տարեկան 6ամսական ժամանակահատվածում: Դրանք հիմնականում նույն վանկն ունենցող բառեր են, օրինակ մամա, պապա, տատա, դադա, գագա և այլն: Երեխան հեշտ է ընդօրինակում ձայները, օրինակ կենդանիների՝ մու, մյաու, հաֆ-հաֆ, մեքենայի, գնացքի, ինքնաթիռի՝ վու՜: Կարող է արտաբերել բառի առաջին վանկը կամ բառի բարձր հնչեղություն ունեցող վանկը, օրինակ ավտոմեքենայի դեպքում՝ ատո, կոնֆետի դեպքում՝ կա, ջրի դեպքում՝ բվա, ուտել է ցանականում՝ ամ, կանչում է՝ այի, տուր՝ տույ, դիր՝ դի և այլն: Այս վանկերը կոնկրետ իրավիճակում կոնկրետ նշանակություն ունեն, և դրանք այս տարիքի համար բառեր են 🙂 (Օրինակ բվա ասում է երբ ջուր է ուզում, հյութ կամ բաժակ է տեսնում, վու ասում է երբ տեսնում է մեքենա, ինքնաթիռ կամ ձայն արձակող որևէ առարկա): Սրանք ուղղակի վանկեր չեն, սրանք բառի նախատիպն են, որոնք հետո ավելի հստակ են արտասանվում և բոլորին հասկանալի բառեր դառնում:
Սկզբնական շրջանում մեկ վանկը կարող է ընդհանրական նշանակություն ունենալ, օրինակ բվա կարող է ասել երբ ջուր է ուզում խմել, երբ հյութ է ուզում խմել, երբ որևէ մեկը ջուր է խմում, ցայտաղբյուր է տեսել և այլն:
Այս տարիքում փոքրիկները հաճախ մատիկով ինչ որ բան են ցույց տալիս ու ասում <<ԸԸԸ….>>: Սա հրաշալի հնարավորություն է խոսքի զարգացմանը նպաստելու համար: Եթե հասկանում եք ինչ է ուզում, անվանեք առարկան մի քանի անգամ և տվեք, բայց ոչ թե ավտոմատ մի քանի անգամ բառը կրկնեք, այլ կառուցեք երկխոսություն և կիրառեք այդ բառը. օրինակ, ինչ ես ուզում, գնդա՞կ ես ուզում, գնդակը աթոռի մոտ ա, ահա վերցրու գնդակը: Մատիկով ցույց տալու և առարկան անվանելով տալու պրոցեսը երեխային սովորեցնում է, որ յուրաքանչյուր առարկա ունի իր անվանումը և երեխան սկսում է բառեր հասկանալ: Երբ պասիվ բառապաշարը հարստանում է, քիչ – քիչ այդ բառերը արտաբերում է (ակտիվ բառապաշար):
Երբ մի տասնյակից ավել բառ է ունենում, փորձում է կապել իրար, կարծես խոսում է բառակապակցություններով. օրինակ՝ մամա այի, ատո տու, ջու տու, գնդակ դիյ և այլն: Կան երեխաներ, որ միանգամից ավելի պարզ են արտաբերում բառերը: Հետո այդ բառակապակցությունները դառնում են փոքրիկ նախադասություններ, երբեմն մի քիչ թարս ու շիտակ, բայց շատ քաղցր ու անուշիկ:
Երբ երեխան հետաքրքրված է, ինչ որ առարկայի է նայում, մոտեցեք, եթե հնարավոր է մոտեցրեք առարկան, շոշափեք, մեկնաբանեք, խոսեք երեխային հասկանալի լեզվով, համեմատեք մեկ այլ առարկայի հետ: Առօրյայում ձեր կատարած գործողությունները մեկնաբանեք, բայց ոչ թե ուղղակի խոսելով, այլ փորձելով երեխային ցույց տալ, հայացքով կոնտակտ հաստատելով, ձայնի էմոցիոնալ ելևէջներով:
Երեխայի խոսքի զարգացումը ամեն ամիս ավելի պիտի զարգանա նախորդ ամսվա համեմատ, ավելի շատ բառերի հասկանա և արտաբերի:
Կարևոր է ինչ խոսքային միջավայրում է մեծանում երեխան: Փորձեք ապահովել այդ միջավայրը, երեխային հեռու պահելով թվային տեխնիկայից:
Նյութը գրել է լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը:

Leave a Reply