“Ինչպես երեխային պատրաստել դպրոց հաճախել”

Շատ  ուրախ իրադարձություն և իրարանցում է,  ինչպես ասում են, «առաջին անգամ առաջին դասարան» գնալը, ինչպես ծնողների, տատիկ-պապիկների, այնպես էլ վեց տարին բոլորած կամ չբոլորած փոքրիկների համար: Սակայն մեկ շաբաթ, առավելագույնը  տասը օր հետո տոնական, հուզական մթնոլորտն իր տեղը  զիջում է առօրյա հոգսերին ու ծանր աշխատանքին: Ինչպե՞ս ենք մեր երեխային պատրաստում դպրոցի, ի՞նչ պետք է երեխան կարողանա ինքնուրույն անել, ի՞նչ հմտություններ և գիտելիքներ են կարևոր դպրոց գնալու համար: Այս և նման  խնդիրներն են, որ ծառանում են ծնողի, երեխայի, ինչո՞ւ չէ, նաև ուսուցիչների և մանկավարժների առաջ:

Խորհրդային կրթությունը (գիտեմ, որ մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն խորհրդային կրթության նկատմամբ),  հանուն արդարության ասեմ, որ շատ-շատ դրական կողմեր և առավելություններ ուներ: Առաջին հերթին այն համակարգված էր, և նախակրթարանից դպրոց անցումը կատարվում էր կազմակերպված, այն տրամաբանական շարունակական փուլ էր, և երեխայի ու ծնողի համար խնդրահարույց չէր, հատկապես՝ մանկապարտեզ հաճախած երեխայի համար: Գիտելիքների, հմտություների և կարողությունների առումով դա մի շղթայի օղակ էր՝ բնական աճման փուլ ապահովող:

Կա մի միտում, որ վերջին տարիներին նկատում եմ մեր մայրիկների և ընդհանրապես ծնողների շրջանում, և որը ինձ շատ է անհանգստացնում, ուստի ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով: 

Մի տեսակ մոդայիկ է և անգամ մրցավազք է հիշեցնում 4-5 տարեկան երեխաների տարբեր քոլեջներ և զարգացման կենտրոններ հաճախելը: Երեխան տվյալ կենտրոնի, քոլեջի տնօրենի պատասխանատվության ներքո է: Տվյալ հաստատությունը իր ծրագրում կենտրոնական կամ միասնական ծրագրի տարր անգամ չի ներառում: Ես, քավ լիցի,  իրավունք չեմ վերապահում ինձ քննադատական խոսք ասել, բայց հաճախ գիտեմ, որ նման հաստատությունները նույնիսկ գործունեության լիցենզիա  (թույլտվություն) չունեն, չեն վերահսկվում և իրենց ծրագրերում շատ անկախ են: Ինչ-որ առումով դա գուցե լավ է և գովելի: Բայց ես ուզում եմ, որ ծնողը գիտակցի,  թե իրականում ինչ է պետք իր երեխային այդ տարիքում: 

Երբեմն երեխան 6 տարեկանում գալիս է դպրոց ընդունվելու, և ծնողը հպարտ հայտարարում է, թե իր երեխան 5 տարեկանից գրել-կարդալ գիտի: Ինչո՞ւ, հարգելի՛ ծնող, ուզում եմ հարցնել, ինչո՞ւ եք գողացել երեխայի մանկությունը, ինչո՞ւ չեք թողել, որ երեխան իր մանկական խաղը խաղա և զարգանա: Այդ տարիքի համար  հազար ու մի զարգացնող բաներ կան, քան  5 տարեկանում գրել-կարդալն է: Մեր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի «գիտակ» երեխաները, որ ժամանակից շուտ կիսատ-պռատ դպրոցական ծրագիրն են յուրացնում, դպրոցում սկսում են ձանձրանալ: Բայց հմուտ, բանիմաց մանկավարժը այդ կիսատ-պռատը պետք է լրացնի շատ կարևոր գիտելիքներով:  Իսկ այդ խեղճ երեխան, որ հասցրել էր արդեն ձանձրանալ, հիմա էլ չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել այնքան, որ զատի, թե  ինքն  ինչը գիտի, ինչը՝ ոչ, որպեսզի իր չիմացածը  կարողանա յուրացնել: Ստացվում է, որ երեխան աստիճանաբար սկսում է հետ գնալ, քանի որ բաց է թողնում կարևոր ինֆորմացիան, և իր ոչ գրաճանաչ ընկերներից աստիճանաբար սկսում է  հետ ընկնել:

Իսկ ի՞նչ սովորեցնել: Ի՞նչ է պահանջվում վեց տարեկան երեխայից, այսինքն՝ ինչ սովորել նախադպրոցական տարիքում: Փորձեմ ներկայացնել ամենակարևորները.

  1. պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի մանր մոտորիկան,
  2. պետք է զարգացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը և հասցնել այն մաքսիմալի՝ 15-20 րոպե (ըստ հնարավորության),
  3. զարգացնել երեխայի հիշողությունը,
  4. զարգացնել կրեատիվությունն ու երևակայությունը,
  5. զարգացնել տրամաբանությունը,
  6. զարգացնել իր միտքն ազատ անկաշկանդ արտահայտելու ունակությունը,
  7. սովորեցնել ինքնասպասարկման ամենատարրական էլեմենտները (հանվել, հագնվել, շորերը կոկիկ դնել, սեղանից օգտվել),
  8. սովորեցնել անձնական հիգիենայի կանոններին հետևել (լվացվել, ատամները լվանալ, ինքնուրույն օգտվել զուգարանից և այլն),
  9. սովորեցնել իր իրերը՝ գրքեր, տետրեր, գրիչներ կոկիկ օգտագործել, պահել և այլն:

Հար և  նման այլ հմտություններ ու կարողություններ են պետք, որ դպրոց եկած երեխաների գրեթե մեծ մասը չգիտի, և ուսուցիչը ստիպված իր վրա է վերցնում մանկապարտեզի դաստիարակի գործառույթը: Այստեղ թերի է մնում դասվարի աշխատանքը, որը ի վնաս մեր երեխայի է:  

Ուրեմն, սիրելի՛ ծնողներ, կոչ եմ անում գիտակցաբար մոտենալ այս շատ լուրջ խնդրին և հասկանալ, որ 5 տարեկան երեխան այս վերը թվարկածը գերազանց յուրացնելու կարիք ունի, իր մանկությունը և խաղը՝ լիարժեք վայելելու իրավունք: Մի վախեց՛եք, տառաճանաչ դառնալու համար դեռ ժամանակ ունի,  դրա համար կա դպրոց: Իսկ նախադպրոցական բոլոր հաստատություններին կոչ եմ անում ուշադրություն դարձնել, գուցե առաջին հայացքից չնչին թվացող, բայց իրականում այս լուրջ և կարևոր խնդրին, իսկ դուք, հարգելի՛ ծնողներ, ձեր երեխայի համար պահանջեք այսպիսի նախադպրոցական կրթություն:

Մկրտչյան Լաուրա
հիմնադիր-տնօրեն ArtSTEM college
հոգեբանական գիտությունների թեկնացու

Leave a Reply