Bullying/Բուլիինգ: Ինչպե՞ս վարվել….

Բուլիինգը կոլեկտիվի անդամներից մեկի նկատմամբ ագրեսիվ հետապնդումն է կոլեկտիվի մյուս անդամների, կամ նրանցից մեկի կողմից: Բուլիինգը հատկապես տարածված է դպրոցներում: Հաճախ հրահրողը հենց ուսուցիչն է: Այն կարող է լինել ինչպես ֆիզիկական ճնշման տեսքով, այնպես էլ հոգեբանական:

Բուլիինգի տեսակներից են՝ վերբալ կամ խոսքային բուլիինգը, կիբեր բուլիինգը, ֆիզիկական բուլիինգը, սոցիալական բուլիինգը (երբ ցուցաբերում են արտահայտված արհամարհանք):

Բուլիինգի կարող են ենթարկվել բոլորը, ովքեր փոքր ինչ տարբերվում են մեծամասնությունից: Տարբերությունները կարող են լինել ցանկացած տեսակի, անգամ ամենադրական տարբերությունների պարագայում, օրինակ, եթե երեխան դասարանում ամենախելացին է, ամենագեղեցիկը, ամենաապահովված ընտանիքից, ամենասիրելին ուսուցիչների կողմից, ինչպես նաև “օբյեկտիվ” տարբերությունների պարագայում՝ օտարազգի կամ օտարալեզու լինելը, բարձր կամ ցածր հասակը, ֆիզիկական ինչ-որ տարբերությունը: Կամ որոշակի բացասական տարբերությունների պարագայում, օրինակ, եթե երեխան չի հետևում անձնական հիգիենային, եթե չափազանց ագրեսիվ կամ էմոցիոնալ է, եթե երեխան առանց որևէ ֆիզիկական խնդրի պարզապես չափազանց թուլակազմ է, կամ դասերին միշտ ներկայանում է չափազանց վատ պատրաստված……..

❓Ինչպե՞ս կանխարգելել բուլիինգը

Նախ փորձել բացառել բացասական տարբերությունները:

✅ Սովորեցնել երեխային ճիշտ հետևել անձնական հիգիենային:

✅ Զբաղվել երեխայի մարզավիճակով, բակում խաղերի, կամ որևէ սպորտի հաճախելու միջոցով:

✅ Աշխատել, որ երեխան իր ունակությունների սահմաններում պատրաստված ներկայանա դասերին:

❎ Երեխային դպրոց չուղարկել չափազանց ճոխ ու ցուցադրական հագնված:
Դպրոցում բոլոր երեխաները հավասար են, ու այդպես էլ պիտի իրենց զգան, դպրոց հաճախում են սովորելու, ոչ հագուստներ ցուցադրելու համար: Դա կարող է նյարդայնացնել մնացած երեխաներին և ձեր երեխան դառնա բուլիինգի զոհ:

❎ Խուսափել երեխայի ներկայությամբ ընտանեկան վեճերից:
Նման մթնոլորտում մեծացող երեխան առավել ընկճված է լինում և ավելի հակված է դառնալ բուլիինգի զոհ կամ հակառակը, բուլիինգի ենթարկող՝ բուլեր:

✅ Ցույց տալ երեխային, որ նա սիրված է, ցույց տալ իր դրական կողմերը:
Ինքնավստահ երեխաներին ավելի բարդ է հունից հանել, ստիպել, որ լաց լինեն, մեկուսանան, ճնշվեն, իսկ բուլիինգի ենթարկողին հենց դա է դուր գալիս, երբ իր “զոհը” ճնշվում է:

✅ Սովորեցնել երեխային ծիծաղել սեփական սխալների վրա:
Եթե երեխան չի ընկճվում կատակներից, փոխարենը ինքն է սկսում ծիծաղել, նրան բուլիինգի ենթարկելը դառնում է անհետաքրքիր:

❓Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ենթարկվում է բուլիինգի:

❗️Երեխան դպրոցից վերադառնում է անտրամադիր, գնալով պակասում են ընկերները:
❗️Երեխան չի ցանկանում գնալ դպրոց, հաճախ ասում է, որ հիվանդ է կամ լավ չի զգում:
❗️Երեխան հաճախ տուն է գալիս կեղտոտված հագուստով, պայուսակով, քերծվածքներով:
❗️Երեխայի մոտից հաճախ իրեր են կորում, հնարավոր է դրանք իրենից խլում են:
❗️Երեխան չի ցանկանում սովորել կոնկրետ առարկա, կամ գնալ այդ դասին, հնարավոր է երեխան բուլիինգի է ենթարկվում ուսուցչի կողմից:
❗️Երեխան չի ուզում մասնակցել էքսկուրսիաների, դասարանցիների ծննդյան միջոցառումներին:
Այս բոլոր դեպքերում ծնողը պետք է առավել ուշադիր լինի:

❓Ինչպե՞ս վարվել, եթե երեխան ենթարկվում է բուլիինգի:

Եթե հնարավոր է վերացնել պատճառը, եթե դա դրական կամ օբյեկտիվ տարբերություն չէ.

✅ Հաճախ հրավիրել դասարանի երեխաներին տուն կամ այլ հետաքրքիր վայր, այդ թվում բուլիինգի ենթարկողներին: Ծնողը պիտի փորձի ընկերանալ այդ երեխաների հետ` նախապես իր երեխայի հետ համաձայնեցնելով դա, բացատրելով, որ դա անում է հենց երեխայի համար:
Ցույց տա մյուս երեխաներին իր երեխայի հետաքրքիր կողմերը, օրինակ, եթե երեխան լավ նկարում է, հրավիրի իրենց տուն միասին յուղաներկերով նկարելու…….

✅ Սովորեցնել երեխային արհամարհել:

❗️Եթե ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել և ծնողը բաց է թողել պահը, բուլիինգը կրում է շարունակական բնույթ ու երեխան իրեն ապահով չի զգում դպրոցում, անհրաժեշտ է ծնողի միջամտությունը: Բուլիինգը բանալ կոնֆլիկտ չէ, խոսքը պարբերաբար նվաստացումների ու անհավասար ուժերի պայմաններում ճնշումների մասին է, երեխայի ապահովության համար պատասխանատու է ծնողը ու նրա պարտավորությունն է նման դեպքում միջամտել ու լուծել հարցը: Ցանկալի է, որ ծնողը կարողանա դպրոցի միջոցով կապվել բուլիինգի ենթարկող երեխաների ծողների հետ, դպրոցում հանդիպում կազմակերպվի և հարցը քննարկվի, եթե այդ ամենի վերջում երեխան որոշի, որ պետք է դպրոցը փոխել, ծնողը պետք է փոխի դպրոցը, որովհետև բուլիինգը կոնֆլիկտ կամ դժվարություն չէ, որը երեխան պիտի հաղթահարի կոփվելու, ավելի ուժեղ դառնալու համար, պարբերաբար հոգեբանական կամ ֆիզիկական բռնությունների դեմ, այն էլ “մասսայի” կողմից անգամ շատ մեծահասակներ չեն կարող դիմակայել, դա երեխայից պահանջելը կարող է կործանարար լինել երեխայի համար:
Ձեր սխալ միջամտությունից հետո դասընկերները կարող են ընտրել բուլիինգի տեսակներից արհամարհանքը, պայմանավորված կերպով արհամարհեն ձեր երեխային, այս դեպքում ամեն ինչ ավելի բարդանում է, քանի որ ստիպել երեխաներին շփվել ձեր երեխայի հետ չեք կարող…

❓Ինչպե՞ս վարվել, եթե բուլիինգի ենթարկողը՝ բուլերը Ձեր երեխան է:

Բուլիինգի ենթարկող երեխաների ճնշող մեծամասնությունն ունի ինքնահաստատման, ինքնաարտահայտման խնդիր:

✅ Նախ երեխային պետք է բացատրել, որ թույլի հաշվին ինքնահաստատվելը ուժի նշան չէ:

✅ Համոզվել, որ երեխան դադարեցրել է բուլիինգը:

✅ Ապահովել երեխայի համար հանգիստ ու ապահով միջավայր, տալ հնարավորություն ինքնաարտահայտվելու, կուտակված էներգիան ու պոտենցյալը սպառելու համար:
Թող երեխան հաճախի սպորտի, հավելյալ պարապմունքների, իր պոտենցիալի սահմաններում ինքնադրսևորվի:

✅ Ընտանիքում ապահովել առողջ մթնոլորտ:

✅ Լինել հետևողական:

Մեծամասնությունից անգամ չնչին տարբերվող երեխաներից շատերը կյանքի ինչ-որ փուլում ենթարկվում են բուլիինգի: Կկրի դա շարունակական բնույթ, թե ոչ, մեծ մասամբ կախված է երեխայի արձագանքից: Որքան ավելի բուռն ու անհավասարակշիռ լինի երեխայի արձագանքը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ բուլիինգի ենթարկողը կշարունակի իր գործողությունները: Հետևաբար բուլիինգի կանխարգելման համար լավագույն միջոցը առողջ մթնոլորտում ուժեղ կամքով, ինքնավստահ, հավասարակշռված ու պինդ հոգեբանությամբ երեխա դաստիարակելն է:

Հեղինակ՝ Զարուհի Սեդրակյան

Leave a Reply