Ծովափնյա հանգիստը փոքրիկի հետ

Ողջույն սիրելի մայրիկներ և հայրիկներ

Մեր Facebook-յան խմբում շատ-շատ է խոսվել փոքրիկի հետ հանգստի գնալու մասին, այդ պատճառով էլ որոշեցի պատմել մեր հանգստի մասին: Նախ ասեմ, երբ մեկնեցինք հանգստանալու տղաս դեռ տասը ամսական էր: Ես մինչև մեկնելը խորհրդակցեցի տղայիս բժշկի հետ, մի քանի դեղեր ասեց, որ հետս վերցնեմ, մասնավորապես` ջերմիջեցնող, ցավազրկող` Nurofen, փորիկի համար` Linex Forte, և ամեն դեպքում խորհուրդ տվեց անտիբիոտիկ վերցնել, եթե երեխայի ջերմությունը մի քանի օր շարունակ չիջնի: Նաև վերցրել էի հետս արևապաշտպան` մանկական Nivea, ու շատ գոհ եմ:

Դե սկսեմ հենց առաջին օրվանից: Ինքնաթիռի մեջ քնեց, արթնացավ, սկսեց խաղալ, ընդհանուր առմամբ շատ լավ էր իրեն զգում, բայց իջնելու պահին ականջների ցավը սկսեց,  այդ պահին շատ ճիշտ է սոսկա տալը, երբ երեխան սոսկա է ուտում, դա հանսգտացնում է և թույլ չի տալիս, որ ականջները փակվեն: Առաջին օրը հենց որ ջուրը տեսավ, շատ ուրախացավ ու առանց լաց լինելու ու վախենալու մտավ ջուրը: Բայց, քանի որ առաջին օրն էր, շատ երկար չթողեցի ջրում, երկրորդ օրը ավելի երկար ժամանակով մտավ, երրորդ օրվանից արդեն պառկում էր արևի տակ, ավազներով խաղում ու մինչև վերջին օրն էլ փոքրիկս վայելել է ծովը և ոչ մի խնդիր չի առաջացել:

Բայց գալու նախորդ օրը աչքի մեջ կարմրություն զգացի, եկանք Հայաստան, սկսեց քորել, մյուս աչքն էլ կարմրեց, սկսեց ճպռոտել: Մանկաբույժն ասաց, որ տարածված վարակ է , շատ երեխաներ են լողավազաններում լողալուց հետո նման խնդիր ունենում: Tobrex աչքի կաթիլներ նշանակեց, արդեն երկու օր է կաթեցնում է, ու գնալով լավանում է: Մի խոսքով կարող եք չվարանել և ձեր փոքրիկի հետ մեկնել հանգստանալու, միայն թե գիշերային զբոսանքների մասին խորհուրդ կտամ մոռանալ, քանի որ ստիպված պետք է մնաք երեխայի կողքին, կամ կարող եք դայակ վարձել, որը կհետևի ձեր փոքրիկին:

Հուսով եմ ինչ-որ բանով կարողացա օգտակար լինել: Հարցեր լինելու դեպքում սիրով պատրաստ եմ պատասխանել: