Այսօր` հունիսի 28-ին, “Հայ ծնողների ակումբ”-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին 🙂 Միջոցառումն իրականացնելու համար իր աջակցությունը ցուցաբերեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը սիրով տրամադրեց գեղեցիկ ու հագեցած լաբորատորիաներ և հիանալի ուսուցիչներ, ովքեր
անմիջական միջավայրում սիրով և ոգևորությամբ երեխաներին ծանոթացրեցին ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներին:
Ֆիզիկայի ժամին երեխաները թեմատիկ ուսուցողական տեսանյութեր դիտեցին, փորձեր կատարեցին, խոսեցին երկրի ձգողականության, օդի, ջրի, ճնշման և այլ հետաքրքիր երևույթների մասին: Տեսան ֆիզիկայի կարևոր ուսումնասիրության համար օգտագործվող պարզ սարքեր:
Քիմիայի ժամին երեխաները տեսան, թե ինչպես են արհեստական արյուն պատրաստում քիմիական նյութերից, օրինակ ֆիլմերի համար 🙂 , ինչպես են հատուկ նյութերով մշակում հագուստը, որպեսզի այն չայրվի կրակից, ինչպես է ստացվում ժանգը և էլի շատ ու շատ հետաքրքիր բաներ 🙂
Մինչ երեխաները դպրոցի շենքում գիտական լուրջ հարցերով էին զբաղված, ծնողները բակում ծանոթանում էին միմյանց հետ ու քննարկում ոչ պակաս կարևոր հարցեր 🙂
Վերջում երեխաները “Հայ ծնողների ակումբ”-ի կողմից “Ես սիրում եմ գիտությունը” գրությամբ փոքրիկ հուշանվեր ստացան: Կարծում ենք այսօրվա միջոցառումը երեխաների մեջ գիտության նկատմամբ հետաքրքրությունը միայն ավելացրեց, ինչն էլ, հուսով ենք, կօգնի, որ դպրոցում այս առարկաներն ավելի սիրով սովորեն 🙂
Ակումբն իր շնորհակալությունն է հայտնում ֆիզմաթ դպրոցի տնօրեն պրն. Նավասարդյանին աջակցելու և դպրոցի հնարավորությունները տրամադրելու համար, ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներին` Յ. Սիմոնյանին, Բ. Կուրղինյանին և Կ. Հովականյանին երեխաներին վառ տպավորություններ պարգևելու և գիտության նկատմամբ սեր սերմանելու, ինչպես նաև ռազմագիտության ուսուցիչ Գ. Լալայանին կազմակերպչական հարցերում մեծ օգնություն ցուցաբերելու համար 🙂
* “Հայ ծնողների ակումբ”-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ:
* Նորություններին կարող եք հետևել ակումբի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/ArmParents
Միջոցառման բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ 🙂
🙂