Հարմարվում ենք մանկապարտեզին կամ ադապտացիա

Մանկապարտեզի ընտրության գործը գլուխ բերելուց հետո ամենամեծ մոլորությունն է կարծելը, թե դժվարն արել ենք արդեն, առավոտյան երեխային կտանենք մանկապարտեզ ու վերջ, կարող ենք հանգիստ զբաղվել մեր գործերով, քանի երեխան մանկապարտեզում է։ Արի ու տես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Առջևում է ոմանց համար ցավագին, ոմանց համար՝ ոչ այնքան, մանկապարտեզին հարմարվելու փուլը։ Այդ փուլի տևողությունը յուրաքանչյուր երեխայի համար տարբեր է, ամեն ինչ շատ անհատական է․ կարող է ձգվել մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս։ Հազվադեպ, բայց նաև այնպես է պատահում, որ պարզվում է՝ երեխան իր կյանքի տվյալ էտապում ոչ էլ պատրաստ է ադապտացիոն փուլին, այդ դեպքում պետք է որոշակի դադար տալ և մի քանի ամիս հետո ամեն ինչ վերսկսել զրոյից։

Խորհրդային տարիներից եկած մանկավարժական մոտեցումը մեկն է՝ երեխան կլացի, հետո կհարմարվի ու կդադարի լացել, ծնողն անելիք չունի մանկապարտեզում, ուղղակի 1-2 շաբաթ թող կես օր մնա բալիկը մանկապարտեզում, այդքանը լիովին բավարար է հարմարվելու համար։ Բայց իրականում այս մեթոդի կիրառումը կարող է ապագայում երեխայի համար լրջագույն կոմպլեքսների, հոգեբանական խնդիրների, զանազան վախերի հիմք դառնալ։ Խորհրդային տարիներին շատ կարևորվում էր երեխային փոքր, նույնիսկ անգիտակից տարիքից արդեն ռեժիմին սովորեցնելը։ Երեխան ծնված օրից պիտի դառնար կոլեկտիվի, կոլխոզի մի մասնիկը, և բացարձակապես խրախուսելի չէր ընդհանուր մասսայից առանձնանալը։ Դեռ ծննդատանը լացող երեխային չէին վազացնում մայրիկի մոտ, որ գրկի ու գուրգուրի, կերակրի, հանգստացնի։ Երեխան պետք է լացեր այնքան, մինչև կլրանար 3 ժամը, և բալիկին նոր կտանեին մայրիկի մոտ՝ ուտելու, բայց ֆիքսված ժամանակով։ Հիմա արդեն անհավատալի է, նույնիսկ ծիծաղելի, որ այս ռեժիմով են աշխատել ծննդատները խորհրդային շրջանում, բայց դա իրողություն է։ Աբսուրդ է, չէ՞, առանց խիստ անհրաժեշտության նորածնին մորից հեռու պահելն ու սպասելը, մինչև կլրանա 3 ժամը։ Այ ճիշտ նույն ձևի աբսուրդ է 2-3 տարեկան երեխային թողնելը, որ լացի այնքան, մինչև կհարմարվի։ Մանկապարտեզը երեխայի համար դեռևս չբացահայտված մի աշխարհ է։ Ինքը մինչ մանկապարտեզ մուտք գործելը միայն ընտանիքի անդամների, հարազատների հետ է սերտ շփում ունեցել։ Այո, հաճախ հյուր եք գնացել, այո, համարյա ամեն օր զբոսանքի եք դուրս եկել միասին, այո, խաղահրապարակում այլ բալիկների հետ շփվել է, բայց այդ ամենը միշտ եղել է մայրիկի աչալուրջ վերահսկողության ներքո, ինքը միշտ իմացել է, որ ցանկացած պահի մայրիկը կօգնի իրեն, կգրկի, կսիրի, կգուրգուրի։ Նույնիսկ եթե մի քանի ժամ էլ մնացել է առանց մայրիկի, այնպիսի մարդիկ են եղել կողքին, ովքեր հարազատ են իրեն։ Հիմա պատկերացրեք, որ ձեզ տանում են բոլորովին անծանոթ և ձեր կողմից չբացահայտված մի միջավայր, ենթադրենք՝ աֆրիկյան որևէ ցեղատեսակի ներկայացուցիչների մոտ, վերադառնալու մասին ինչ-որ բաներ ասում և հեռանում։ Առավել դաժանները ոչինչ էլ չեն ասում վերադառնալու մասին, ուղղակի ընտրում են մի պահ, երբ դուք բաց բերանով շուրջբոլորն եք ուսումնասիրում, ու անհետանում ձեր տեսադաշտից։ Կամ էլ ձեր լացի ելևէջների ներքո ցուցադրաբար լքում են տարածքը, իսկ աֆրիկյան ցեղի առաջնորդն ասում է՝ դու գնա, գնա, կլացի, կհանգստա։ Իսկ դուք գիտեք, որ հեչ էլ հանգստանալու միտք չունեք։ Եվ ահա, մնում եք այդ մարդկանց կողքին ու բացարձակապես չգիտեք ինչ սպասել իրենցից, չգիտեք, թե ինչպես կվերաբերվեն ձեզ, ձեր այս կամ այն քայլին, արարքին, չգիտեք՝ սխալ արարքի համար կաթսայում կեփեն ու կուտե՞ն ձեզ, թե՞ գլուխը կշոյեն։ Նույնիսկ նրանց ուտելիքը ձեզ համար օտար է, նրանց խոսքից մի քանի բառ եք ընդամենը հասկանում, չնայած որ ձեզ ծանոթ լեզվով են խոսում։ Ձեր կարծիքով, 100-ից քանի՞սն իրենց ինչպես ձուկը ջրում կզգան այսպիսի հանգամանքներում։ Հա, չմոռանանք, որ դուք հասուն, չափահաս մարդիկ եք։ Բայց կվախենաք, չէ՞, կլարվեք, չէ՞, միգուցե և անելանելիությունից լացեք, չէ՞, հաստատ ոմանց մոտ սթրեսից առողջական խնդիրներ էլ կսկսվեն, չէ՞։ Ճիշտ նույն ձևի է իրեն զգում օտար միջավայրում հայտնված երեխան։ 2-3 տարեկանի համար մանկապարտեզը բոլորովին անհայտ մի տեղ է, որտեղ ինքը ոչ ոքի չի ճանաչում, որտեղ ամեն ինչն իր համար օտար է։ 2 տարեկանում երեխաների մեծ մասը նույնիսկ վարժ խոսել չի կարողանումում, որ արտահայտի իր անհանգստությունները։ Շատերի համար նույնիսկ արագ ասված խոսքը դեռ ընկալելի չէ։ Ճիշտ նույն զգացողություններն են ունենում, ինչ դուք աֆրիկյան միջավայրում։ Եվ ահա, մայրիկը՝ այն մարդը, ում ինքն ամենաշատն էր վստահում այս կյանքում, պատրաստվում է իրեն թողնել այդ միջավայրում և հեռանալ։ Շատ երեխաների մոտ սա կարող է այնպիսի նստվածք թողնել ենթագիտակցականի վրա, որ հետագայում կորցնի վստահությունը ծնողի հանդեպ, այդ քայլը կարող է որպես դավաճանություն ընկալվել․․․ Մյուս երեխայի մեջ կարող է տագնապ մտնել՝ բա որ մայրիկը չգա՞, միգուցե ինքն էլ չի՞ ուզում իմ մայրիկը լինել․․․ Ճիշտ է, դուք կգնաք նրա հետևից, թվում է, թե այդ քայլով պիտի որ փարատեք նրա բոլոր վախերը։ Դե հիմա պատկերացրեք, որ ձեզ աֆրիկյան ցեղերի մոտ տանող ձեր հարազատը եկավ ձեր հետևից, ասաց՝ տուն ենք գնում, վերջ։ Ուրախությամբ կհետևեք իրեն, իսկ հաջորդ առավոտյան կարթնանաք, ու նա ձեզ նորից կուղեկցի նույն աֆրիկյան ցեղի մոտ։ Ու չնայած երեկ դուք նրանց հետ մի քանի ժամ եք անցկացրել, բայց նրանք մի օրում հարազատ չեն դարձել ձեզ համար, երեկվա վախերն ու մտքերը շատ արագ վերադառնում են, նոր թափ առնում, միանում է վառ երևակայությունը, և կեցցե տագնապը։ Ի վերջո մի օր աֆրիկյան ցեղին էլ կհարմարվեք, վստահ եմ, բայց դե ի՞նչ գնով․․․

 

Ուրեմն ի՞նչ անել, որ ձեր երեխային այս ապրումների միջով չստիպեք անցնել։ Եթե ձեր ավագ բալիկը պետք է գնա մանկապարտեզ, մինչ այդ նա չունի մանկապարտեզային պայմաններին ծանոթության փորձ, ցանկալի է տալ իրեն այդ հնարավորությունը, բայց դուք դա պետք է անեք միասին։ Ընտրեք որևէ զարգացման կենտրոն, շաբաթական 2-3 օր մի երկու ժամով գնացեք, միասին ժամանակ անցկացրեք այնտեղ։ Ընտրության գործում շատ լավ օգնական ունեք՝ www.armparents.com կայքը, ինչպես նաև ֆեյսբուքյան խմբեր, որտեղ կարող եք խնդրել ծնողներին կիսվել այս կամ այն կենտրոնում իրենց ունեցած անձնական փորձով։ Սկզբից թող զարգացման կենտրոնում ձեզ հետ խաղա բալիկը։ Երբ այնքան հարազատ կդառնա միջավայրը, որ ցանկություն կառաջանա այլ բալիկների հետ խաղալու, դուք կարող եք ավելի պասիվ դիրք ընդունել, ընդամենը կողքից հետևել իր խաղին, խառնվեք միայն այն ժամանակ, երբ երեխան կխնդրի ձեզ այդ մասին։ Հետո կարող եք փորձեք միջանցք տեղափոխվել, էնտեղ մի հետաքրքիր գրքի ընթերցանության ընկերակցությամբ սպասել ձեր բալիկին։ Բայց եթե ինքը հանկարծ նկատի, որ իր տեսադաշտում չեք, նույն րոպեին դուք կմտնեք մոտը և կասեք, որ մոտակայքում եք, տեղ չեք գնացել, կարող է հանգիստ շարունակել իր խաղը։ Միշտ եղեք հասանելի։ Եթե նույնիսկ պատրաստվում եք զարգացման կենտրոնից մի կես ժամով բացակայել, քաղաքի մյուս ծայրը չհասնեք, եղեք այնպիսի խելամիտ հեռավորության վրա, որ անհրաժեշտության դեպքում 5-10 րոպեում կարողանաք հասնել ձեր երեխայի մոտ։ Ի դեպ, այս փորձը կարող եք կրկնել նաև այլ զարգացման կենտրոններում, ինչքան շատ այսպիսի տեղեր այցելեք, այնքան հեշտ կլինի երեխային նոր միջավայրին ադապտացվելը։ Ցանկալի է այս փուլն անցնելուց հետո նոր մուտք գործել մանկապարտեզ։ Ամեն դեպքում, եթե այս փուլը բաց եք թողել, ուրեմն այն պետք է նույնությամբ անցնեք մանկապարտեզում։ Միջինում դա 3-4 շաբաթ է տևում, մինչև 1 ամիսը միանգամայն նորմալ է, ավելի ձգձգվելու դեպքում արժի մի լավ մտածել՝ միգուցե ձեր բալիկը դեռ պատրաստ չէ, ու արժի դադար վերցնել․․․ Նույնիսկ եթե զարգացման կենտրոնների փուլը բարեհաջող հաղթահարել եք, առաջին օրը երբեք երեխային մի թողեք մանկապարտեզում ու մի հեռացեք։ Ասեք նրան, որ մանկապարտեզի միջանցքում կամ բակում իրեն եք սպասելու, առաջին շաբաթը փորձեք մոտ լինել իրեն։

Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բալիկի հետ սովորաբար ավելի հեշտ է լինում։ Եթե ավագ քույրը կամ եղբայրն արդեն գնում են մանկապարտեզ, ամեն անգամ որ տանում եք նրան կամ տուն բերում, աշխատեք այդ գործընթացի մեջ ներառել նաև փոքրին։ Ամեն անգամ մանկապարտեզ դուրսուներս անելով, դայակ-դաստիարակների հետ շփվելով՝ շուտով ինքն է խնդրելու, որ իրեն էլ տանեք մանկապարտեզ։ Բայց նույնիսկ այս դեպքում թողնել ու հեռանալ չկա։ Գալու է մի պահ, երբ փոքրիկը հասկանալու է, որ երբ ուզի, չի կարողանալու դուրս գալ տարածքից, չի կարողանալու սիրտն ուզած պահին մայրիկին գրկել ու շատ նեղվելու է դրանից։ Ցանկալի է, որ այդ փուլը սկսվելուն պես դուք հասնեք արագ մանկապարտեզ և ամուր գրկեք իրեն։

Ադապտացիոն փուլը համարվում է ավարտված, երբ երեխան մանկապարտեզում զգում է իրեն ինչպես տանը՝ բոլորի հետ նորմալ շփվում է, խաղում է, ուտում է, կարիքները սովորականի պես հոգում է։ Շատերին թվում է, որ եթե երեխան մնում է մանկապարտեզում ու չի լացում մայրիկի հետևից, միայն դա բավական է, որ ադապտացվի։ Ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ փոքրիկը երկար ժամանակ հրաժարվում է նորմալ ուտել, շփվել ընկերների հետ։ Կամ նույնիսկ այդ ամենն անում է, բայց գիշերները տագնապային լացով արթանանում է քնած տեղից։ Դա լուրջ խնդրի մասին է խոսում, որովհետև եթե երեխան իրեն վատ է զգում, բայց ոչ մի ձևով չի արտահայտվում, նշանակում է, որ ամբողջ նեգատիվն ինքն իր ներսում է կուտակում և պարփակվում։

Հիմա կասեք՝ բայց մեր մանկապարտեզում թույլ չեն տալիս, որ բալիկի հետ խումբ մտնենք։ Այո, ճիշտ եք, շատ մանկապարտեզներում (պետականների մեծ մասում, նույնիսկ որոշ մասնավորներում) չի թույլատրվում, ամենից տարածված բացատրությունն էլ հետևյալն է․ <<Եթե դուք մտնեք խումբ, մյուս երեխաներն էլ իրենց մայրիկներին կուզեն ու կլացեն>>։ Բայց հավատացնում եմ ձեզ, նորմալ ադապտացիոն փուլ անցած և մանկապարտեզին սահուն հարմարված ոչ մի երեխայի մտքով անգամ չի անցնի ինչ-որ մեկի մայրիկին տեսնելիս լաց լինել։ Ինքը դա կանի միայն այն դեպքում, եթե մանկապարտեզում իրեն հետաքրքիր չէ, և ինքը չի ուզում այդտեղ գտնվել։ Մնացած դեպքերում մյուս բալիկներին նույնիսկ հետաքրքիր կլինի ձեզ խմբում տեսնելը, ոմանց մոտ կարող է ցանկություն առաջանալ ձեզ իրենց խաղի մեջ ներառել կամ ուղղակի նստել ձեր կողքին և մի քիչ զրուցել։ Այնպես որ, համառություն դրսևորեք այս հարցում և պահանջեք, որ թույլ տան ձեր երեխան հնարավորինս սահուն հարմարվի մանկապարտեզին, որպեսզի այդ շրջանը որպես սև անցք չդաջվի իր հիշողության և ենթագիտակցության մեջ՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով։

 

Հեղինակ` Աննա Ջավա

Օգտակար հղումներ`

Մանկական կենտրոններ
Մանկապարտեզներ

Leave a Reply